Սպասված և ինտերակտիվ հանդիպում․ Վիզուալի թիմը հյուրընկալեց «Բացահայտելով Աշխարհացույցը» ֆլեշմոբի հաղթողներին

Բուռն ու ստեղծարար 2025 թվականն իր արձագանքն է շարունակում գտնել նաև 2026-ի առաջին ամիսներին։ Օրերս էլ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գրասենյակում կայացավ տարվա ֆլեշմոբերի հաղթողների հանդիպումը, որը վերածվեց փորձի փոխանակման, ոգեշնչման և ապագա նախաձեռնությունների համատեղ ձևավորման յուրահատուկ հարթակի։
2025 թվականի ընթացքում «Աշխարհացույց» կրթական հարթակի շրջանակում իրականացվել են մի շարք թեմատիկ ֆլեշմոբեր՝
«Աշխարհացույցը՝ սմարթով»,
«Նեմեսիսի հետքերով»,
«Կին գործիչները Աշխարհացույցում»,
«Թումանյանը՝ Աշխարհացույցում»,
«Բացահայտելով Աշխարհացույցը», որի ենթաթեմաներն էին՝ «Ավետիք Իսահակյան՝ 150-ամյակ», «Երկրորդ աշխարհամարտի ավարտը» և «Մարդու միտքը՝ աշխարհի շարժիչ ուժ»։
Այս նախաձեռնություններին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի տասնյակ դպրոցներ՝ ներկայացնելով տեսանյութեր, նախագծային աշխատանքներ, ստեղծարար վիզուալ լուծումներ և վերլուծական մոտեցումներ։ Հատկապես մեծ արձագանք ունեցավ «Բացահայտելով Աշխարհացույցը» ֆլեշմոբը, որին միացել էին ավելի քան 110 դպրոցներ։ Սա դարձավ ոչ միայն քանակական, այլև որակական կարևոր ցուցանիշ՝ վկայելով հարթակի նկատմամբ աճող հետաքրքրության և ակտիվ ներգրավվածության մասին։
Ֆլեշմոբերի շրջանակում ստեղծված բովանդակությունը լայն տարածում գտավ սոցիալական հարթակներում՝ հավաքելով հազարավոր դիտումներ և վերածվելով հանրային քննարկման թեմայի։
Հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի Մյասնիկյանի միջնակարգ դպրոցի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 11 և թիվ 7 հիմնական դպրոցների, Արթիկի առաջին հիմնական դպրոցի, Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի և Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի 4-9-րդ դասարանների 28 ակտիվ աշակերտներ։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով։ Սովորողները ներկայացրին իրենց նախընտրած ֆլեշմոբերի թեմաները, կիսվեցին մասնակցության ընթացքում ձեռք բերած հմտություններով, խոսեցին «դեսպան աշակերտների» ծրագրի ազդեցության մասին իրենց անձնական ու դպրոցական կյանքի վրա։ Օրը հագեցած էր քննարկումներով, թիմային աշխատանքով և ստեղծարար մթնոլորտով։
Մասնակիցները ներգրավվեցին նաև «Գաղափարից գործ» ստեղծարար աշխատարանում՝ բաժանվելով երեք թիմի՝
«Վիզուալի հրաշագործներ»՝ Արմեն Ներսեսյանի,
«Քարտեզների վարպետներ»՝ Դավիթ Շինդյանի,
«Դեշբորդի գծագրողները»՝ Հովհաննես Ղազարյանի մենթորությամբ։
Թիմերն աշխատեցին տարբեր ստեղծարար առաջադրանքների վրա՝ կիրառելով հարթակի վիզուալ, ինտերակտիվ, խաղային և արհեստական բանականության գործիքները։ Նրանց նպատակը պատմությունը կենդանի, ինտերակտիվ ու հիշվող դարձնելն էր՝ գաղափարները վերածելով կիրառելի կրթական լուծումների։
Խմբային աշխատանքի արդյունքները ներկայացվեցին ընդհանուր քննարկման ընթացքում՝ ձևավորելով փոխադարձ ուսուցման, համագործակցության և ոգեշնչման միջավայր։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի համար սովորողների ձայնը լսելի դարձնելը հիմնարար արժեք է։ Դեսպան աշակերտները միայն մասնակիցներ չեն․ նրանք իրենց համայնքներում ձևավորում են առաջնորդության, համագործակցության և ստեղծարար մտածողության նոր մշակույթ։
Հանդիպման ավարտին հնչած կառուցողական հետադարձ կապը և նոր գաղափարները հիմք դրեցին ապագա ֆլեշմոբերի ծրագրավորմանը, որոնք խոստանում են լինել էլ ավելի մասշտաբային, ներգրավող և ազդեցիկ։










































































