120 դպրոց, 120 դաս․ Աշխարհացույցի ազդեցության հետքերով
Uncategorized

120 դպրոց, 120 դաս․ Աշխարհացույցի ազդեցության հետքերով

Դպրոցներն օրեր անց կամփոփեն իրենց ակադեմիական տարին ու կանցնեն ամառային հանգստի, մենք էլ փորձենք ամփոփել մեր դպրոցական այցերը, որոնք այս տարի մեզ հասցրին Հայաստանի 120 հանրակրթական դպրոցներ՝ Երևանից մինչև Չինարի, Ծաղկաշենից մինչև Իսահակյան։

Երեք ամսում ավելի քան 7000 կիլոմետր անցած Հիմնադրամի թիմն Աշխարհացույցի կիրառմամբ դասեր դիտելու հնարավորություն ունեցավ թե՛ սմարթ-էկրանով զինված, թե՛ սմարթ-էկրան չունեցող դպրոցներում։

Մեր այցերը լի էին անթիվ իրական պատմություններով, անմոռանալի, տարբեր որակի դասերով, անսահման ներուժ ու մտքի թռիչք ունեցող երեխաների հետ զրույցներով, մեր հետագա անելիքների համար կարևոր դիտարկումներով։

Բոլոր 120 դպրոցները 120 տարբեր դասերով՝ զարմանալիորեն նման էին և աներևակայելիորեն եզակի։ Սակայն մի բան օրինաչափ էր ամենուր՝ «Աշխարհացույցը» հզորացրել էր բոլորին, ուղենիշ դարձել իրենց աշակերտներին 21-րդ դարի կրթություն ապահովելու խոր ձգտում ունեցող ուսուցիչների համար։ Այն փոխել էր դասի մասին պակերացումը՝ դառնալով ուսուցիչների ու աշակերտների երկխոսության նոր միջավայր։

Մենք ոչ միայն վայելեցինք մեր կրթական համայնքների աշխույժ ու հյուրընկալ ոգին, այլև կարողացանք տեղում ուշադիր լսել հարյուրավոր ուսուցիչների, աշակերտների և տնօրենների, նաև սովորել նրանցից։ Տեսանք ամբողջությամբ կերպարանափոխված միջավայրեր, օրինակ՝ Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության դասասենյակը, որ մեր առաջին այցի ժամանակ անմխիթար վիճակում էր, սակայն տնօրենի ջանքերով բարեկարգվել էր, «որ սմարթ-էկրանին ու իմ երեխաներին հարիր լինի»։

Այս այցերը մեզ համար դարձան կենսական սնման աղբյուր թե՛ հարթակի հետագա բարելավման, թե՛ մեր ծրագրերն առավել խորացնելու ու կարիքահեն փոփոխություններ կատարելու առումով։ Օրինակ՝ Երևանի թիվ 166 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի սովորողները նշում են․ «Ուղիղ ու արագ հետադարձ կապ ենք ուզում հարթակի հետ, որ կարողանանք մեր առաջարկներն ու տեղում ծնված մտքերն ուղարկել ձեզ»։ Անխտիր բոլոր այցելած դպրոցներում ցանկանում եմ Աշխարհացույց կրթական հարթակի բջջային հավելվածը՝ շեշտելով, որ սմարթֆոնը իրենց ամենահասանելի տեխնիկան է։ Տարածված ցանկություններից է բոլոր դպրոցական առարկաներն Աշխարհացույց հարթակում ունենալը. այդպես շատ ավելի արդյունավետ են սովորում։

Ալափարսի միջնակարգ դպրոցի սովորողներն ուղղակի զարմացրին իրենց կարողություններով․ 9-րդ դասարանի սովորողները կատարելությամբ տիրապետում էին հարթակի ոչ միայն հին, այլև նոր գործիքակազմին, ստեղծում հոդվածներ, դասեր։ Իսկ տասնյակ դպրոցներում մենք ականատես եղանք, որ Աշխարհացույցի կրթական բովանդակությունը դարձել է երեխաների համար ամենահավաստի աղբյուրը թե՛ դպրոցական ծրագրով բովանդակություն գտնելու, թե՛ տնային հանձնարարություններ կատարելու, թե՛ հավելյալ ընթերցանության համար․ այլևս հարց չի ծագում, թե որտեղից գտնել այս կամ այն հեղինակի, իրադարձության կամ վայրի մասին հավաստի տեղեկություն՝ իհարկե Աշխարհացույցից, ինչը խնայում է երեխաների ժամանակն ու նպաստում կրթության արդյունավետությանը։ Իսկ Մաստարայի միջնակարգ դպրոցում աշխարհագրության դասը կարող էր նախանձ առաջացնել ամենաառաջադեմ երկրների լավագույն դպրոցների մոտ. Աշխարհացույց հարթակի կիրառմամբ դասը խորապես կլանել էր ոչ միայն աշակերնտերին, այլ մեզ՝ դիտորդներիս։

Լիահույս ենք, որ ուսումնական նոր տարվանից կկարողանանք շարունակել մեր այցելությունները՝ այս անգամ մեկնարկը տալով Սյունիքից։ Այո՛, Հայաստանը մանրամասն ճանաչելու, զգալու ու սիրելու հայրենիք է։