«Աշխարհացույցը»` Սփյուռքի ուսուցիչների ուշադրության կենտրոնում
Շուրջ 60 ուսուցիչ աշխարհի 14 երկրից․ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն իր հարկի տակ հյուրընկալել է տարբեր երկրներում դասավանդող հայ մանկավարժների։
ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում ՀՀ-ում գտնվող մանկավարժները Հիմնադրամ այցի ընթացքում ծանոթացել են մեր գործունեությանն ու ծրագրերին։
Հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն իր ողջույնի խոսքում կարևորել է սփյուռքի կրթական հաստատություններում աշխատող մանկավարժների դերը հայապահպանության գործում՝ ընդգծելով, որ հիմնադրամի գործունեության թիրախում նաև աշխարհի տարբեր անկյուններում գործող հայկական կառույցների հետ համագործակցությունն է։
Հարցուպատասխանի ընթացքում մանկավարժները հիմնադրամի տնօրենին են ներկայացրել նաև այն կարիքները, որոնց բավարարումը կնպաստի ընդհանուր նպատակի իրագործմանը, այն է՝ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի հայկական կրթօջախների համար հասանելի դարձնել որակյալ հայերեն ու նաև, ըստ անհրաժեշտության, այլալեզու կրթական բովանդակություն և դրա մատուցման նորարար տեխնոլոգիաներ և մեթոդներ։
«Աշխարհացույց»-ի վերապատրաստող ուսուցիչները սփյուռքահայ գործընկերներին են ներկայացրել «Աշխարհացույց»-ի գործիքակազմն ու գործածման հնարավորությունները, հավաքագրել նաև նրանց հուզող հարցերը՝ հետագա աջակցության և հետադարձ կապի, ինչպես նաև հնարավոր համագործակցության ապահովման նպատակով։