Մեդիա

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք «Աշխարհացույց»-ի վերապատրաստող ուսուցիչ Մարիամ Խաչատրյանին
Uncategorized

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք «Աշխարհացույց»-ի վերապատրաստող ուսուցիչ Մարիամ Խաչատրյանին

2020-ի ավարտ, երևանյան ձմեռային օր, 6-հոգանոց թիմ․ Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն ապակու վրա քարտեզ է գծում՝ ասելով, թե այն պետք է դառնա ամբողջական հարթակի հիմքը։ Դեռևս գոյություն չունեցող հարթակում էլ ցույց է տալիս կառուցվածքը, ժամանակացույցը, հնարավորությունները, ներկայացնում է, թե հատկապես պատերազմող երկրում այն որքան անհրաժեշտ գործիք է ․․․

«Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի վերապատրաստող ուսուցիչ Մարիամ Խաչատրյանը լավ է հիշում «Վիզուալ Հայաստան»-ի հիմնադիր անդամների հետ իր առաջին հանդիպումը։ Որպես պատմության ուսուցիչ՝ գնացել էր գաղափարին ծանոթանալու և իր մասնագիտական կարծիքն ասելու։

Հիմա ոգևորությամբ է արձանագրում՝ այդ պահին էլ ի սրտե հավատացել է գաղափարին։ Վստահ է եղել՝ այդ սենյակում տիրող հավատն ու ոգևորությունն անարդյունք չեն մնալու, և հարթակն իսկապես իրականություն է դառնալու։

Այսօր արդեն Մարիամը մեր հինգ վերապատրաստող ուսուցիչներից մեկն է, որ գործընկերների հետ հասցրել է աշխատել Հայաստանի բոլոր անկյունների մի քանի հարյուր ուսուցիչների հետ։ «Հիմնադրամի թիմով ստեղծել ենք ուսուցչական մեծ համայնք, որում բոլորն իրար հետ սերտ համագործակցում են։ Փորձում ենք ուսուցչին փոխանցել 21-րդ դարին համահունչ հմտություններ և այնպես անել, որ ուսուցիչ-աշակերտ կապը չկտրվի, երկխոսություն ստեղծվի»,-ներկայացնում է Մարիամն ու նշում՝ իրենց աշխատանքի գնահատականը մանկավարժների ոգևորությունն է։

«Հաճախ ենք ուսուցիչներից լսում, թե իրենց առջև պահանջներ են դնում, ասում՝ ինչ անել, սակայն չեն ասում՝ ինչպես։ Մեր վերապատրաստումներից հետո մանկավարժներն են արձանագրում՝ «Աշխարհացույցը» տալիս է «ինչպես»-ի պատասխանը։ Ուսուցիչներից մեկը, մի անգամ անդրադառնալով հատկապես պատմություն առարկայի դասավանդման դժվարությանը, ասաց՝«այն կոշիկը, որ մեր ոտքը սեղմում էր, դուք հարմար դարձրիք»»,-հիշում է Մարիամն ու հավելում՝ դժվարություններ նույնպես լինում են։

Երբեմն ուսուցիչները որոշակի վախեր են ունենում փորձելուց, թերահավատորեն են վերաբերվում արդյունքին, բայց երբ դասարան են մտնում, կիրառում են «Աշխարհացույց»-ի գործիքակազմն ու տեսնում աշակերտների ոգևորությունը, բոլոր խուսափողական մտքերը վերանում են։

Մարիամն էլ, «Վիզուալ Հայաստան»-ին միանալով, խնդիր է ունեցել արդարացնելու թե՛ իր, թե՛ թիմի, թե՛ ուսուցիչների ակնկալիքները։ Թիմի աջակցությունը օգնել է հաղթահարել բոլոր դժվարությունները։

««Աշխարհացույց»-ի մարդիկ ամուր հենարան են․ այստեղ դու լսված ես, կատարածդ աշխատանքը՝ կարևոր։ Վստահ եմ՝ չկա մի գաղափար, որը ցանկանանք կյանքի կոչել, և չսկսեն մեզ հետ մտածել, քննարկել, ուղղություն տալ։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ ինձ հաճախ եմ բռնեցնում այն մտքի վրա, որ սա իմ աշխատանքը չէ, սիրելի զբաղմունքն է, որը կատարելիս միայն ինքնաբավություն եմ զգում»,-ասում է Մարիամը։

Մեր թիմակիցը վստահ է՝ «Վիզուալ Հայաստան»-ը դեռ շատ ծրագրեր է կյանքի կոչելու՝ Հայաստանի ու նաև սփյուռքի ուսուցիչներին և աշակերտներին ապահովելով ժամանակի լավագույն կրթական հնարավորություններով։

#Աշխարհացույցի_վերապատրաստող_ուսուցիչներ