«Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շո՛ւնչը դարձիր…»
Uncategorized

«Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շո՛ւնչը դարձիր…»

Երկու օր՝ շնորհակալության, ոգեշնչման և մասնագիտական ձեռքբերումների շուրջ

Փետրվարի 6-ին և 7-ին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցան «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման եռամսյա վերապատրաստումների 6-րդ շրջափուլի ամփոփիչ և հավաստագրերի հանձնման հանդիսավոր միջոցառումները։

Երկու օր շարունակ հիմնադրամի հարկի տակ հավաքվել էին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից ժամանած ուսուցիչներ՝ միասին ամփոփելու եռամսյա ինտենսիվ ուսումնառության, փորձի փոխանակման և մասնագիտական աճի ճանապարհը։ Մթնոլորտը լի էր ջերմությամբ, հպարտությամբ, հուզմունքով ու շնորհակալությամբ՝ ստեղծելով իրական համայնքային տոն։

Այս շրջափուլը ևս հաստատեց, որ «Աշխարհացույցի» եռամսյա վերապատրաստումները վաղուց դուրս են եկել սովորական դասընթացի շրջանակներից՝ վերածվելով ուսուցիչների մասնագիտական ինքնազարգացման, համագործակցության և պատկանելիության կարևոր հարթակի։

Վկայականից այն կողմ. ճանապարհ, ոչ թե փաստաթուղթ

Ուսուցիչներին ողջունեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով ծրագրի խորքային նշանակությունը․ «Այս հավաստագրերը պարզապես փաստաթուղթ չեն, դրանք վկայում են ուսուցչի անցած իրական ճանապարհի մասին՝ սովորելու, կիրառելու, փորձարկելու և սեփական փորձով կիսվելու։ Մեզ համար ամենամեծ ձեռքբերումը ձևավորված համայնքն է, որտեղ ուսուցիչները միմյանցից սովորում են, աջակցում են միմյանց և համատեղ ստեղծում կրթության նոր որակ»։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ իրենց նվիրվածության և փոփոխության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ հենց այսպիսի ուսուցիչներն են ձևավորում ապագայի կրթությունը Հայաստանում։

Երկօրյա միջոցառումների ընթացքում հնչեցին մի շարք խորքային ու հուզիչ ելույթներ, որոնք լավագույնս արտացոլեցին ծրագրի իրական ազդեցությունը։
Երևանի հ. 181 հիմնական դպրոցի երաժշտության ուսուցիչ Մարիետա Ադամյանը նշեց, որ «Աշխարհացույցն» իր համար դարձավ նոր մտածողության, համագործակցության և ստեղծագործական մոտեցման հարթակ․ «Այս ծրագիրն ինձ օգնեց վերաիմաստավորել ուսուցչի դերը՝ որպես ուղղորդող, ոգեշնչող և համագործակցության միջավայր ստեղծող մասնագետ։ Աշակերտների հետ իրականացված նախագծերը ցույց տվեցին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան կենդանացնել դասը և սովորողին դարձնել ակտիվ մասնակից։ Արվեստի կրթությունը, հատկապես երաժշտությունն ու գեղագիտական դաստիարակությունը այս ձևաչափում ձեռք բերեցին նոր որակ՝ ձևավորելով հանդուրժողականության, մշակութային երկխոսության և համատեղ արժեքների միջավայր»։

Արմավիրի մարզի Արտիմետի միջնակարգ դպրոցի գրականության ուսուցիչ Սոնա Մուսայելյանն ընդգծեց, որ վերապատրաստումը փոխեց իր դասավանդման ոճն ու հարաբերությունը տեխնոլոգիաների հետ․ «Այս վերապատրաստումն ինձ հնարավորություն տվեց լինել ավելի հետաքրքիր ուսուցիչ թվային սերնդի համար։ Այլևս չեմ վախենում նոր գործիքներից․ դրանք դարձել են իմ լավագույն օգնականները՝ օգնելով բարդը դարձնել պարզ, դասը՝ վիզուալ, իսկ աշակերտին՝ ներգրավված»։

Արարատի մարզի Փոքր Վեդու Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ Անուշ Հովսեփյանը խոսեց ծրագրի շուրջ ձևավորված ջերմ համայնքի և շարունակական աջակցության կարևորության մասին՝ ընդգծելով, որ «Աշխարհացույցը» դարձել է իր ամենօրյա ուսուցման անբաժանելի մասը։

Տեսաուղերձով իր փորձառությամբ կիսվեց նաև Լիոնի Մարգարյան-Փափազյան վարժարանի ուսուցիչ Բագրատ Գինոսյանը՝ փաստելով, որ «Աշխարհացույցը» կամուրջ է դարձել Հայաստանի և սփյուռքի դպրոցների միջև՝ ստեղծելով միասնական կրթական միջավայր։

Միջոցառմանը ներկա էին նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը և Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետ Մարիամ Պետրոսյանը, որոնք իրենց խոսքում կարևորեցին ծրագրի համադրումը հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանության հետ՝ ընդգծելով, որ «Աշխարհացույցը» կարող է դառնալ ուսուցիչների համար արդյունավետ գործիք՝ կրթական բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Մարիամ Պետրոսյանը հավելեց նաև, որ ինքն անձամբ շատ բան է սովորել այս վերապատրաստումներից՝ ձեռք բերելով նոր գործընկերներ և համախոհներ։

Ճանապարհը՝ թվերով

Երկու օրերի ընթացքում մասնակից ուսուցիչներին հանձնվեցին եռամսյա վերապատրաստումների երեք մակարդակի հավաստագրեր՝

    • «Աշխարհացույցի» 69 գիտակ ուսուցիչ,
    • «Աշխարհացույցի» 65 հմուտ ուսուցիչ,
    • «Աշխարհացույցի» 53 հետազոտող ուսուցիչ։

Ընդհանուր առմամբ՝ 38 ժամ տևողությամբ 21 հանդիպումներին մասնակցած 1159 ուսուցիչներից հավաստագրեր ստացան 187-ը։ Իսկ այս թվերի հետևում իրական պատմություններ են, հաղթահարված դժվարություններ, նոր փորձարկումներ և մասնագիտական աճ։

Միջոցառման օրերը լի էին նաև անակնկալներով, որոնցից առանձնահատուկ էր Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Լաուրա Գրքիկյանի պարգևատրումը «Աշխարհացույց» կրծքանշանով՝ հարթակի կիրառման, տարածման և մանկավարժական բարձր մշակույթի համար։ «Շատ հուզված եմ… անսպասելի էր։ Երջանիկ եմ, որ գնահատված եմ։ Միշտ հավատացել եմ Հիմնադրամի ծրագրերին, հետևել, գործակցել։ Ցանկանում եմ դեռ երկար ծառայել կրթությանը», — արցունքների միջից նշեց տիկին Գրքիկյանը։

Միջոցառումները եզրափակվեցին մշակութային համարներով, ջերմ շփմամբ և հյուրասիրությամբ՝ վերածվելով իրական համայնքային տոնի։

Անցած այս ճանապարհի բուն էությունը լավագույնս ամփոփվեց Բալահովիտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Սոֆյա Քերոբյանի խոսքերով․ «Մեծն Չարենցը կասեր՝ թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր… Աշխարհացույցը դարձել է ժամանակի շունչը ու մեզ էլ բերել, կապել է այդ շնչին։ Մենք այլևս չենք պատկերացնում մեր դասն առանց այս հարթակի»։