«Որպես տնօրեն՝ նկատել եմ՝ հարթակի  կիրառության արդյունքում դասերը դարձել են ավելի արդյունավետ, աշակերտները հետաքրքրությամբ են սովորում․․․»․ Աշխարհացույցի մարզային սեմինարն Արագածոտնում էր
Uncategorized

«Որպես տնօրեն՝ նկատել եմ՝ հարթակի կիրառության արդյունքում դասերը դարձել են ավելի արդյունավետ, աշակերտները հետաքրքրությամբ են սովորում․․․»․ Աշխարհացույցի մարզային սեմինարն Արագածոտնում էր

«Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հնարավորություններին ծանոթանալու հերթն այս անգամ Արագածոտնի մարզի ուսուցիչներինն էր։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները մարտի 2-ին Թալինի ավագ դպրոցում իրականացրին «Աշխարհացույց»-ի ճանաչման և գործածման սեմինար, որին մասնակցեց  51 ուսուցիչ։

«Աշխարհը հիմա այնպես է զարգանում, որ վիզուալը շատ ավելի մեծ տեղ է գրավում մեր կյանքում, երեխաներն ավելի շատ ուզում են համակարգչից տեղեկություն ստանալ։ Ընդամենը երկու անգամ եմ հասցրել «Աշխարհացույց»-ը կիրառել դասին, բայց արդեն նկատում եմ, որ աշակերտներին գործիքը հետաքրքրել է։ Իհարկե, ես ինքնուրույն հասցրել եմ որոշակի պատկերացում կազմել հարթակի մասին և կիրառել, բայց վստահ եմ, որ այս սեմինարի շնորհիվ ավելին կիմանամ և կփոխանցեմ սաներիս»,- ասաց Ծաղկաշատի ուսուցչուհի Նաթելա Զաքարյանը։

Նրա գործընկեր, Նոր Ամանոսի դպրոցի պատմության, աշխարհագրության ուսուցիչ Մանվել Հովհաննիսյանը ևս բոլորովին վերջերս է տեղեկացել «Աշխարհացույց»-ի մասին, միանգամից հետաքրքրել է․ «Շատ գրավեցին հատկապես քարտեզները, որովհետև յուրաքանչյուր ուսուցչի խնդիրն է դասը պատկերավոր և աշակերտի համար հետաքրքիր դարձնել։ Ինձ համար «Աշխարհացույց»-ը բացահայտում էր»։ Ի դեպ, նա նշեց, որ 120 աշակերտ ունեցող դպրոցը պատրաստվում է մասնակցել նաև «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» նախագծային մրցույթ-ծրագրին՝ թվաքանակով մեծ դպրոց չենք, բայց մեր սաներն էլ են արժանի կրթական լավագույն միջոցների։

«Մեզ համար հաճելի է բացահայտել Հայաստանի դպրոցները, ճանաչել իրենց ուժեղ կողմերը, ինչպես նաև բացահայտել թերությունները, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ՝ ինչի վրա կենտրոնանալ։ Պատմականորեն ապացուցված փաստ է, որ  նորարարությունները հնարավորություն են տալիս թռիչքաձև զարգանալ։ Ինքներս էլ վերջին 20-30 տարում ականատեսն ենք լինում իրավիճակների, երբ չենք  հասցնում մի նորարարությունը սերտել, երբ արդեն հաջորդն է կյանք մտնում։ Այդ պատճառով ժամանակին համընթաց քայլելը հրամայական է դարձել բոլորիս համար, հետևաբար անհրաժեշտ է ունենալ նորարար կրթություն, որը հնարավորություն կտա ձևավորել մրցունակ մարդկային կապիտալ»,ասաց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ 

Թալինի ավագ դպրոցի տնօրեն Աննա Կնյազյանը ուրախությամբ նշեց, որ ակտիվորեն մասնակցում են «Աշխարհացույց»-ի բոլոր նախագծերին․ անցած տարի դարձել են սմարթ-էկրաններ մրցույթի 40 հաղթողներից մեկը, իսկ դպրոցի պատմության ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը նաև մենթորի որակավորում է ստացել։

«Մենք էլ մեր ներդրումն ունենք «Աշխարհացույց»-ի տարածման գործում, քանի որ դեկտեմբերին կազմակերպեցինք Թալինի տարածաշրջանի ուսուցիչների սեմինար-վերապատրաստում։ Որպես տնօրեն՝ նկատել եմ՝ հարթակի  կիրառության արդյունքում դասերը դարձել են ավելի արդյունավետ, աշակերտները հետաքրքրությամբ են  սովորում, ձեռք են բերել պատմական մտածողություն, քննադատական-վերլուծական կարողություն»,- ասաց դպրոցի տնօրենը՝ շնորհակալագիր հանձնելով Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին՝ կրթական ոլորտում ունեցած մեծ ներդրման, սովորողների գիտելիքների, հմտությունների զարգացմանն աջակցելու համար։

Սեմինարին հիմնականում մասնակցում էին «Աշխարհացույց»-ի հնարավորություններին անծանոթ ուսուցիչներ, որոնք հանդիպման ընթացքում ստացան ոչ միայն առաջին  տեսական գիտելիքները, այլև շատ արագ անցան գործնական աշխատանքի, ներկայացրին հարթակի զարգացման բազմաթիվ առաջարկներ։ «Հարթակը շատ կարևոր և հետաքրքիր նորարարություն է կրթական համակարգում։ Այն թեթևացնում է ուսուցչի աշխատանքը, հնարավորություն է տալիս նոր չափորոշիչային մոտեցմամբ կատարել և՛ հայտորոշիչ, և՛ ձևավորիչ, և՛ ամփոփիչ գնահատումներ։ Ինձ հիացրեց հատկապես այն, որ միայն քարտեզը չէ, այլ նաև տեղեկություն՝ պատմական գործիչների, վայրերի, պեղումների մասին, այլ խոսքով՝ ապահովված են պատմությունն ուսումնասիրելու բոլոր հնարավորությունները»,- նկատեց Կառնուտի միջնակարգ  դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ Հայկուհի Հովհաննիսյանը։

«Աշխարհացույց»-ի ճանաչման և գործածման մարզային սեմինարին հաջորդելու են շաբաթական առցանց հանդիպումներ։ Ուսուցիչները պետք է հաջորդ մեկ ամսվա ընթացքում դասերին  օգտագործեն «Աշխարհացույց»-ի հարթակը, ուղարկեն լուսանկարներ, ինչպես նաև ներկայացնեն հարթակի հնարավորությունների կիրառմամբ դասապլան։ Բոլոր պայմանները բավարարելու դեպքում մասնակիցները կստանան հավաստագրեր։ 

Մարզային սեմինարների շարքը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամը մեկնարկել է 2023 թ․ ապրիլից ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի հետ։ Հանդիպումների նպատակն է ուսուցիչներին սովորեցնել օգտվել «Աշխարհացույց»-ից, հարթակը կիրառել  դասապրոցեսում, զարգացնել մանկավարժական նոր մեթոդներ կիրառելու հմտությունները։