Մեկնարկեց Աշխարհացույց կրթական հարթակի ճանաչման ու գործածման մարզային սեմինարները
Վիզուալ Հայաստան զարգացման հիմադրամը ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համատեղ ս.թ․ ապրիլի 15-ին Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում իրականացրեց Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման սեմինար, որի նպատակն էր ձևավորել հարթակի (https://brainograph.com/) օգնությամբ ինտերակտիվ պատմության դասեր կազմակերպելու հմտություններ, զարգացնել մեթոդամանկավարժական նոր կարողություններ, զարգացնել ուսուցիչների մանկավարժական ու նաև առարկայական կարողությունները։
Սեմինարին մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի 95 պատմության ուսուցիչներ, որոնցից 45-ը ներկա գտնվեցի առկա սեմինարին։ Մնացյալ հայտատուների հետ աշխատանքները կանցկացվեն հեռավար։
Սեմինարը տեղի ունեցավ Թեղուտի միջնակարգ դպրոցում, որի տնօրեն պարոն Արգամ Թամրազյանը կարևորեց ինչպես իր ղեկավարած դպրոցի մասնակցությունն Աշխարհացույց ծրագրին, այնպես էլ մարզի պատմության ուսուցիչների համար ստեղծված այս հնարավորությունը։
Աշխարհացույց ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանը ողջունեց ներկաներին, բարձր գնահատեց ուսուցիչների մղումը զարգացնելու մասնագիտական կարողությունները և հետաքրքրությունը կրթական նորարարությունների նկատմամբ։
«Մեզ համար շատ կարևոր էր հենց պատմություն առարկայից սկսելը, քանզի հենց սեփական պատմություն իմացող սերունդն է ի վիճակի ուժեղ ապագա կառուցել ու հենց հայրենասեր սերունդն է, որ պիտի կերտի ու կառուցի ուժեղ պետություն: Ծրագրի հիմքում նորարարությունն է և մենք հավատացած ենք, որ հնարավոր է շատ արագ առաջընթաց ապահովել, եթե մենք կարողանում ենք հասկանալ կյանքում տեղի ունեցող առաջընթացները և դրանք կիրառելի դարձնում մեր կյանքում և դրանց միջոցով ստեղծում նոր հնարավորություններ մեր աշակերտների համար»,- իր խոսքում նշեց ծրագրի հեղինակը։
Սեմինարին ներկա էր նաև Հիմնադրամի աջակից և բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը։ Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Ուսուցիչները երիտասարդների կյանքում ամենակարևոր մարդկանցից են, քանի որ դուք, սիրելի ուսուցիչներ, կարող եք մեծ ազդեցություն ունենալ աշակերտների կյանքում, քանզի դուք շատ լավ գիտեք ձեր աշակերտներին, թե ո՞վ են իրենք և ի՞նչ կարող են դառնալ: Մեզանից շատերի վրա մեծ ազդեցություն են ունեցել հենց մեր ուսուցիչները, երբ մենք երիտասարդ էինք: Շատ կարևոր է նաև հասկանալ, թե ի՞նչ կարող ենք մենք անել ուսուցչի համար, ի՞նչ ներդրում կարող ենք ունենալ նրա աշխատանքում, ինչպիսի՞ գործիքներ կարող ենք նրան տալ, որովհետև, երբ մենք հզորացնում ենք ուսուցչին, մենք հզորացնում ենք նաև աշակերտին։ Այդ կերպ դուք աշակերտին շատ ավելի մեծ հնարավորություններ եք տալիս»:
ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը հանդես եկավ ելույթով և ներկայացրեց «Աշխարհացույց» հարթակի կիրառման հնարավորությունն ըստ պատմություն առարկայի չափորոշչի։
«Ուրախ եմ կրկին հանդիպել և էլ ավելի ոգևորիչ է, որ այս հարթակի շրջանակներում ենք հանդիպում: Աշխարհացույց հարթակը գալիս է օգնելու մեր մասնագիտական առարկային՝ պատմությանը, գալիս է մեզ օգնելու, ուժեղացնելու, աջակցելու, որպեսզի մեր առարկան աշակերտների համար դառնա առավել հետաքրքրական ու մոտիվացնող՝ ուսումնառությունն էլ դառնա առավել արդյունավետ:
