Մեդիա

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք «Աշխարհացույց»-ի վերապատրաստող և մենթոր ուսուցիչ Նաիրա Երկանյանին
Uncategorized

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք «Աշխարհացույց»-ի վերապատրաստող և մենթոր ուսուցիչ Նաիրա Երկանյանին

Երբ տարիներ առաջ «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի վերապատրաստող ուսուցիչ Նաիրա Երկանյանն առաջին անգամ ծանոթացել է «Աշխարհացույց»-ին, հասանելի է եղել միայն մեկ թեմա՝ «Հայկական լեռնաշխարհը»։ Այդ ժամանակ Նաիրան՝ որպես պատմության ուսուցիչ, թիմին իր կարծիքն է ներկայացրել հարթակի վերաբերյալ։

Իր բնորոշմամբ ճակատագրական այդ հանդիպումից Նաիրային տպավորել է ոչ միայն հարթակը, այլև այն ստեղծող թիմի պատրաստակամությունը՝ կարծիքները լսելու և դրանց ուղղությամբ աշխատելու։

«Ուսուցչից հարցնել՝ ինչի՞ կարիք նա՛ ունի, հարթակում ի՞նչ բացեր կան, ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել, ո՞ր ուղղությունը զարգացնելհենց առաջին պահից մանկավարժի ձայնը լսելի է դարձել, և դա չէր կարող ինձ՝ որպես ուսուցիչ, չոգևորել։ Հետագա ամբողջ ծրագիրը կազմվել է՝ սովորողի ու սովորեցնողի կարիքները առաջին տեղում դնելով։ Ստեղծվել էր մի հարթակ, որն ուսուցչին օգնելու էր իր երազանքներն իրականացնել»,-նշում է Նաիրան։

Հարթակի ամենօրյա փոփոխությունները տեսնելիս մեր վերապատրաստող ուսուցիչը ժպտում է, երբ հիշում է «Աշխարհացույց»-ի սկզբնական տեսքը ասես «Մետաքսի ճանապարհը» սկսես կառուցել, ու դրված լինեն միայն առաջին քարերը։

«Իհարկե մտածում էի, որ նոր թեմաներ ու քարտեզներ կավելանան, հարթակը կընդլայնվի, կտարածվի, սակայն չէի կարծում, որ այն այդքան լայնամասշտաբ տարածում կստանա, իր շուրջ կհավաքի հզոր ուսուցչական համայնք, կիրականացվեն այսքան ծրագրեր։ Ինձ համար կարևոր էր «Աշխարհացույց» ծրագրի ղեկավարի՝ Արևիկ Ավետիսյանի մեծ ազդեցությունը ծրագրի զարգացման ու հաջողման գործում։ Երբ տեսնում էի՝ ինչպես է համակարգում ամեն ինչ, բոլորի հետ հավասար հոդված գրում, հավատում էի, որ հաջողելու են, ու սիրով միացա թիմին»։

Հանրապետության բոլոր անկյուններից ուսուցիչների ակտիվ ներգրավման վերաբերյալ Նաիրան իր հիմնավորումն ունի՝ հիմնադրամը հավատում է ուսուցիչներին։ «Այդ հավատը փոխադարձ է եղել «Վիզուալ Հայաստանը» կարողացել է ձեռք բերել հանրապետության ուսուցչական համայնքի վստահությունն ու հավատը։ Վերջինս հույս է կապում հիմնադրամի ծրագրերի հետ ու պատրաստակամություն հայտնում իր ներդրումը կատարելու, սովորելու և օգնելու առաջնորդ ուսուցիչների ձևավորմանը»,-նշում է մեր գործընկերը։

Վերջինս ընդգծում է, որ «Աշխարհացույցն» ուսուցիչներին տալիս է ոչ միայն նոր մեթոդներ, կարողություններ, այլև շարունակական աճի, հեղինակության բարձրացման հնարավորություն, բայց Նաիրայի համար ամենաոգևորիչ արդյունքներից մեկն ուսուցչին ինքնաճանաչման ու սեփական ներուժը տեսնելու հնարավորություն ընձեռելն է։

«Երբ մեզ նոր միացող ուսուցիչների հետ հարթակն առաջին անգամ բացում ենք, հարցերի ոգևորված տեղատարափ է լինում՝ սա ի՞նչ գործիք է, այսինչ գործողությունն ինչպե՞ս արեցիք, էլ ի՞նչ է մեզ մնացել անելու։ Զարմանում են, որ հնարավոր է միաժամանակ ոչ միայն այդքան մեծ ժամանակաշրջան ընդգրկող քարտեզներ, այլև դրանց կցված մեծածավալ մեդիա ու հոդված ունենալ։ Երբ արդեն սկսում են կիրառել ու նաև իրենց մեթոդները մշակել, ասում են՝ մենք չգիտեինք, որ այս ներուժն ունենք»,-պատմում է Նաիրան։

Ավագ դպրոցում պատմություն դասավանդող մեր գործընկերը նշում է հիմնական խնդիրներից մեկը, որը վերաբերում է աշակերտներին դասապրոցեսին ներգրավելուն։ «Աշխարհացույցն» օգնել է դա ևս հաղթահարել։

«Հարթակի բազմաբնույթ գործինքերը գրավում են 21-րդ դարի աշակերտին։ Թվում է՝ իրենց ոչնչով զարմացնել հնարավոր չէ, բայց ամեն տասներորդ դասարանցի, երբ մուտք է գործում հարթակ, առաջինը հարցնում է՝ սա իսկապե՞ս հայկական է, ինչպե՞ս է ստեղծվել։ Նրանք տեսնում ու շոշափում են պատմությունը։ Շեշտակի բարելավվում է հայրենաճանաչության մակարդակը, որովհետև աշակերտը հեշտությամբ ուսումնասիրում է իր երկրի անցած ճանապարհը»,-ասում է Նաիրան։

Հենց աշակերտներն են հարթակի վերաբերյալ իրենց դիտարկումներն անում, առաջարկում տարբեր միջոցառումների ընթացքում միանալ «Վիզուալ Հայաստան»-ի թիմին և իրենց տեսանկյունից ներկայացնել «Աշխարհացույցը»։

Մեր գործընկերը վստահ է, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը դեռ տարատեսակ արդյունավետ ծրագրեր է իրականացնելու հանրակրթության որակի բարելավման նպատակով՝ հավատարիմ լինելով իր առաքելությանը՝ միշտ ուսուցչի ձեռքը բռնած, նրա կողքին, նրան հավատալով ու ինքնազարգացման հնարավորություն տալով։