«Աշխարհացույցի» ֆլեշմոբերը․ կրթական նախաձեռնությունից՝ ստեղծարար համայնք

Ամառը Հիմնադրամում չի նշանակում դադար։ Այն նոր գաղափարների, ստեղծարար հանդիպումների և արդեն ձևավորված կրթական համայնքի հետ հերթական հանդիպման ժամանակն է։
Հուլիսի 23-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը հյուրընկալեց «Հոբելյարներն Աշխարհացույցում․ անվանիները մեր կողքին» ֆլեշմոբի հաղթողներին։ Շիրակի, Գեղարքունիքի մարզերից և Երևանից միացած 22 դեսպան-աշակերտներն ու նրանց ուսուցիչները միասին ամփոփեցին անցած ճանապարհը, ստացան շնորհակալագրերն ու նվերները, կիսվեցին իրենց աշխատանքների ստեղծման ու հանրայնացման փորձով, խաղացին, ստեղծեցին, քննարկեցին և առաջարկեցին նոր գաղափարներ «Աշխարհացույցի» հաջորդ նախաձեռնությունների համար։
Հանդիպումը սովորական ամփոփում չէր։ Այն ավելի շատ հիշեցնում էր ստեղծարար լաբորատորիա, որտեղ յուրաքանչյուր գաղափար կարող էր վերածվել հաջորդ կրթական նախաձեռնության։ Սովորողները մասնակցեցին պատմական հանելուկների, թիմային մարտահրավերների, ստեղծեցին նոր փիներ ու դինամիկ սքրինշոթեր, աշխատեցին քարտեզների հետ և «Փինային տոնավաճառի» ընթացքում ներկայացրին իրենց գաղափարները՝ ապացուցելով, որ պատմությունը կարելի է ոչ միայն սովորել, այլև ստեղծագործաբար վերաիմաստավորել։
Այս հանդիպումն ամփոփում էր մի նախաձեռնություն, որն արդեն վաղուց դուրս էր եկել սովորական մրցույթի շրջանակներից։ «Հոբելյարներն Աշխարհացույցում» ֆլեշմոբին միացան հանրապետության բոլոր մարզերի 130 դպրոցներ, իսկ ամենաակտիվ մասնակցությունն արձանագրվեց Շիրակի մարզում՝ 28 դպրոցով։ Երևանից մասնակցեց 16 դպրոց, իսկ Գեղարքունիքից, Սյունիքից և Լոռուց՝ 14-ական դպրոց։
Սոցիալական հարթակներում դպրոցների ստեղծած աշխատանքները հավաքեցին հազարավոր դիտումներ ու հավանումներ։ Բացարձակ առաջատարը դարձավ Գագարինի միջնակարգ դպրոցի աշխատանքը՝ 7500 հավանումով, իսկ մի շարք տեսանյութեր գրանցեցին նաև տասնյակ հազարավոր դիտումներ։
Սակայն այս ֆլեշմոբի ամենամեծ արդյունքը թվերը չէին։ Այն անցկացվեց ուսումնական տարվա ամենածանրաբեռնված շրջանում և ամբողջությամբ հիմնված էր կամավոր մասնակցության վրա։ Շատ ուսուցիչներ ներգրավեցին միանգամից մի քանի դասարան, բազմաթիվ դպրոցներ ներկայացրին մեկից ավելի աշխատանք, իսկ ստեղծված նախագծերը տարածվեցին ոչ միայն «Աշխարհացույցի», այլև հենց դպրոցների ու ուսուցիչների սեփական հաղորդակցման հարթակներով՝ հասնելով իրենց համայնքներին և ձևավորելով հանրային հետաքրքրություն։
Այս ամենը վկայում է, որ «Աշխարհացույցը» թևակոխել է զարգացման նոր փուլ։ Այն աստիճանաբար դադարում է լինել պարզապես թվային կրթական գործիք և ձևավորվում է որպես մասնագիտական կրթական համայնք, որտեղ ուսուցիչներն ու սովորողները սեփական նախաձեռնությամբ ստեղծում են, փորձարկում, համագործակցում և հանրայնացնում իրենց գաղափարները։
Հատկանշական է նաև, որ ֆլեշմոբի ավարտից հետո ուսուցիչները փոխանցում էին նույն հարցը, որն ամենից հաճախ լսում էին իրենց աշակերտներից․ «Ե՞րբ է լինելու հաջորդ մարտահրավերը»։ Ավելին, սովորողներն արդեն իրենք էին առաջարկում նոր ձևաչափեր՝ մինչև անգամ համազգային «Աշխարհացույց» շարադրությունների մրցույթ կազմակերպելու գաղափարը։
«Աշխարհացույցը» շարունակում է աճել՝ որպես համայնք, որտեղ յուրաքանչյուր սովորող և յուրաքանչյուր ուսուցիչ կարող է լինել ոչ միայն մասնակից, այլև ստեղծող ու համահեղինակ։ Եվ թերևս սա է ցանկացած կրթական նախաձեռնության ամենամեծ հաջողությունը, երբ հաջորդ գաղափարները ծնվում են արդեն հենց համայնքի ներսում։










































































