
«Աշխարհացույցը հենց մեզ համար է»․ զրույց Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի հետ
«Ինչո՞վ է բացառիկ «Աշխարհացույց»-ը. այն ցանկացած երեխայի, ունենա լսողություն խնդիր, թե ոչ, ինֆորմացիան լիարժեք ընկալելու մեծ հնարավորություն է տալիս»։
Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր մուտք գործելիս առաջինը մանուշակագույն դուռը կնկատեք՝ դրոշմված երեխաների գունավոր ձեռքերով։ Ով չի նկատում, տնօրեն Արմինե Բաբայանը հատուկ ուշադրություն է հրավիրում։ Գաղափարի հեղինակն ինքն է։ Կրթահամալիր ոտք դնելու առաջին օրից որոշեց, որ մռայլությունը պետք է փոխարինել գույներով եւ ուրախ տրամադրությամբ։ Ցանկացած հարցում մոտեցումը նույնն է՝ դպրոցում սովորող չլսող կամ թույլ լսող երեխաները պետք է լինեն մոտիվացված և ոչ մի հարցում չզիջեն հանրակրթական մյուս դպրոցների իրենց տարեկիցներին։
«Մենք ունենք տարբեր դժվարություններ ունեցող երեխաներ։ Բայց նրանցից յուրաքանչյուրը՝ անկախ կարիքի աստիճանից, ունի ուժեղ կողմեր։ Նրանք մեր հասարակության լիարժեք անդամներն են։ Մեր առաքելությունը հենց դա է՝ կարողանալ ճիշտ աշխատել նրանց հետ, բացահայտել նրանց ներուժը եւ զարգացնել, ցույց տալ մարդկանց մեջ եղած ուժն ու գեղեցկությունը, որը գուցե փոքր-ինչ դժվար է տեսնել»,- ներառական կրթության գաղափարով տարված՝ պատմում է Արմինե Բաբայանը։
2023 թվականի հունիսի 24-ից նա է կրթահամալիրի տնօրենը։ Եկավ, ու դպրոցում սկսվեց փոփոխությունների ժամանակաշրջանը․ ուսումնական պլանում ավելացան անգլերեն, ազգային երգ ու պար, ՆԶՊ առարկաները, որոնք մինչ այդ բացակայում էին։ Հենց Արմինե Բաբայանը պնդեց ու առաջնորդեց նաև «Աշխարհացույց»-ի մուտքն այս կրթահամալիր։
«Ես ծանոթ էի «Աշխարհացույց» կրթական հարթակին դեռ նախկին աշխատավայրից և պետք է ամեն հնարավոր տարբերակ գտնեի, որ այստեղ ևս լիներ «Աշխարհացույց»։ Այսօր երեխաներին գրավել, բերել, կենտրոնացնել դասապրոցեսի վրա բավականին բարդ է։ Տեսողական անալիզատորի դերը չափազանց կարևոր է նրանց ուշադրությունը կենտրոնացնելու և դասը հետաքրքիր դարձնելու համար։ Առավել ևս այս խնդիրն ակտուալ է լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև մեկ անալիզատորի բացակայությունն, այսպես ասած, բերում է նրան, որ մյուս անալիզատորն ավելի ակտիվ է գործում։ Սա առաջին պատճառն էր, որ ինձ դրդեց կապ հաստատել «Աշխարհացույց» հաթակի հետ։ «Աշխարհացույց»-ը հենց մեզ համար է»։
Ինչպես մյուս անհնարին թվացող նախաձեռնություններում, այս դեպքում ևս Արմինե Բաբայանը կասկած չուներ՝ հաջողելու են․ «Ինչո՞վ է բացառիկ «Աշխարհացույց»-ը. այն ցանկացած երեխայի, ունենա լսողություն խնդիր, թե ոչ, նույնիսկ տարբեր զարգացման խանգարումներ ունենա, թե ոչ, ինֆորմացիան լիարժեք ընկալելու մեծ հնարավորություն է տալիս։ Մի բան է ինֆորմացիան լսել, մի բան է՝ տեսնել: Կոնկրետ լսողության խնդրի դեպքում, երբ մենք կարդում ենք տեքստը, բոլորը մատով հետևում են, լավ սովորողներն ավելի ուշադիր են, բայց ոչ այդքան պարտաճանաչներն ակամայից հետ են մնում։ Եվ մեր նպատակը ոչ թե լավ սովորողներին ավելի լավը դարձնելն է կամ հարվածայիններին գերազանցիկ դարձնելն այս դեպքում, այլ վատ սովորողներին, անուշադիր աշակերտներին, նրանց, ովքեր ինչ-որ տեղ դժվարանում են, առաջադիմությունը բարձրացնելն է»։
