Կայացավ «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկի շնորհանդեսը․ նոր ու եզակի ռեսուրս կրթական համայնքի համար
Uncategorized

Կայացավ «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ձեռնարկի շնորհանդեսը․ նոր ու եզակի ռեսուրս կրթական համայնքի համար

Նոյեմբերի 20-ին Երևանի սրտում՝ Զանգակ գրատան սրահում, մանկավարժական համայնքի ներկացացուցիչներին համախմբել էր «Աշխարհացույցն ուսուցչի սեղանին» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։ Սրահը մարդաշատ էր․ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած ավելի քան 90 ուսուցիչների կողքին ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի, ՀՀ տարբեր բուհերի, հեղինակավոր կրթական կառույցների, հիմնադրամների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ և ուսանողներ։

«Վիզուալ Հայաստան» հիմնադրամը մանկավարժական համայնքի դատին հանձնեց հեղինակային ուսումնամեթոդական ձեռնարկը, որը միախառնել էր կիրառում ստացած նորարար տեխնոլոգիան և մանկավարժական ժամանակակից միտքը․ «Այս ձեռնարկի ստեղծման գաղափարն էլ, կարիքն էլ եկել է ձեզանից, սիրելի՛ ուսուցիչներ: Մի օր այն պետք է կյանքի կոչեինք, ուրախ եմ, որ այն արդեն իրականություն է։ Նույնիսկ գրքի վերնագրի միտքը ձեզանից է եկել՝ Աշխարհացույցն ուսուցչին սեղանին», — միջոցառման բացման խոսքում նշեց «Աշխարհացույց» կրթական ծրագրի և ձեռնարկի նախագծի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհայույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը ողջունեց ներկաներին՝ ասելով․ «Ուրախ եմ, որ այս ջերմ միջավայրում հավաքվել են ուսուցիչներ, որոնց հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, գործընկեր կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տասնյակ նոր դեմքեր։ Մենք բոլորս, ըստ էության, ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ որակյալ կրթության ապահովում, որին կարող ենք հասնել միայն սերտ համագործակցությամբ: Այս ձեռնարկն ինքնին համագործակցության արդյունք է ուսուցչական համայնքի, հիմնադրամի և ոլորտի փորձագետների ու կառույցների միջև։ Այն ստեղծվել է կոնկրետ խնդիր լուծելու համար՝ հայ ուսուցչի սեղանին դնել դասավանդման արդի լավագույն ռազմավարությունները, մեթոդներն ու հնարները, որտեղ Աշխարհացույցի միջոցով նաև ներկայացված են դրանց կիրառման օրինակները»։

Հ․ Ղազարյանն անուն առ անուն շնորհակալություն հայտնեց ստեղծագործական ողջ թիմին, ձեռնարկին մասնագիտական կարծիքներ տված ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի՝ միջոցառմանը ներկա ներկայացուցիչներին և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին՝ հավելելով․ «Սա այն պահն է, երբ երախտիքի խոսքերն, իսկապես, տեղին են։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր աջակից ու բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնին․ նա այն սրտացավ բարերարն է, ով, նյութական աջակցությունից զատ, իր արժեքավոր ու առաջադեմ փորձը, գիտելիքը, աշխարհայացքն ու ժամանակն է ներդնում մեր բոլոր ծրագրերի հաջողության գործում՝ անձամբ այցելելով Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզերի դպրոցներ, զրուցելով ուսուցիչների ու աշակերտների հետ նրանց կարիքները հասկանալու և լուծումներ առաջարկելու համար»։

Շնորհանդեսի հիմնական բանախոսներից էր ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը․ «Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել ոչ միայն ձեռնարկի լույսընծայման, այլ նաև կրթական միջավայրում «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի ու նրա ծրագրերի ի հայտ գալու առիթով։ Իմ կարծիքով վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ամենալուրջ կրթական կազմակերպություններից է, որը սահմանում է նոր նշաձող, նոր աշխատելաոճ կրթական միջավայրի համար։

Առհասարակ շատ եմ կարևորում աշխատանքների ընթացքը. գիտեք, վերջնարդյունքներն ի վերջո միշտ հնարավոր է ինչ-որ կերպ կեղծել, փոփոխել, բայց ես հիացած եմ այս ձեռնարկի ստեղծման ընթացքից, աշխատանքների վարումից, սրտացավ գործակցությունից, ստեղծված միջավայրից։

Այս ձեռնարկն արժեքավոր է առաջին հերթին այն պատճառով, որ ստեղծվել է գործող ու շատ փորձառու ուսուցիչների կողմից։ Եթե խոսեմ բովանդակությունից, ապա այն մեծագույն նվեր է մեր ուսուցիչներին։ Բոլորս գիտենք, որ ներդրվել են նոր չափորոշիչներ, որոնց մեր ուսուցիչները լավ չեն տիրապետում․ ձեռնարկում ուսուցիչը կգտնի բոլոր հարցերի համար հետաքրքիր ու կիրառական պատասխաններ՝ ինչպե՞ս գրել էսսե, ինչպե՞ս սահմանել դասի չափելի խնդիր, ինչպե՞ս իրականացնել դասի պլանավորում, նախագծային ուսումնառության իրականացում և այլն։

