«Աշխարհացույցը» Հայոց ցեղասպանության ուսուցման թեմատիկայով ամառային դպրոցում

Հուլիսի 23-ին Վիզուալի թիմը հնարավորություն ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ներկայացնել «Աշխարհացույց» կրթական հարթակում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման հնարավորությունները պատմություն դասավանդող ուսուցիչների համար։
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոցում Աշխարհացույց կրթական ծրագրի փորձագետ, ՀՊՉ ինտեգրման պատասխանատու Հայկանուշ Ղևոնդյանը խոսեց «Աշխարհացույց» հարթակով դասապրոցեսի կազմակերպման արդյունավետության մասին, ներկայացրեց հարթակի նոր հնարավորություններն ու գործիքակազմը։
Ամառային դպրոցին մասնակցում էր շուրջ երեք տասնյակ ուսուցիչ։
Կարևոր ենք համարում նշել, որ մասնակից ուսուցիչներից շատերը քաջատեղյակ էին «Աշխարհացույց» կրթական հարթակին ու շատ հետաքրքրված էին, թե ինչպես բարձրացնեն ՀՑՊ (Հայոց ցեղասպանության դասավանդում) դասավանդման արդյունավետությունը։
Բանախոսն անդրադարձավ հարթակի միջոցով «Խոսող քարտեզ» մեթոդի կիրառմանը․ այն կրթական ինտերակտիվ մոտեցում է, որի միջոցով սովորողները ոչ միայն դիտում են քարտեզը, այլ նաև «լսում» դրա պատմությունները՝ հետազոտելով հարթակի քարտեզներն ու ակադեմիական նյութերը։ Անդրադարձ եղավ նաև միջառարկայական կապերին՝ ինչպե՞ս են գրականությունն ու արվեստը դառնում հիշողության պահապան և պատմական վկայություն ցեղասպանության իրողության մասին։ Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի անցած ուղու քարտեզագրման օրինակով ներկայացվեց ականատես-վերապրածների կենսագրական պատմությունների ու հուշագրությունների միջոցով ցեղասպանության թեմայի դասավանդման մոդելը։
Խոսվեց, թե ինչպես «Աշխարհացույց» հարթակի միջոցով սովորողները կարող են ուսումնասիրել մշակութային ցեղասպանության հետևանքները՝ քարտեզագրելով փոփոխված տեղանունները, ոչնչացված եկեղեցիները, փրկված մասունքները։
Չնայած օրվա ծանրաբեռնվածությանը ու տապին՝ բոլոր մասնակիցները շարունակում էին մեծ ոգևորությամբ ծանոթանալ դասավանդման արդի մոտեցումներին, հարթակի գործիքակազմին և հնարավորություններին, հարցեր ուղղել բանախոսին։ Հատկանշական էր, որ Հայկանուշ Ղևոնդյանի հարցին՝ արդյոք իրատեսական են թեմայի դասավանդման առաջարկված մոտեցումները, բոլոր ուսուցիչները միաձայն համաձայնվեցին՝ շեշտադրելով, որ «Աշխարհացույց» հարթակն ապահովում է չափորոշչահեն կրթություն իրականացնելու բոլոր հնարավորությունները։










