Աշխարհացույցով՝ պատկերավոր ու արդյունավետ. սփյուռքահայ ուսուցիչները ծանոթացան հարթակին
Uncategorized

Աշխարհացույցով՝ պատկերավոր ու արդյունավետ. սփյուռքահայ ուսուցիչները ծանոթացան հարթակին

Օրերս հայկական սփյուռքի շուրջ երկու տասնյակ ուսուցիչներ մասնակցեցին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կողմից հատուկ սփյուռքի ուսուցիչների համար նախատեսված «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման արդեն ավանդույթ դարձող դասընթացին։

ԿԳՄՍ նախարարության կողմից 9-րդ տարին անընդմեջ կազմակերպված դասընթացին ներկա էին ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Բելգիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից։ Ուսուցիչների հիմնական դասավանդման առարկաներն էին մայրենին, տառաճանաչությունը, հայոց եկեղեցու պատմությունը, հայրենագիտությունը։

Հիմնադրամի ներկայացուցիչներ Հայկանուշ Ղևոնդյանը և Մարիամ Խաչատրյանը մանրամասն ներկայացրին հարթակի կառուցվածքը, գործիքակազմը և դասապրոցեսում դրա կիրառման հնարավորությունները։ Նրանք առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին ինտերակտիվ քարտեզների օգտագործմանն ու խաղային մեթոդների միջոցով սովորող երեխաների ներգրավվածության բարձրացմանը։ Քննարկվեցին նաև տնային առաջադրանքների տրման, գնահատման և գիտելիքի ամրապնդման նոր մոտեցումները։

Հանդիպման ընթացքում ուսուցիչներին ներկայացվեց նաև «Աշխարհացույցը ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկը, որի որոշ մեթոդներ տեղում կիրառվեցին՝ իրական իրավիճակներում դրանց գործնական արդյունավետությունը ցուցադրելու նպատակով։

Հանդիպման ողջ ընթացքում նկատելի էր ուսուցիչների անկեղծ հիացմունքն ու զարմանքը «Աշխարհացույց» կրթական հարթակի լայն հնարավորություններին ծանոթանալիս։

Ուրախացնող էր նաև այն, որ կային ուսուցիչներ, ովքեր արդեն ծանոթ էին և կիրառում էին «Աշխարհացույցը» սփյուռքի դպրոցներում։

«Մեր դպրոցում 3-րդ դասարանից սկսած կիրառում ենք Աշխարհացույցը՝ հիմնականում ընդհանուր հայրենագիտության, Հայոց պատմության և աշխարհագրության ժամանակ։ Ուսումնասիրում ենք Հայաստանի դիրքը և հարակից տարածքները տեսնելու համար։ Դիտարկում ենք հայ ժողովրդի ձևավորումը, թե ինչպես Հայկը տեղափոխվեց, որտեղից՝ որտեղ»,-նշեց Լիոն քաղաքի «Մարգարեան-Փափազեան» վարժարանի մի շարք առարկաներ՝ պատմություն, աշխարհագրություն, երկրագիտություն, հայրենագիտություն, հայոց լեզու (արևմտահայերեն) և շախմատ դասավանդող ուսուցիչ Բագրատ Գինոսյանը։

Պարոն Գինոսյանը նկատեց նաև, որ կան բազմաթիվ տարբերակներ տարածությունը փոխելու համար, որը օգնում է երեխաներին ավելի պատկերավոր տեսնել, իսկ 5-րդ դասարանում՝ 2-րդ կիսամյակից, աշխարհագրության համար օգտագործում են ավելի շատ Հայաստանի Հանրապետության լեռները, ջրերը, գետերը, մարզերը, վարչատարածքային բաժանումները տեսնելու համար։

«Հարթակն իսկապես փրկություն է մեզ համար, մինչ այդ օգտագործել ենք սովորական քարտեզներ, որը երեխաներին շատ լավ տեսանելի չէին, ստիպված էին շատ մոտ նստել տեսնելու և հասկանալու համար, իսկ Աշխարհացույցի կիրառմամբ էլեկտրոնային քարտեզով կարողանում են մեծացնել և փոքրացնել տարածքը․ շատ պատկերավոր է և շատ օգտակար», — հավելեց պարոն Գինոսյանը։

Հարց ու պատասխանի ժամանակ ուսուցիչները ցանկություն հայտնեցին գրանցվել հարթակում, որպեսզի իրենց դասերը սկսեն կազմակերպել «Աշխարհացույց» հարթակի օգնությամբ։ Հանդիպումն ավարտվեց խմբային լուսանկարով՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։