Քասախի միջնակարգ դպրոցի թիմը «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում ներկայացրեց իր նախագծային աշխատանքը
Uncategorized

Քասախի միջնակարգ դպրոցի թիմը «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում ներկայացրեց իր նախագծային աշխատանքը

«Վիզուալ Հայաստան»-ի թիմը Քասախի միջնակարգ դպրոցի հրավերով մայիսի 17-ին այցելել է «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոն՝ մասնակցելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթի շրջանակում դպրոցի կողմից իրականացված նախագծային աշխատանքի ներկայացմանը՝ խորագրված «Իմ Աշխարհացույցը՝ քարտեզագրելով ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի կյանքն ու գործունեությունը»։ 

Հանդիպման վայրը պատահական չէր ընտրված․ կենտրոնն անվանակոչված է  ի պատիվ մեր ազգային հերոսի և ծառայում է ոչ միայն արցախյան 44-օրյա պատերազմի, այլև բոլոր վիրավոր զինվորների հոգեկան վերականգնման կարևոր գործին։ 

«Սա մի վայր է, որտեղ գալիս են գրեթե բոլորը՝ բուժման կարիք ունեցող զինծառայողներ, զոհված տղաների ընտանիքի անդամներ, տարբեր մարդիկ։ Հաճախ հյուրընկալում ենք նաև քասախցի երեխաներին․ հավանաբար,  այստեղ տիրող հայրենասիրական շունչն է նաև, որ նրանց մղել է՝ ներկայացնելու Վահագն Ասատրյանի կյանքի ուղի»,— իր խոսքում նշեց «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի համահիմնադիր Սուրեն Արեենցը։

Միջոցառմանը ներկա էր Վահագն Ասատրյանի մայրը՝ Սիմա Պետրոսյանը, որը մեծապես օգնել է Քասախի դպրոցականներին՝ նախագծային աշխատանքն իրականացնելու հարցում։ «Ես հարկ համարեցի երեխաներին ծանոթացնել այնպիսի մարդկանց հետ, որոնք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև դրանից հետո ամեն ինչ արել են մեր բանակի համար։ Մենք էլ մեր ներդրումը պետք է ունենանք՝ սեփական նախաձեռնություններով ընդհանուր գործին մասնակից լինելով»,- միջոցառման ժամանակ նշեց տիկին Սիման։

Նախագծային աշխատանքի շրջանակում ստեղծվել է Վահագն Ասատրյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող կայք, տպագրվել է «Ամպերից էլ վեր» կենսագրական գիրքը՝ մեկ օրինակով, և պատրաստվել է ազգային հերոսի մասին պատմող տեսաֆիլմ՝ նրա մտերիմների, հարազատների ու մարտական ընկերների մասնակցությամբ։ Աշխատանքը ներկայացնող  աշակերտներից Կարեն Խաչատրյանը շեշտեց, որ այս աշխատանքը չէր դառնա մի ամբողջ պատմություն, եթե չլիներ «ՍԷԱԴ 2024» մրցույթը։

«Թեման շատ պատասխանատու էր, պահանջում էր և՛ մեծ ջանքեր, և՛ ժամանակ։ Երկու ամսվա ընթացքում փորձել ենք անել հնարավորինս, որ կարողանանք վայել ներկայացնել  մեր հերոսին։ Սկզբում որոշել էինք նախագծային աշխատանքի շնորհանդեսն անել մեր դպրոցում, որտեղ սովորել է նաև Վահագն Ասատրյանը և իր անունով ՆԶՊ սենյակ կա, բայց հասկացանք, որ այստեղ շատ ավելի է զգացվում այդ հերոսական ոգին»,- ասաց Քասախի դպրոցի պատմության ուսուցիչուհի Ռոզա Հարությունյանը։

«Վիզուալ Հայաստան»-ի փոխտնօրեն Սոնա Եղիազարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի և կատարված աշխատանքի համար, նկատեց, որ ինչպես «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնն է հիմնվել 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ «Աշխարհացույց» ծրագիրն է ստեղծվել՝ հայրենիքին ու ապագա սերունդներին օգտակար լինելու նպատակով․ «Մենք միշտ ասում ենք, որ հեշտ է սմարթ-էկրանները պարզապես  բաժանել, բայց մենք ցանկացել ենք անել մի գործ, որ փոփոխություն կբերի, որը թիմերին կհամախմբի և երկարաժամկետ արժեք կստեղծի։ Շատ ուրախ ենք, որ հիմա տեսնում ենք մեր կատարած աշխատանքի արձագանքը»։ 

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանն էլ հավելեց, որ այս նախագծային աշխատանքը ոչ միայն յուրատեսակ էր, այլ նաև կարևոր խթան Հիմնադրամի հետագա նախաձեռնությունների համար․ «Նախագծային մրցույթը նախաձեռնելիս երևի ամեն  ինչ նախատեսել էինք, բացի մի կարևոր դրվագից, որն այսօր տեսանք այստեղ, թե ինչպես մարդիկ ու պատմությունները կարող են շաղկապվել, և ինչ կարող է դա տալ մեզնից  յուրաքանչյուրին»։  

Հանդիսավոր միջոցառման ավարտին «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի գեղեցիկ պարտեզում արծաթափայլ եղևնի տնկեցին նաև «Վիզուալ Հայաստան»-ի թիմի անդամները` խոստանալով այսուհետ ավելի հաճախ այցելել կենտրոն: