Պարտադիրն ընթացքի մեջ․ շուրջ 400 ուսուցիչ վերապատրաստում է անցնում «Վիզուալ Հայաստան» հիմնադրամում

Հունիսի սկզբից Հիմնադրամում մեկնարկվեցին պարտադիր (հերթական) ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները՝ նախատեսված 2-րդ և 3-րդ մակարդակների համար։ Դասընթացները ներառում էին հետևյալ բաժինները՝
- 21-րդ դարի հմտություններ,
- ռեսուրսների կառավարում,
- տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ),
- դասընթացների և դասերի պլանավորում,
- ուսումնառության գնահատում,
- դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառարկայական կապեր։
Վերապատրաստումների առանցքում 21-րդ դարի հմտությունների զարգացման մեթոդաբանական հնարների շուրջ ուսուցիչների հմտացումն է, որպեսզի ուսուցիչները կարողանան իրենց դասապրոցեսում կիրառել այնպիսի գործնական մեթոդներ, որոնք հնարավորություն կտան զարգացնելու սովորողների ինչպես մտածական, այնպես էլ աշխատանքային և փափուկ հմտությունները։
«Նպատակին հասնելու համար մշակվել է հատուկ ծրագիր՝ տեսական, գործնական և ամրապնդող բաղադրիչներով։ Վերապատրաստումների ընթացքում հաճախ կարիք է լինում յուրաքանչյուր ուսուցչի ցուցաբերել անհատական մոտեցում, ու քանի որ մեր նպատակն է ունենալ արդյունավետ դասընթաց, հետևաբար որակի ու նյութի մատուցման ձևին շատ մեծ նշանակություն ենք տալիս։ Բոլոր վերապատրաստումները՝ և՛ հեռավար, և՛ առկա, մշտադիտարկման տակ են։ Ըստ անհրաժեշտության՝ արվում են միջամտություններ, լրամշակումներ և այլն», — նշում է «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։
«Նախորդ տարի մեզ մոտ վերապատրաստված ուսուցիչները կրկին մեզ են ընտրել, իրենց հետ բերել են նաև իրենց գործընկերներին։ Կարիք եղավ նաև մեծացնել վերապատրաստողների թիմը։ Հատկապես ՏՀՏ դասընթացի շրջանակներում աշխատում ենք հնարավորինս փոքր խմբերով, որ կարողանանք առավելագույն արդյունք ապահովել»,- հավելում է Հիմնադրամի պարտադիր վերապատրաստումների համակարգող Անի Հովհաննիսյանը։
Աշխատանքային թիմի համար շատ կարևոր է վերապատրաստվող ուսուցիչներից եկող արձագանքը։ «Մեր դպրոցում ամեն անգամ պատմում եմ՝ որքան բան եք սովորեցնում ու այնքան ճիշտ ու հաճելի մոտեցումով։ Այնպես որ մեր դպրոցից հաստատ նոր ուսուցիչներ կդիմեն ձեր վերապատրաստումներին», — նմանօրինակ հաղորդագրություններ են թողնում դասընթացի իրենց ժամաքանակն ավարտած ուսուցիչները։
Սա ոչ միայն պարտադիր գործընթաց է, այլ նաև հնարավորություն՝ զարգանալու որպես ժամանակակից մանկավարժ, կիսվելու փորձով և ստանալու նոր գործիքներ։
Հիմնադրամը վերապատրաստումները կշարունակի արդեն օգոստոս և հոկտեմբեր ամիսներին։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/wNkQ3qPXbiuG22HH8։ Հարցերի դեպքում կարող եք գրել trainings@visualarmenia.org էլհասցեին կամ զանգել 055 500 608 համարին։





















