Սմարթ-գրատախտակ զինվորից՝ ի հզորացում սերունդների
«Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների․ ինձ բացակա չդնեք․․․»․ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծնողները «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցին նվիրաբերեցին սմարթ-էկրան։ Ծրագրի շրջանակում ևս մեկ սմարթ-էկրան նվիրաբերվեց «Հերացի» ավագ դպրոցին, որտեղ նույնպես ուսանել է հերոս զինծառայողը։
Գրիգորի ծնողների որոշումը՝ նպաստելու երկրում կրթության ոլորտի զարգացմանն ու հնարավորություն ընձեռելու նորագույն տեխնիկայով առավել արդյունավետ դասապրոցես իրականացնելու, հզոր ուղերձ ունի։ Կրթությունը, իրապես, հենց այն ոլորտն է, որի զարգացումը երկրի զարգացման խթանը կարող է դառնալ։
Պարտավորեցնող է, որ այս կարևոր առաքելության կյանքի կոչումը հերոս զինվորի ծնողները վստահել են «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամին՝ հավատալով, որ ժամանակակից, բարձրորակ կրթությունը հնարավորություն կտա դաստիարակելու ավելի մրցունակ և ուժեղ սերունդ, որն ի զորու կլինի հզորացնել պետությունը և դիմակայել ապագայի մարտահրավերներին:
Գրիգորի մայրը՝ Ֆլորա Վերդյանը վստահ է՝ հենց Գրիգորը կուզեր իր դպրոցին նման հնարավարություն ընձեռել․ «Իր համակարգչում մի տող էինք գտել՝ «սիրո բոլոր դրսևորումները հայրենիքն է իր մեջ պահում»։ Ուզում ենք՝ սերունդներն էլ գիտելիքներ ստանան, ճանաչեն ու սիրեն հայրենիքը»,-ասաց հերոսածին մայրը։
Հիմնադրամը մեծ սիրով հանձն է առնում առավելագույնի հասցնել այս ներդրման արդյունավետությունը՝ ապահովելով համապարփակ աջակցություն, որը ներառում է բարձրորակ կրթական բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում և ներգրավում «Աշխարհացույց» համայնքում։
«Վիզուալ Հայաստան»-ի տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց՝ Գրիգորը հայրենասեր երիտասարդի կերպար է՝ հայրենաճանաչ և հայրենատեր։ «Պատահական չէ, որ իր ծնողները որոշել են ի հզորացում սերունդների դպրոցին նվիրաբերել սմարթ-էկրան։ Մրցունակ մարդկային կապիտալ ձևավորելու համար պետք է առաջին հերթին ներդրում կատարել կրթական միջավայր ձևավորող և կրթությունն արդյունավետ դարձնող գործիքների մեջ»։
Այս նախաձեռնությունը ոչ միայն ներդրում է հայ երիտասարդության ապագայի մեջ, այլև հարգանքի տուրք է այն մարտիկներին, որոնք իրենց կյանքն են զոհել հայրենիքի պաշտպանության համար։
Մենք հավատացած ենք, որ որակյալ կրթություն ստացող սերունդն է դառնալու ապագա հաղթանակների կերտողն ու դրանք պահպանողը, և շարունակելու ենք ամեն օր աշխատել՝ հաղթող սերունդ ձևավորելու համար։