«Ես այս դասը երբեք չեմ մոռանա». զրույց «Աշխարհացույցի» մենթոր ուսուցիչների հետ

Մերի Մարտիրոսյանին և Փառիկ Նաղդալյանին առաջին հերթին միավորում են մասնագիտությունն ու սերը դպրոցի, ուսուցչի գործի հանդեպ։ Երկուսն էլ «Աշխարհացույցի մենթորական կրթաթոշակ» ծրագրի շրջանավարտ են, երկուսն էլ միաբերան պնդում են՝ վերապատրաստումից հետո դասավանդման որակը փոխվել է։ Մենթորության ծրագրի շրջանակում միայն երկուսով հարյուրից ավելի ուսուցչի են վերապատրաստել և վարակել «Աշխարհացույց»-ով, զինել դասավանդման նորագույն մեթոդներով։ Երկուսն էլ այժմ «Վիզուալ Հայաստանի» մենթոր ուսուցիչ են և վերապատրաստումներ են իրականացնում հանրապետության մասշտաբով։ Որպես առաջնորդ ուսուցիչ՝ միշտ պատրաստ են սովորել ու կիսվել սովորածով: Թեթև հուշում-առաջարկ նաև «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի համար․ եթե լինի մենթորական ծրագրի երկրորդ՝ ավելի խորացված մակարդակ, առաջին դիմողներից կլինեն։
«Մենթորության ծրագրի բազմաբնույթ մեթոդները տանում ես դասարան, փորձարկում ու տեսնում աշակերտների ոգևորությունը, մոտիվացիան։ Օրինակ՝ «Մասեր, նպատակ, բարդություն» մեթոդով համաշխարհային պատմության դաս անցկացնելուց հետո ինձ շատ ոգևորեցին աշակերտուհուս հետևյալ խոսքերը․ նա ասաց՝ ես այս դասը երբեք չեմ մոռանա»,- նույնքան ոգևորված պատմում է պատմության և հասարակագիտության ուսուցիչ Մերի Մարտիրոսյանը, որը 28 տարի դասավանդում է Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում և դեռ շարունակում է սովորել ու իր օրինակով ոգևորել գործընկերներին ու աշակերտներին։
«Դասից հետո, երբ տեսնում եմ ժպտացող աչքեր, տեսնում եմ ոգևորություն, արդյունք, հետաքրքիր դասապրոցես, մեծ բավականություն եմ ստանում»,- ասում է 19 տարվա մանկավարժ Փառիկ Նաղդալյանը, որը պատմություն է դասավանդում Արարատի մարզի Փոքր Վեդու միջնակարգ դպրոցում` շարունակելով․ «Հիմա իմ դասերն ավելի շատ համագործակցային են, ավելի մեծ տեղ եմ տալիս թիմային աշխատանքին։ Թիմայինից զատ՝ ունենք, օրինակ, «Ընտրության թերթիկ» հասկացություն։ Այն աշակերտը, որն ուզում է ավելին սովորել, կարող է առանձին, լրացուցիչ տնային աշխատանք վերցնել։ Յուրաքանչյուրին մեկ քայլ առաջ տանելու այդ մոտեցումը շատ կարևոր է, որպեսզի ոչ ոք չտուժի»։
Իրարից անկախ՝ ուսուցիչները պատմում են, թե ինչպես են վեց ամիս շարունակ ամեն հինգշաբթի նույն ոգևորությամբ սպասել մենթորականի դասին և իրենց գլխավոր մենթոր, կրթության միջազգային փորձագետ Սեդա Քոչարյանին, լսել նրան, սերտել կրթական տեսություններ, նորագույն մեթոդներ, ստացել հետադարձ կապ և որպես տնային աշխատանք՝ սովորածը պարտադիր կիրառել դպրոցում՝ համադրելով Աշխարհացույցի տված հնարավորություններով։
Երկարաժամկետ վերապատրաստման ազդեցությունը
«Ինչո՞վ է կարևոր երկարաժամկետ վերապատրաստումը․ կարճաժամկետի դեպքում գուցե շատ ինֆորմացիա ստանաս միանգամից, բայց չես մարսում, իսկ այս պարագայում սովորածն աստիճանաբար տեղայնացնում էինք և տեսնում էինք արդյունքը։ Կար պատասխանատվություն սովորածը կիրառելու, կար հետադարձ կապի հնարավորություն»,- ասում է Փառիկ Նաղդալյանը:
«Տեսական գիտելիքն ամրապնդում էինք խմբային աշխատանքով, հետո այն տանում դասարան, էլ ավելի ամրապնդում»,- գործընկերուհու միտքն է շարունակում Մերի Մարտիրոսյանը,- Ընդհանրապես «Աշխարհացույցն» ու «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագիրը հեղաշրջիչ նշանակություն ունեցան։ Այժմ նույնիսկ հեռավոր մարզերում կարողանում ենք հետաքրքիր միջավայր ստեղծել մեր աշակերտների համար, որպեսզի նրանց կրթությունը չտարբերվի այլոց կրթությունից»։
Ձեռք բերած հմտություններն ու գիտելիքը կարող են երկար թվարկել։ Օրինակ՝ ժամանակի կառավարման հմտությունը նրանց առջև անվերջ հնարավորությունների դուռ է։ Հիմա գիտեն, որ նույնիսկ անհավանական թվացող գործերն սկսվում են փոքր քայլերից։
«Ուսուցիչն է դասի ճարտարապետը, ինքն է նախագծում և իրականացնում դասը։ Այս նոր մեթոդները, դասի խնդրի ձևակերպումը, դասի պլանավորման հինգ քայլերը, որ սովորել ենք, շատ տարբեր են և հեշտացնում են մեր աշխատանքը։ Ժամանակի և ռեսուրսների կառավարումն է հեշտացել։ Սա ամենամեծ նորարարություններից էր»,- ասում է Մերի Մարտիրոսյանը, որը կրթության ոլորտի բարեփոխումներին միտված գործունեության համար անցած տարի արժանացավ ԿԳՄՍՆ մեդալի, իսկ այժմ պատրաստվում է դիմել ուսուցչի որակավորման երրորդ տարակարգի։
«Մինչև վերապատրաստումը դաս ձայնագրելն ու ներկայացնելն ինձ համար խնդիր էր: Մինչդեռ մենթորության ծրագրի շրջանակում ուսուցիչները պետք է երեք դաս տեսաձայնագրեն՝ որպես տնային աշխատանք, ապա տրամադրեն, որպեսզի մենթորն ու գործընկերները նայեն և հետադարձ կապ տան: Մտածում էի՝ ինչպես եմ անելու, բայց առաջին տեսաձայնագրությունն անելուց հետո հասկացա, որ իմ յուրաքանչյուր դաս կարող է տեսաձայնագրվել։ Իսկ տարակարգի դիմելու համար անհրաժեշտ է դասերի տեսաձայնագրություններ ունենալ, ուստի այն փաթեթը, որ հավաքեցի մենթորության ծրագրի շրջանակում, ինձ օգնեց տարակարգ ստանալ»,- անկեղծանում է Փառիկ Նաղդալյանը։ Այժմ նա ունի երրորդ տարակարգ, պատրաստվում է դիմել չորրորդին։
«Վիզուալը ոգևորում է իր՝ զարգացման շարունակական ծրագրերով։ Այն միշտ ուսուցչի, դպրոցի կողքին է․ թե՛ տեխնիկապես է զինում, թե՛ մեթոդապես»,- իր խոսքն ավարտում է Մերի Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով նաև սմարթ-էկրանների ծրագիրը։


