Սմարթով դասասենյակները մեր ժամանակների «օթաղ»․ զարգացնելով գործընկերությունն Աշխարհացույցի սմարթ-էկրաններ վաստակած դպրոցների համայնքում
Uncategorized

Սմարթով դասասենյակները մեր ժամանակների «օթաղ»․ զարգացնելով գործընկերությունն Աշխարհացույցի սմարթ-էկրաններ վաստակած դպրոցների համայնքում

Տարեվերջին տեղի ունեցավ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2023» մրցույթ-ծրագրի շրջանակներում 40 սմարթ-էկրան վաստակած դպրոցների հետ հաշվետու հանդիպում: Դպրոցների ներկայացուցիչները՝ հիմնականում նախագծային աշխատանքների ղեկավարները, տեսասահիկների միջոցով ներկայացրին սմարթ-էկրան ձեռք բերելուց հետո իրենց դպրոցների ծավալած գործունեությունը։

Հեռավար հանդիպման ընթացքում, որին ներկա էին ինչպես նաև 2024 թ․ հաղթող դպրոցները, մասնակիցները ներկայացրին իրենց մեկ տարվա ձեռքբերումները՝ ընդգծելով և հատուկ կարևորելով սմարթ-էկրանների դերը ժամանակակից կրթություն ապահովելու գործում։ «Մինչ սմարթ-էկրանի ներդրումը, մեր կրթական գործընթացը միջնադար էր հիշեցնում։ Սակայն սմարթ-էկրանի շնորհիվ լույս և լուսավորություն է ներթափանցել դպրոց, և այսօր սովորողները հասանելիություն ունեն այնպիսի կրթության, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին։ Աշխարհացույցի, հիմա արդեն նաև սմարթ-էկրանի շնորհիվ կարող ենք իրականացնել տարբերակված ուսուցում, որն էլ նոր չափորոշիչների կարևոր նախապայմաններից է», — նշում է Արմավիրի մարզի Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արփենիկ Մարգարյանը։ «Դպրոցի կյանքը բաժանվել է մինչ սմարթ-էկրանը և դրանից հետո․ այն շատ է սիրվել աշակերտների կողմից, նույնիսկ սովորել չսիրող աշակերտներն այժմ ձգտում եմ մոտենալ էկրանին, գրել ու սովորել, աշխատել հարթակով, այսինքն՝ մեծ մոտիվացիայի աղբյուր է դարձել այն: Սմարթ-էկրանը կիրառվում է բոլոր դասաժամերին, նույնիսկ հերթեր են գոյանում: Այն հեշտացնում է խմբային աշխատանքը»,- կիսվում է Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Կարապետյանը։

Դպրոցների հետ աշխատանքում պարզ է դառնում, որ սմարթ-էկրանները ոչ միայն առհասարակ բարձրացնում են կրթության որակը, այլև նպաստում են ներառականությանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանը․ «Լինելով նաև ներառական կրթություն ապահովող դպրոց՝ սմարթ-էկրանի ի հայտ գալով դասապրոցեսները դարձել են հեշտ ու մատչելի, ներառական խնդիրներ ունեցող աշակերտները հաճույքով են օգտվում սմարթ-էկրանից»,- կարևորում է Շիրակացու համար 8 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիաննա Հակոբյանը։ «Դարձել են ավելի համարձակ, ավելի հմուտ, ավելի ունակ»,- հավելում է Կոտայքի մարզի Բալահովիտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սոֆյա Քերոբյանը։ Ի դեպ, տիկին Քերոբյանի դպրոցը, ի թիվս այլ դպրոցների, առանձնանում է սմարթ-էկրանի ակտիվ ու արդյունավետ կիրառմամբ․ Հիմնադրամի հետ գործընկերության շրջանակներում իրականացրել են բոլոր 14 քայլերով սահմանված գործողությունները։

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրին իրենց հաջողված նախագծերն ու լավագույն փորձերը։ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի ուսուցիչ Միքայել Միքայելյանը, որը սեպտեմբեր ամսից է սկսել դասավանդել դպրոցում, շեշտում է․ «Մի քանի ամիս առաջ եմ իմացել «Աշխարհացույց» կրթական հարթակի մասին, երբ եկա դպրոց, դպրոցն արդեն վաստակել էր սմարթ-էկրանը։ Այժմ հարթակը շատ կարևոր գործիք է դարձել իմ դասապրոցեսում։ Սովորողներն ամբողջությամբ ներգրավված են ոչ միայն դասապրոցեսին, այլև ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, հետաքրքրությամբ են սովորում, ավելի լավ հասկանում և մեկնաբանում պատմական իրադարձությունները։ Հարթակը նպաստել է նաև նրանց բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, իսկ աշակերտական խորհրդի հետ սմարթ-էկրանների կիրառմամբ իրականացնում ենք տարբեր նախագծեր և աշխատանքներ։ Այս գործընթացը մեծացնում է սովորողների ակտիվությունը և նպաստում նրանց համակարգված մտածելակերպի ձևավորմանը»։

«Սմարթ-էկրանի մուտքը մեծ հեղափոխություն էր ողջ դպրոցի համար, քանի որ այն ոչ միայն ուսումնական գործընթացը դարձրեց ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ, այլ նաև սովորողների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց։ Հիմա երեխաներին դասի ընթացքում սմարթ-էկրանի սենյակից հեռացնելը շատ դժվար է, քանի որ նրանք ամբողջությամբ ներգրավված են տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող դասերին», — հավելում է Արմավիրի մարզի Մեծամորի Սաշա Գալստյանի անվան համար 2 ավագ դպրոցի ուսուցչուհի Ալինա Սարգսյանը։

«Սմարթ-էկրանը տեղադրել ենք մի սենյակում, որը դարձել է հին ժամանակների ասած օթաղը, մեր կարևորագույն նախագծերը, դասերը անում ենք այդ սենյակում, ինչպես նաև մեր հյուրերին պարտադիր ուղեկցում ենք այդ սենյակ»,- եզրափակում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սվետլանա Սահակյանը։

Տեղեկացնենք, որ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամն իր «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» նախագծային մրցույթ-ծրագրի շրջանակներում իրականացնում է 14 քայլից կազմված գործընկերության ծրագիր՝ նպատակով, որ սմարթ-էկրան վաստակած դպրոցները կարողանան առավելագույն արդյունավետությամբ կիրառել տեխնիկան և ստեղծել հավելյալ արժեք դպրոցի և իրենց համայնքի համար։ Դպրոցներին խրախուսվում է սմարթ-էկրաններով իրականացնել տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ օրինակելի դասեր, ինտեգրված դասեր, համայնքի (բնակավայրից մինչև մարզ) դպրոցների տնօրենների, կրթության կառավարիչների ներգրավվածությամբ հանդիպում-քննարկումներ, աշակերտական խորհրդի ներգրավմամբ «Աշխարհացույց» կրթական հարթակի արդյունավետ օգտագործման քննարկումներ, կարգավորել սմարթ-էկրանների կիրառումը դպրոցում՝ ըստ սովորողների կարիքների և հնարավորությունների հաշվառման (կրթության առանձնահատուկ կարիք ունեցող սովորողներ), ունենալ «Աշխարհացույցի» կիրառմամբ մեթոդամանկավարժական փորձի փոխանակում դպրոցների միջև և այլն։