Ստեղծագործական թիմին հաջողվել է կրթական ողջ պրոցեսը դնել ձեռնարկի մեջ։

Բարձր եմ գնահատում ձեռնարկի նաև գիտականությունը․ այստեղ զետեղված են բացարձակապես ճշգրտված, կիրառություն ու փորձաքննություն անցած ռեսուրսներ։ Ձեռնարկը հագեցած է դեպի թվային միջավայր, գործիքակազմ տանող հղումներով, որոնք տանում են դեպի Աշխարհացույցի հարուստ հեղինակային ռեսուրսներ։ Ուսուցչի համար նման ձեռնարկ Հայաստանում առաջին անգամ է մշակվել։ Շատ թանկ եմ գնահատում հատկապես «Պատմության մտածողության ձևավորումն «Աշխարհացույց» հարթակի միջոցով» բաժինը, և եթե մենք այս ձեռնարկն իրոք գործածենք մեր առարկաների դասավանդման ժամանակ, ապա առարկայի դասավանդման արդյունավետությունը շատ-շատ բարձրանալու է։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հիմնադրամի կառավարչական թիմից, որովհետև այս ամենը չէր լինի, եթե չլիներ հիմնադրամի կառավարման բարձր մշակույթը։ Ինչպիսին կառավարումն է, այնպիսին էլ նրանց պրոդուկտներն են»։

Դրական լիցքերով հագեցած սրահում հավաքվածներին տեսաուղերձով դիմեց ձեռնարկի համահեղինակ, «Աշխարհացույց» կրթական ծրագրի մեթոդիստ, դասընթացավար և ուսուցչական համայնքում մեծ հեղինակություն ունեցող Սեդա Քոչարյանը․ «Վոլտերը մի խոսք ունի՝ տգիտությունը բոլոր չարիքների մայրն է, հասարակական շատ խնդիրների և անարդարությունների հիմքն է, ուստի, ըստ նրա, թե՛ անհատի, թե՛ ազգի փրկությունը, դժբախտություններից ազատելու միակ միջոցը կրթության և բանականության տարածումն է։ Իսկ ովքե՞ր կարող են տարածել գիտելիքը, իհարկե ուսուցիչները։ Եվ այս գործում մեզ՝ ուսուցիչներիս, հարկավոր են ոչ միայն խիզախություն և համբերություն, այլ նաև բազմաթիվ կարողունակություններ։ Նոր դարում նոր մեթոդներ են հարկավոր։ Այս ձեռնարկի ստեղծման հիմքում դրված է այն միտքը, որ հայ ուսուցիչն ու սովորողը պետք է օգտագործեն աշխարհի լավագույն դպրոցներում կիրառվող մեթոդներն ու մոտեցումները։ Հայ աշակերտն իր զարգացմամբ չպետք է զիջի աշխարհի որևէ այլ երկրի աշակերտի, որ հայ ուսուցիչը պետք է հմտորեն տիրապետի ու կիրառի բոլոր այն մեթոդները, որոնք հասանելի են աշխարհի լավագույն կրթական կառույցներում աշխատող ուսուցիչներին։

Ես իսկապես հույս ունեմ, որ այս գիրքը դառնալու է հայ ուսուցչի հիմնական մեթոդական ուղեցույցը կրթության առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու համար»։

Միջոցառմանը ներկա էին նաև ձեռնարկն արդեն գործածող ուսուցիչներ։ Նրանցից Արփենիկ Մարգարյանը գործընկերներին խորհուրդ տվեց անպայման ձեռք բերել այն․ «Ես իմ անսահման երախտագիտությունն եմ հայտնում հեղինակներին, ստեղծագործական թիմին իմ ձեռքում նման «զենք» ունենալու համար, բայց նաև հատուկ շնորհակալ ենք, որ այս թվային աշխարհում չեք մոռանում տպագիր գիրք ստեղծելու մասին․ ամեն դեպքում մենք գիրքը շատ ենք սիրում»։

Ձեռնարկի համահեղինակ, «Աշխարհացույց» կրթական ծրագրի մեթոդիստ, դասընթացավար Հայկանուշ Ղևոնդյանը նշեց․ «Մենք՝ հեղինակներս, գործող ուսուցիչներ ենք ու շատ լավ գիտենք մեր հիմնական խնդիրները՝ վերջնարդյունքների սահմանումից մինչև նախագծային ուսումնառության իրականացում։ Ինչպե՞ս սահմանել դասի վերջնարդյունք, նպատակ ու խնդիր, ինչպե՞ս դրանք համապատասխանեցնել գործող ՀՊՉ-ներին, ինչպե՞ս պլանավորել դասը 5 քայլերով, ինչպե՞ս նախագծային ուսուցում իրականացնել, գնահատել արված աշխատանքը, համագործակցային աշխատանք կատարել, բացի այդ՝ տնային աշխատանքների, հիբրիդ ուսուցման օրինակներ, աշակերտների աշխատաթերթիկներ, քայլաշարեր՝ այս ամենը և ավելին կարող եք գտնել ձեռնարկում։ Կան մեթոդներ, որոնք մենք տեղայնացրել ենք, սակայն կան նաև մեթոդներ, որոնք մենք ստեղծել ենք՝ ներշնչվելով Աշխարհացույցի հնարավորություններից»։

Ձեռնարկի նպատակն է հասարակագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն դասավանդող ուսուցիչներին առաջարկել «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակով իրականացնել արդյունավետ դասապրոցես․ ձեռնարկի հինգ բաժիններում ուսուցիչը կգտնի բազմաթիվ գործիքներ, մեթոդներ, ռազմավարություններ, օրինակներ և ռեսուրսներ։
Ձեռնարկը, որը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, հեղինակել են ուսուցչական մեր համայնքին հայտնի փորձագետներ և ուսուցիչներ Սեդա Քոչարյանը, Հայկանուշ Ղևոնդյանը, Նաիրա Երկանյանը և Մարիամ Խաչատրյանը։

Միջոցառման ավարտից հետո ջերմ և դրական լիցքերով հագեցած սրահում ներկաները բռնվեցին աշխույժ և անմիջական զրույցների։ Միջոցառումից մարդիկ հեռանում էին կրթության ապագայի նկատմամբ լավատեսական տրամադրություններով։