Կա անգլերեն Բրիտանիկան, և մենք արդեն ունենք ոչնչով չզիջող հայերեն հարթակը. զրույց «Աշխարհացույց»-ի աշխարհագրություն առարկայի խմբագիրների հետ

Միաժամանակ տարածության և ժամանակի մեջ ճամփորդելը նրանց սիրած զբաղմունքն է, որ դարձել է աշխատանք: Աշխարհագետ խմբագիրներին այս հնարավորությունը տալիս է «Աշխարհացույց» կրթական հարթակը: Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Ալեքսանյանն ի դեմս ծրագրի` Հայաստանում աշխարհագրությունը որպես առարկա և գիտություն վերածնելու լուրջ հիմք է տեսնում: Բայց սա «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի թիմին միանալու շարժառիթներից միայն մեկն է:
«Նախ աշխարհագրություն սովորել «Աշխարհացույց»-ով նշանակում է ազգային գաղափարախոսություն կամ արժեք: Սա արտահայտվում է հենց «Աշխարհացույց» բառով՝ որպես Անանիա Շիրակացու ֆունդամենտալ աշխատություններից մեկը: Այսինքն՝ մենք աշխարհին նայում ենք լայն պատկերացմամբ` մեր աշխարհացույցով, «աշխարհացույց» բառի այն ընկալմամբ, որը յուրաքանչյուր հայի մոտ ասոցացվում է Մեծ Հայաստանի հետ: Այս իմաստով շատ կարևոր է այդ անվանումով հասկանալ թե՛ աշխարհագրությունը, թե՛ պատմությունը, թե՛ հայագիտական մյուս առարկաները»,- նկատում է «Աշխարհացույց»-ի աշխարհագրություն առարկայի խմբագիր, ա.գ.թ., դոցենտ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ Գոռ Ալեքսանյանը:
«Աշխարհացույց»-ը գալիս է լրացնելու դասագիրքը՝ ստեղծելով ինտերակտիվ ու հարմար, ինչպես Ալեքսանյանն է նկատում, մոբիլ կրթական միջավայր աշակերտի և ուսուցչի համար: Բավական է ձեռքի տակ ունենալ խելացի հեռախոս, և կարող ես հարմար պահի և հարմար վայրում մուտք գործել հարթակ ու յուրացնել արդեն իսկ մշակված և օգտակար բովանդակություն. «Հարթակում տեղադրված նյութերը ոչ այնքան դասագրքային են, որքան հանրագիտարանային, որոնք լայնացնում են մտահորիզոնը: Իսկ որքան լայն են մեր մտքի սահմանները, այնքան ավելի լավ ենք տեսնում աշխարհն ու այդ աշխարհի մեջ մեր դերակատարումը»,- ասում է Գոռ Ալեքսանյանը:
«Մենք փորձում ենք հնարավորինս բացել օբյեկտը և երևույթը, ներկայացնել խորությամբ, բայց նաև մատչելի լեզվով, որ աշակերտի համար լինի գրավիչ և ընդունելի: Ես միշտ ասում եմ, որ կա անգլերեն Բրիտանիկան, որն ամեն ինչի մասին տալիս է շատ ընդհանուր պատկերացում, և մենք արդեն ունենք հայերեն հարթակը, որը ոչնչով չի զիջում»,- շարունակում է «Աշխարհացույց»-ի մյուս խմբագիրը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, առաջատար գիտաշխատող, «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ուսուցիչ Վարդան Ասատրյանը:
Հիմք վերցնելով աշխարհագրության դասագրքերը՝ նախ ուսումնասիրում են, թե որ երևույթները, տեղանուններն ու վայրերն ունեն լրացուցիչ մեկնաբանության կարիք: Ըստ այդ կարիքի ստեղծվում են համապատասխան հոդվածներ ու այլ օժանդակ նյութեր. «Օրինակ՝ Աֆրիկայի ներքին ջրերը մեկ պարբերություն նյութ է դասագրքում, բայց դրանից ելնելով` մենք պատրաստում ենք առանձին հոդված յուրաքանչյուր գետի, լճի, ջրվեժի մասին: Հետևաբար աշակերտը ոչ միայն ընդհանուր պատկերացում է կազմում տվյալ մայրցամաքի մասին, այլև առանձին հոդվածներով կարող է ծանոթանալ դրա յուրաքանչյուր մասնիկին»,- ավելի պատկերավոր լինելու համար Վարդան Ասատրյանը բերում է նաև պետությունների օրինակը: Դասագրքում դրանք կարող են ներկայացվել 2-3 պարբերությամբ՝ ամփոփելով տնտեսության, բնակչության և երկրին առնչվող այլ տեղեկություններ: Իսկ «Աշխարհացույց»-ում աշակերտն ու ուսուցիչը այդ երեք պարբերության մասին կարող են գտնել 30-60 հոդված:

