40 սմարթ-էկրան 40 հանրակրթական դպրոցի․ հայտնի են «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի բարեգործական մրցույթ-ծրագրի հաղթողները
Uncategorized

40 սմարթ-էկրան 40 հանրակրթական դպրոցի․ հայտնի են «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի բարեգործական մրցույթ-ծրագրի հաղթողները

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ամփոփել է «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» մրցութային ծրագիրը, որի հաղթող են դարձել «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք կատարած Հայաստանի Հանրապետության 40 դպրոցներ, որոնց կնվիրաբերվի վերջին սերնդի ինտերակտիվ սմարթ-էկրաններ։ 

ՀՀ կառավարության կողմից բարեգործական ճանաչված այս ծրագրի նպատակն է Հայաստանի հանրակրթական դպրոցներին վերազինել նորագույն տեխնիկայով և նպաստել նախագծային ուսուցման կարողությունների զարգացմանը։ 

«Աշխարհացույց» ծրագիրն իրականացնելու ընթացքում, ինչպես նաև մեր գլխավոր աջակից «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնի հետ դպրոցներ այցերի ժամանակ ակնհայտ դարձավ, որ «Աշխարհացույց» հարթակի հնարավորություններից լիարժեք օգտվելու և դպրոցներում նախագծային ուսուցումը խթանելու համար էական նշանակություն ունեն ինտերակտիվ սմարթ-էկրանները։ Մեզ համար սկզբունքային էր, որպեսզի դպրոցները վաստակեին դրանք սեփական աշխատանքով։ Մեծ ոգևորություն ապրեցինք, երբ տիկին Սիմոնն առաջարկեց միանգամից ձեռք բերել 40 սմարթ-էկրան զգալի մասշտաբ ապահովելու համար։ Լիահույս ենք, որ ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի։

Վստահ ենք, որ սմարթ-էկրանները հնարավորություն կտան «Աշխարհացույց» կրթական հարթակի օգտագործմամբ կիրառել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝  բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը: Մեր նպատակն է Հայաստանում կրթությունը համապատասխանեցնել 21-րդ դարի պահանջներին՝ ապագայի մարտահրավերներին պատրաստ մրցունակ սերունդ կերտելու համար», — նշում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։

Ընտրությունը կատարել է Ընտրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հիմնադրամի,  կրթական կառույցների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։

Հայաստանի դպրոցներին ժամանակակից շունչ տալուն միտված խիստ կարևոր այս ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցության շնորհիվ։

Դեկտեմբերի 2-ին Մատենադարանում կկայանա մրցանակների շնորհման պաշտոնական միջոցառումը։

Հաղթող դպրոցների ցանկ։

Ի գիտություն․ «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» ծրագիրը հիմնադրամի այլ ծրագրերի պես մշակվել և առաջնահերթություն է ստացել կարիքի հիման վրա արված վերլուծության արդյունքում։ 

Մրցութային ծրագիրն անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլում ընտրվել են ծրագրի պահանջներին համապատասխան դպրոցներ, իսկ երկրորդ փուլում մասնակից դպրոցներից պահանջվել է իրականացնել «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք՝ հիմնադրամի կողմից սահմանված չափանիշների համաձայն։ Ծրագրին դիմած 59 դպրոցներից ընտրվել է լավագույն նախագծային աշխատանք իրականացրած 40 դպրոց։