Այս գործում «Աշխարհացույց»-ին օգնության է գալիս սմարթ-էկրանը։ 2024-ին Լսողության խանգարում ունեցող երեխաների այս հատուկ կրթահամալիրը հավասարը հավասարի սկզբունքով մրցակցության մեջ մտավ մյուս դպրոցների հետ և մասնակցեց «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» ծրագրին։
«Երբ խոսքը վերաբերում է հատուկ դպրոցին, բոլորի մոտ միանգամից խղճահարության կոճակն է սեղմվում։ Դե՛մ եմ խղճահարությանը։ Ես՝ որպես մանկավարժ, առաքելություն ունեմ զարգացնելու յուրաքանչյուր երեխայի, նրա մեջ տեսնելու պոտենցիալը և ամեն ինչ անելու, որ նա հավատա իր ուժերին, աշխատի և հետագայում դառնա հասարակության լիարժեք անդամ։ Անհնարին ոչինչ չկա․ բոլոր ուսուցիչները գիտեն իմ այս մոտեցումը։ Մեր երեխաներն ամեն ինչ կարող են։ Սա էր պայմանը, որ մենք պետք է հավասարը հավասարի հետ մրցակցեինք։ Ավելին, ես միշտ ասում եմ, որ մենք ունենք առավելություն․ մենք կարող ենք շփվել ոչ միայն հայերեն բանավոր խոսքով, այլև ժեստերով»,- նկատում է Արմինե Բաբայանը։
Կրթահամալիրն իր նախագծային աշխատանքով դարձավ մրցույթի հաղթողներից մեկը և դպրոց բերեց ժամանակի լավագույն սմարթ-էկրաններից մեկը, բայց սա հաջող պատմության ընդամենը մի մասն է։ Հստակ գիտակցելով սմարթ-էկրանի կարևորությունը հատկապես իրենց կրթահամալիրում՝ Արմինե Բաբայանը դեռ մեկ տարի առաջ քայլեր էր ձեռնարկել պետական դրամաշնորհով երկու սմարթ-էկրան ձեռք բերելու ուղղությամբ, միայն թե այս գործընթացը տևեց գրեթե մեկ տարի։
«Այնպես ստացվեց, որ երեքը միասին եկան դպրոց։ Հիշում եմ, որ զանգ տվեցի ընկերությանը, որից գնում էինք կատարել, ասացին՝ գիտե՞ք, կարծես, մեկ հատ էլ ունեք։ Հիվանդ պառկած էի, տեղիցս վեր թռա՝ ինչպե՞ս, երրո՞րդն էլ։ Գիտեինք, որ «Աշխարհացույց»-ի մրցույթում հաղթել էինք, բայց մտքովս չէր անցնում, որ «Վիզուալ Հայաստանը» ևս նույն ընկերությունից էր սմարթ-էկրան ձեռք բերել, այն էլ՝ մեկ մոդել բարձր։ Դրանք այս պահի դրությամբ լավագույնն են մեր շուկայում,- Արմինե Բաբայանը, սակայն, այստեղ չի դնում վերջակետ։ Դրանից հետո դպրոցի համար ևս մեկ սմարթ-էկրան ձեռք բերեց՝ մեկ այլ բարերարի աջակցությամբ։
«Ուսուցիչներն ասում են, որ սա իրենց գործը շատ ավելի հետաքրքիր է դարձրել, ավելի շատ են ոգևորվում դաս անցկացնելիս, որովհետև տեսնում են բալիկների աչուկները։ Երբ կա սմարթ-էկրանը և կա «Աշխարհացույց»-ը, դասի որակը փոխվում է։ Օրինակ՝ անցնում են աշխարհագրական գոտիներ։ Բարդ թեմա է, երեխաները դժվար են պատկերացնում, իսկ «Աշխարհացույց»-ի միջոցով այն դառնում է, կարծես, պատկերազարդ հանրագիտարան, որը բացում ես, ու այդ նկարները սկսում են շարժվել քեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան հետաքրքիր է։ Բնականաբար ցածր առաջադիմությամբ աշակերտները ևս ավելի ուշադիր են սկսում դառնալ։ Մեկ, երկու, երեք․․․ սովորելու ցանկությունն ու մոտիվացիան կտրուկ բարձրանում են։ Բացի այդ, մի բան է երբ լսում են, այլ բան, երբ տեսնում են, օրինակ՝ բառերն էկրանին հատ առ հատ։ Երբ գրված բառը ժեստով ընկալեց, տեսողական հիշեց, վերջ, այլևս սխալ չի անի»։
«Աշխարհացույց»-ը և սմարթ-էկրանը բեկել են նրանց դասապրոցեսն ու դպրոցական առօրյան։ Արմինե Բաբայանի առաջարկը մեկն է «Վիզուալ Հայաստան» հիմնադրամին՝ ընդլայնել «Աշխարհացույց»-ն ու հարթակում ընդգրկել բոլոր առարկաները։