Մեդիա

«Աշխարհացուց» կրթական ծրագրի հավաստագրված ուսուցիչների համայնքը համալրվեց 91-ով
Uncategorized

«Աշխարհացուց» կրթական ծրագրի հավաստագրված ուսուցիչների համայնքը համալրվեց 91-ով

Հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվեց «Աշխարհացույց»-ի Եռամսյա վերապատրաստումների ծրագրի 4-րդ շրջափուլը, որին ՀՀ բոլոր մարզերից մասնակցած 250-ից ավելի ուսուցիչներից 91-ին շնորհվեց վաստակած հավաստագիրը։

«Սովորի՛ր, կիրառի՛ր, կիսվի՛ր» կարգախոսին հավատարիմ և իրենց ձևաչափով եզակի Եռամսյա վերապատրաստումները մեր ուսուցիչներին այս անգամ էլ հնարավորություն տվեցին ոչ միայն սովորել «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի գործիքակազմը, դասի պլանավորման նոր մեթոդներ ու հնարներ, այլև կիրառել գիտելիքը և նոր փորձառությամբ կիսվել դասընթացին մասնակից երկու հարյուր հիսունից ավելի գործընկերների հետ։ 

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց՝ հիմնադրամի գործունեության երեք ռազմավարական ուղղություններից մեկը ուսուցիչների հզորացումն է, քանի որ ուսուցչի ազդեցությունը պետության առաջընթացի յուրաքանչյուր ոլորտում է․ կարևոր է նորարար կրթական միջավայրը հասանելի ու կիրառելի դարձնել յուրաքանչյուր ուսուցչի համար՝ անկախ նրա գտնվելու վայրից ու մեկնարկային հնարավորություններից։

«Մենք հավատում ենք կրթության միջոցով պետության ճակատագիրը որոշելու գաղափարախոսությանը, իսկ դրա կյանքի կոչման առաջնագծում ուսուցիչներդ եք։ Սա մեր թիմի համար հստակ տեսանելի բանաձև է։ Ձեր հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Ես ուսուցչի ինստիտուտի կայացման և զարգացման մեջ եմ տեսնում մեր երկրի վերափոխումն ու այնպիսի Հայաստանի ձևավորումը, որն անշեղորեն կբռնի հաղթանակի ճանապարհը»,-նշեց հիմնադրամի տնօրենը՝ հավելելով, որ տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում առկա են լավագույն կրթական համակարգ ունենալու բոլոր պայմանները։ 

Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցի տնօրեն Նինա Ղուլոյանը հաստատեց՝ հաղթանակի հիմքում հզոր կրթական միջավայրի ձևավորումն է։ «Այն պետությունները, որոնք ունեն ուժեղ կրթական համակարգ, բանակի կարիք չունեն, որովհետև արդեն հաղթել են աշխարհին։ Մենք ունենք ամենամեծ ռեսուրսը՝ մեր երեխաները խելացի են։ Այո, այդ ռեսուրսը վատ պայմաններում է, և դրա մշակումն ու ադամանդ դարձնելը շատ դժվար է, բայց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի նման կազմակերպությունները հենց այն «հանքափորներն» են, որոնք չեն վախենում ո՛չ այդ ժայռի փլվելուց, ո՛չ մութ միջավայրից, և պատրաստ են աշխատելու, գտնելու, մշակելու և աշխարհին ցույց տալու այդ ռեսուրսը»,-ասաց նա։

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը նշեց՝ Եռամսյա վերապատրաստումների 4-րդ շրջափուլի ընթացքում 23 հանդիպում է անցկացվել․ «Ուսուցիչների ցուցաբերած ակտիվությունն այնքան մեծ էր, որ մի քանի հանդիպում ավելացրինք։ Հավաստագիր ստացան այն ուսուցիչները, որոնք ոչ միայն սովորում և կիրառում են, այլև հանդես են գալիս որպես բանախոս»,-նշեց նա՝ ընդգծելով նաև, որ Եռամսյա վերապատրաստումների մեթոդաբանական առանցքը հանրակրթական ոլորտում ներդրված պետական չափորոշիչներն են։

Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աբրահամ Ավագյանն էլ ընդգծեց՝ Եռամսյա վերապատրաստումների ծրագիրը հնարավորություն է տվել որակյալ կրթության շնորհիվ լինել 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ ուսուցիչ։ «Հիմա առավել, քան երբևէ կարևոր է ունենալ գիտակ, հայրենաճանաչ և հայրենատեր սերունդ, որի ձևավորման համար ամենապատասխանատու անձինք մենք՝ ուսուցիչներս ենք։ Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու կուտակած փորձը օգնելու են բոլորիս լինել ավելի պատրաստված ու ունենալ ավելի հագեցած դասեր»։

Արարատի մարզի Հովտաշենի Վարդան Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Օլիկ Թոսունյանն էլ նշեց՝  «Աշխարհացույցը» փոխել է իր մասնագիտական գործունեությունը։ «Եռամսյա դասընթացը ինձ հնարավորություն տվեց կիրառել արդի տեխնոլոգիաները՝ ապահովելով տարբերակված ուսուցում, բայց ամենակարևոր կետը, որն ուզում եմ ընդգծել, «Աշխարհացույց»-ի թիմն է։ Նրանք ոչ միայն լսում են ուսուցչի և սովորողի խնդիրների մասին, այլև լուծումներ առաջարկում»,-ասաց ուսուցչուհին:

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալ ենք հիմնադրամի և մեր թիմի արժեքների հանդեպ ձեր վստահության ու ներգրավման համար։ Միասին մենք կարո՛ղ ենք ստեղծել ժամանակի պահանջներին համապատասխան նորարար հանրակրթական միջավայր։ 

Ի գործ։