Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք «Աշխարհացույց»-ի քարտեզագրական թիմի ղեկավար Դավիթ Շինդյանին
«Թիմի վերաբերյալ ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդն ուզում է իր ծննդյան տարեդարձը թիմակիցների հետ նշել։ Ես ուզում եմ»․ գործընկերների հետ իր օրն անցկացնել ցանկացողը Դավիթ Շինդյանն է՝ «Աշխարհացույց» ծրագրի խորհրդականն ու քարտեզագրական թիմի ղեկավարը։
Քարտեզների միջոցով ամենատարբեր տեղանքներում ու ժամանակներում հեշտությամբ «հայտնվող» մեր գործընկերն այս անգամ մտքերով վերադարձել է 2020-ի տարեվերջ, երբ Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է հարթակի գաղափարը։
«Այդ ժամանակ այն դեռ սաղմնային վիճակում էր, բայց ինձ արդեն իսկ ոգևորել էր դինամիկ քարտեզների գաղափարն ու այն հնարավորությունը, որ դիտողի աչքի առաջ աշխարհի տեսքը փոխվելու է՝ տարին փոխելուն զուգահեռ։ Դինամիկությունը պատկերացնում էինք, բայց չգիտեինք՝ տեխնիկապես ինչպես է արվելու»,-հիշում է Դավիթը։
Բնապահպանական, այնուհետև՝ թափոնների կառավարման ոլորտի մասնագետ Դավիթն աշխատանքային հարուստ փորձառության ընթացքում հասցրել է համագործակցել պետական ու մասնավոր օղակների, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ։ «Աշխարհացույց»-ի ստեղծման ընթացքում վերականգնել է նաև քարտեզագրական հմտությունները։ Աշխատանքի սկզբնական փուլը ոլորտի որակյալ մասնագետների հետ ակտիվ հանդիպումներով ու քննարկումներով է անցել։ Ժամանակի ընթացքում մշակվել է աշխատանքի ձևաչափը, ու անցել են գործի։
«Ամենասկզբում կարծում էինք, թե հարթակի ստեղծման համար 5-6, առավելագույնը՝ 10 հոգին բավարար է լինելու։ Կարիքից ծնված պահանջով թիմն ընդլայնվել է, աշխատանքի ծավալը՝ ավելացել»,-նշում է Դավիթը։
«Աշխարհացույց»-ի քարտեզագրական աշխատանքում ամենամեծ բարդություններից մեկը կադրեր գտնելն է եղել․ ոլորտում մասնագետները քիչ են։ Անհրաժեշտ են եղել պատմաաշխարհագրագետներ, որոնք նաև քարտեզագրական հմտություններ կունենային։ «Մենք նպատակ ունենք համալրելու քարտեզագետների բանկը։ Քարտեզագրության ուսուցման ծրագիր ենք մշակել, որի մասնակիցները մանրամասն կուսումնասիրեն աշխատանքն ու կհամալրեն թիմը»,-հայտնում է Դավիթը։
Վերջինս թիմում իր քննադատական մոտեցմամբ է հայտնի։ Թե՛ իր, թե՛ հիմնադրամի մյուս ներկայացուցիչների աշխատանքը պարտադիր մի քանի կողմից է զննում՝ սիրելի քարտեզների նման։ «Փորձում եմ հասկանալ՝ արդյո՞ք այն, ինչ ներկայացվում է, ճիշտ է, թե՞ կարելի է այդ գործողությունն ավելի լավ ձևով անել։ Նույնն անում եմ իմ աշխատանքում՝ անընդհատ փորձելով նոր ճանապարհներ ու լուծումներ գտնել։ Իհարկե, միշտ չէ, որ ստացվում է, բայց այդ մոտեցումն օգտակար է»,-ասում է Դավիթն ու նշում, թե կցանկանար՝ իր դպրոցական տարիներին էլ «Աշխարհացույց»-ի նման հարթակ լիներ․
«Ես այնպիսի աշակերտ կլինեի, որը հարթակի թերությունները կգտներ ու նամակով կուղարկեր, կհետևեր փոփոխություններին։ Բոլոր աշակերտներին հորդորում եմ դա անել՝ օգնելու բարելավել հարթակի հնարավորությունները»,-ասում է քարտեզագրական թիմի ղեկավարը։
Այժմ ստեղծած արդյունքը Դավիթի համար ոգևորիչ ու նաև, պարտավորեցնող է։ Հարթակը մի քանի առավելություն ունի՝ հասանելիություն, ճշգրտություն, պատմությունն ավելի լայն շրջանակում դիտարկելու հնարավորություն. խնդիր է դրված ոչ միայն որակը պահպանելու, այլև նոր նախագծեր մշակելու։
«Հիմնադրամն իր գործունեությամբ սահմանում է նոր նշաձող։ Մեզնից հետո եկողներն արդեն հենվելու տեղ են ունենալու ու սրանից են սկսելու։ Վիզուալ Հայաստանը կարևոր գործ է անում, ու ինձ հաճելի է այդ գործի մասը լինելը»,-նշում է Դավիթը։