«Երբ աշակերտ էի, երազում էինք ունենալ լավ գրքեր, լավ քարտեզներ, իսկ հիմա «Աշխարհացույց»-ի շնորհիվ մենք թերթում ենք տարածությունն ու ժամանակը: Սա ինձ համար երազանքի իրականացում է,— անկեղծանում է աշխարհագրություն առարկայի հոդվածագիր և բովանդակության համակարգող, մանկավարժ և ԿԳՄՍ նախարարի հանրային խորհրդի անդամ Տիգրան Ենգիբարյանը,- «Աշխարհացույց»-ը նաև փայլուն հարթակ է միջառարկայական կապերի ստեղծման համար: Նախկինում փակվում էինք դասարանում մեր առարկայի քարտեզների և դասագրքի հետ, իսկ միջառարկայական կապերի համար՝ հույսը դնում սովորողների երևակայության վրա: Այժմ «Աշխարհացույց»-ը հնարավորություն է տալիս մեկ ծրագրով ցույց տալ, օրինակ՝ Հարավային Եվրոպայի քաղաքական քարտեզի փոփոխությունները՝ Հռոմեական կայսրություն, Բյուզանդական կայսրություն, հասնել մինչև հելլենական քաղաքակրթություն, ապա վերադառնալ և ուսումնասիրել ժամանակակից Իտալիայի, Հունաստանի տարածքներն ու այնտեղ տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները և այլն»:
Տիգրան Ենգիբարյանը միաժամանակ աշխարհագրություն է դասավանդում Հայաստանում Քեմբրիջ միջազգային կրթահամալիրում և Գեղանիստի դպրոցում: Երկու տարբեր միջավայր. մեկը՝ զինված անհրաժեշտ տեխնիկայով, մյուսը՝ ոչ, իսկ ուսուցչի խնդիրն է ապահովել հավասար կրթական մակարդակ: Այս հարցում Տիգրանի անփոխարինելի օգնականն է «Աշխարհացույց»-ը, որն ապագայում պատկերացնում է նաև հավելվածի տեսքով. «Այն փոխել է պատկերացումները ժամանակակից աշխարհագրության և քարտեզների մասին: Սովորողները հասկացել են, որ քարտեզն այդքան էլ անշարժ չէ, ու թե որքան մեծ ու մանրամասն է աշխարհը: Ընդհանրապես հայերեն լեզվով և այսպիսի խորության նախագիծն աննախադեպ է թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում»:
Ֆունկցիոնալ այս հարթակն իր անընդհատ թարմացող հոդվածներով, որոնք արտացոլում են նյութի վերաբերյալ եղած ամենաթարմ տվյալները, և գործիքակազմով հնարավորություն է տալիս աշակերտին ոչ միայն յուրացնել այնտեղ եղած բովանդակությունը, այլև համադրելով եղածը՝ ստեղծել սեփականը. «Աշխարհագրությունը մարդու տեսողությունն է: Եթե չունես աշխարհագրական մտածողություն, չես կարող ոչ պետություն կառավարել, ոչ տարածք, ոչ նույնիսկ սեփական բնակարանը»,- ասում է Վարդան Ասատրյանը՝ շարունակելով. «Նրանք, ովքեր սիրում են ժամանակն անցկացնել օնլայն հարթակներում, «Աշխարհացույց»-ը փայլուն այլընտրանք է: Այստեղ դու ժամանակ չես վատնում ցաքուցրիվ ինֆորմացիայի վրա, այն ի սկզբանե համակարգված է, ինչն էլ թույլ է տալիս աշակերտին շատ ավելի արագ առաջընթաց ունենալ»:
Վերջին երկու տարում «Աշխարհացույց»-ն աշխարհագրության չորս դասագիրք է «վերծանել» և համալրել մի քանի հազար էջ խնամքով մշակված և հեշտ կիրառելի օժանդակ նյութերով: Այս հարթակի համար հոդվածներ ստեղծում են բացառապես մասնագետները, որոնց համար պարտադիր է ունենալ առնվազն աշխարհագրության բակալավրի աստիճան:
«Հիմնադրամի հետ աշխատելը համարվում է որակի նշան: Ստեղծվում է «Վիզուալ Հայաստան»-ի համայնք, որը նույնականացվում է բարձրորակ արտադրանքի, բովանդակության հետ: Հետևաբար մասնագետի համար դառնում է պատվաբեր այս համայնքի մաս կազմելը: Եթե օրինակ՝ ես Վիեննայում հանդիպեմ մեկին, որն ասի՝ աշխատում է «Վիզուալ Հայաստան»-ի հետ, երկուսս էլ հպարտություն կզգանք՝ մեզ նույնականացնելով այդ միջավայրի հետ»,— եզրափակում է Գոռ Ալեքսանյանը:



