Մեդիա

«Աշխարհացույց»-ի դեսպան աշակերտները Վիզուալ Հայաստան հիմնադրամում էին
Uncategorized

«Աշխարհացույց»-ի դեսպան աշակերտները Վիզուալ Հայաստան հիմնադրամում էին

«Առաջարկում ենք ունենալ համագործակցություն, որպեսզի վերապատրաստվենք և կարողանանք սեմինարներ վարել տարբեր դպրոցների աշակերտների համար՝ ներկայացնելով «Աշխարհացույց» հարթակը»․ հենց այսպիսի առաջարկով էին Վիզուալ Հայաստանին դիմել Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան հ․ 95 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցիները։

Համագործակցության առաջարկից մինչև հանդիպում ընկած ժամանակահատվածը կարճ էր․ անհամբեր էինք հյուրընկալելու մոտիվացված աշակերտներին և նրանց ուսուցիչներին։ Ինչպես և սպասում էինք, նրանց հետ հանդիպումն անցավ աշխույժ, ոգևորված ու հաճելիորեն աղմկոտ մթնոլորտում, ինչպես կլիներ դպրոցում։

Վիզուալ Հայաստան հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ գնահատում է աշակերտների նախաձեռնողականությունը, և թիմը միշտ պատրաստ է ընթացք տալու ուղղված այնպիսի առաջարկներին, որոնք կոնկրետ գործողություններ են ենթադրում։

«Ես հավատում եմ համագործակցության արարիչ ուժին։ Մեզ պակասում է իրար հետ արդյունավետ աշխատելու մշակույթը։ Վիզուալ Հայաստանը դա կարևորում է, որովհետև ինքներս այդ մշակույթի կրողն ենք և ուզում ենք՝ այդ մշակույթը ոչ միայն մեր թիմում լինի, այլև դուրս գա դրա սահմաններից։ Դա է պատճառը, որ երբ համագործակցելու առաջարկ արեցիք, մենք սիրով որոշեցինք օգտագործել այդ հնարավորությունն ու միասին առարկայական արդյունքներ ստանալ»,-նշեց նա։

Մեզ հյուրընկալված ապագա տնտեսագետները, քաղաքական գործիչները, իրավաբաններն ու արվեստի ոլորտի ներկայացուցիչները նշեցին՝ «Աշխարհացույցը» ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլև պատմությունն այլ կողմից դիտարկելու հնարավորություն է տվել իրենց։ Դա է պատճառը, որ ցանկանում են նպաստել հարթակի տարածմանն ու մյուս բոլոր աշակերտներին դարձնել այս մեծ ընտանիքի անդամը։  Դպրոցականներն արդեն իսկ սկսել են հարթակի տարածումը, օրինակ՝ ավելի ցածր դասարանների աշակերտներին են սովորեցնում օգտվել հարթակից, դասեր են անցկացնում։ Աշխատանքը հեշտացնում է նաև մեր մրցույթում հաղթած սմարթ-էկրանը։ Դասասենյակը, որտեղ տեղադրված է նորագույն տեխնիկան, միշտ զբաղված է․ աշակերտները հերթով են օգտվում։

Հանդիպման ընթացքում մեր հյուրերը նաև գործնական աշխատանք կատարեցին՝ պատասխանելով հարցերին, թե ի՞նչ այլ առարկաներ ու հնարավորություններ կցանկանային տեսնել հարթակում, «Աշխարհացույց»-ի ո՞ր գործիքներն են հավանում և որո՞նք կցանկանային բարելավել, ի՞նչ հիմնական ակնկալիքներ ունեն հարթակից։

Մենք սիրով հավաքագրել ենք աշակերտների լուսավոր ու նորարարական գաղափարները, որոնց իրագործման համար նաև նրանց հետ կհամագործակցենք։ Արդեն իսկ մշակել ենք առաջիկա աշխատանքները, որոնց մասին մանրամասները շուտով կներկայացնենք։ Ոգևորված ենք, որ հենց դպրոցականներն են հարթակն իրենցը համարում և կարևորում դրա հանրայնացումը՝ իրենց հռչակելով «Աշխարհացույց»-ի դեսպաններ։ Վերջիններս նշեցին, որ պատրաստ են անելու ամեն ինչ, որ հարթակը հասանելի դառնա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ հայտնի դարձնելով նաև մեր պետությունը։ Հովհաննես Ղազարյանը ողջունեց այդ մոտեցումը՝ ընդգծելով, որ «Աշխարհացույցը» հայկական մտքի և աշխատանքի արդյունք է։

Ի դեպ, մեր հանդիպմանը միացել էր նաև Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Յուրա Մանուչարյանը, որը հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանին վերջերս էր հանդիպել այլ միջոցառման շրջանակում և պայմանավորվել պատեհ առիթի դեպքում հյուրընկալվել նաև մեր հիմնադրամում։

Վիզուալ Հայաստանը նպատակ ունի ձևավորելու ֆոկուս-խմբեր, որպեսզի դրանց աշխատանքի արդյուքնում վերհանի, թե ինչն է պետք փոխել հարթակում, ինչպես այն զարգացնել։ Սա հնարավորություն կտա նաև «այլ աչքերով» դիտարկելու մեր կատարածն ու նպաստելու նոր ուղղությունների զարգացմանը։ Հյուրընկալված աշակերտների հետ հանդիպումն այդ ճանապարհի առաջին քայլն էր, որի նախաձեռնության համար աշակերտներին հայտնում ենք մեր անկեղծ շնորհակալությունը։

Ուրախ ենք, որ մեր երկրի ապագան հենց նրանց նման լուսավոր, պայծառ, աշխատասեր, հայրենասեր ու նպատակասլաց երիտասարդների ձեռքում է։ Պատրաստ ենք նպաստելու, որ նրանց ողջ ներուժն օգտագործվի թե՛ ի շահ իրենց, թե՛ մեր պետության հզորացմանը։

Սիրելի՛ աշակերտներ, շահագրգիռ կողմեր, ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ձեզ հետ հանդիպելու, քննարկելու ու համատեղ աշխատանքների ձևաչափեր մշակելու՝ միասին ստեղծելու հնարավոր լավագույն կրթական համակարգը։ Սիրով սպասում ենք ձեր առաջարկներին։