Վիզուալ Հայաստանի հետ ԿԶՆԱԿ-ն արդեն երկրորդ ծրագիրն է իրականացնում, երկուսն էլ՝ հաջողված: Աշխարհացույց կրթական հարթակը նախարարության կողմից երաշխավորված է որպես ուսումնամեթոդական նյութ, այնպես որ հանգիստ կարող եք այն օգտագործել որպես լրացուցիչ նյութ դասապրոցեսն էլ ավելի արդյունապետ անցկացնելու համար», — իր խոսքում նշեց տիկին Մկրտչյանը:
Երևանի համար 200 հիմնական դպրոցի ուսուցիչ, Աշխարհացույց ծրագրի հավաստագիր ստացած Վարդան Քերոբյանը, իր անձնական փորձառության օրինակով ներկայացրեց Աշխարհացույց հարթակի կիրառությունը, հարթակի տված հնարավորությունները հենց դասապրոցեսում։
«Սիրով, ջերմորեն և մեծ խանդավառությամբ եմ կիրառում Աշխարհացույց հարթակն իմ բոլոր դասապրոցեսների ընթացքում: Հարթակը հնարավորություն է տալիս տարբեր դիտանկյուններից նյութը մատուցել՝ քարտեզներ, պատմական դեմքեր, իրադարձություններ և այլն, տալիս է նաև տարածության և ժամանակի մեջ սահելու հնարավորություն: Նորագույն տեխնոլոգիաները գիտական մտքի հետ համադրելու և ըստ էության ամբողջ պատմական ժամանակաշրջանը մեր ափի մեջ դնելու և դա իր առանցքի շուրջ պտտելու հրաշալի գործիք է: Աշակերտների և ուսուցիչների մոտ հեղափոխական նշանակություն է ձեռք բերել Աշխարհացույցը: Հին կարծրատիպերից, դոգմայական մտածողությունից դուրս եկանք վերջապես և 21-րդ դարի աշակերտի տրամադրություններին համահունչ ենք դասն անցկացնում: Մենք Աշխարհացույցի շնորհիվ պատմությունը տեղադրել ենք այն գործիքի մեջ, որը անդադար աշակերտի ձեռքում է»:
Այնուհետև, Աշխարհացույց ծրագրի վերապատրաստող ուսուցիչներ Հայկանուշ Ղևոնդյանը, Նաիրա Երկանյանը և Մարիամ Խաչատրյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեցին «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով դասի պլանվորման, գործնական ու խմբային աշխատանքներ իրականացնելու տարբերակներ։ Մասնակիցներին տրվեց հնավարություն հենց տեղում կիրառել հարթակը, կազմակերպել գործնական աշխատանք: Վերջում տեղի ունեցավ գործնական աշխատանքի ամփոփում, ուսուցիչները ներկայացրեցին իրենց տարբերակները՝ ինչպես կարող են դասի պլանավորում անել կամ խմբային աշխատանք իրականացնել։
Ակնկալվում է, որ Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման սեմինարի ավարտին ուսուցիչը․
-կունենա բավարար հմտություններ գործածելու «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը,
-ձեռք կբերի հմտություններ կրթական չափորոշիչներին համահունչ արդյունավետ դասապրոցես ապահովելու համար,
-կդառնա շատ ավելի մրցունակ դասապրոցեսում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցում։
Ի դեպ, սեմինարի մասնակիցները կստանան Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և ծրագրի մասնակցության, ինչպես նաև կիրառման հավաստագրեր հետևյալ նախապայմաններն ապահովելու պարագայում․
- Մասնակցել սեմինարին՝ ըստ նախապես կազմված օրակարգի
- Հաջորդ մեկ ամսվա ընթացքում կիրառել հարթակը դասերին, ուղարկել լուսանկարներ և տեսանյութ info@visualarmenia.org էլ․ հասցեին կամ գրել FB աշխարհացույց փակ խմբին https://www.facebook.com/groups/ashkharatsuyts
- Շաբաթական առցանց հանդիպումներին ներկայացնել Աշխարհացույց հարթակի հնարավորությունների կիրառմամբ դասապլան։