«Ինչ սկսել ենք «Աշխարհացույց»-ով դաս անել, այն կարծես դաջվում է հիշողությանս մեջ»․ զրույց աշակերտ Սամվել Գալստյանի հետ
Uncategorized

«Ինչ սկսել ենք «Աշխարհացույց»-ով դաս անել, այն կարծես դաջվում է հիշողությանս մեջ»․ զրույց աշակերտ Սամվել Գալստյանի հետ

«Բոլոր երեխաները, նույնսիկ նրանք, որ լավ չեն սովորում կամ հիշելու խնդիր ունեն, երբ տեսնում են, վիզուալ պատկերացնում են թեման, հեշտ են ընկալում դասն ու հիշում»։

Տասնչորսամյա Սամվել Գալստյանը սովորում է Նոր Ուղու միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում։ Հենց նրա ու դասընկերների կատարած նախագծային աշխատանքի շնորհիվ ուսումնական տարվա սկզբին դպրոցը համալրվեց սմարթ-էկրանով։ Մասնակցությունը «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» ծրագրին նրանց բերեց հաղթանակ ու հպարտության մի մեծ չափաբաժին։

«Մենք իսկական հերոսի պես էինք զգում, քանի որ դպրոցի համար շատ թանկ նվեր արեցինք»,- ոգևորությամբ է հիշում Սամվելը։ Գերազանց առաջադիմությամբ աշակերտը հատուկ սեր ունի հումանիտար առարկաների նկատմամբ։ Սիրում է գրականություն և Ավետիք Իսահակյանի փիլիսոփայությունը, բայց ամենից առավել սիրում է պատմություն։ «Աշխարհացույց»-ի մուտքը դպրոց բազմապատկել է նրա սերն առարկայի նկատմամբ։

«Այս հարթակի միջոցով սովորելն ավելի հեշտ է ու հարմար, մենք ավելի լավ ենք ընկալում առարկան։ Մինչև «Աշխարհացույց»-ը ես կարդում էի դասը, փորձում էի մտապահել այն, բայց որոշ ժամանակ անց սկսում էի մոռանալ։ Ինչ սկսել ենք «Աշխարհացույց»-ով դաս անել, այն կարծես դաջվում է հիշողությանս մեջ։ Հիմա հստակ պատկերացնում եմ թեման, տեսնում եմ պատճառահետևանքային կապերը, կարողանում եմ վերլուծել իրադարձությունները և հեշտորեն հիշել դասը»,- անկեղծանում է Սամվելը։

Երեք տարի է, ինչ օգտվում է «Աշխարհացույց» կրթական հարթակից։ Պատմությունից բացի, այնտեղ ուսումնասիրում է նաև աշխարհագրություն, գրականություն և այլ առարկաներ․ «Հարթակում ավելի շատ ինֆորմացիա կա, քան մեր դասագրքերում։ Այնտեղ մենք կարող ենք կարդալ լրացուցիչ տեղեկություններ, դիտել տեսանյութեր, օգտվել հարթակի տարբեր հնարավորություններից։ Օրինակ՝ երբ ռուս-թուրքական կամ ռուս-պարսկական պատերազմն էինք անցնում, հնարավորություն ունեցանք կարդալու պայմանագրի կետերը։ Ծանոթացանք տվյալ ժամանակաշրջանին, ուսումնասիրեցինք, թե ինչ էր տեղի ունենում աշխարհում ընդհանրապես։ Այդպես ավելի հասկանալի է դառնում, թե ինչու հենց այդ ժամանակ տեղի ունեցավ տվյալ իրադարձությունը, քանի որ աշխարհում և պատմության մեջ ամեն ինչ փոխկապակցված է»,- բացատրում է աշակերտը։

Օնլայն հարթակի միջոցով դաս անելը ոչ միայն հեշտ է Սամվելի համար, այլև հետաքրքիր։ Վստահ է, որ իրենց դպրոցում չկա աշակերտ, որ չիմանա հարթակից օգտվելու պարզագույն քայլերը։ Բայց ինքն այն քչերից է, որ գիտի օգտվել բոլոր գործիքներից, օգնում է նաև դասընկերներին։ Դպրոցից դուրս հարթակն ուսումնասիրում է նաև տանը՝ անգամ ազատ ժամանակ։ Հետևում է բոլոր թարմացումներին, երբեմն ուսուցչից շուտ է տեղեկանում նորություններին ու նրան ևս ծանոթացնում նոր գործիքներին ու դրանց հնարավորություններին։

«Իմ սիրած գործիքը քանոնն է։ Դրանով չափում եմ հեռավորությունը տարբեր երկրների միջև։ Օրինակ՝ վեցերորդ դասարանում ուսումնասիրում էինք Հռոմեական կայսրությունը, որը ցանկանում էր գրավել ամբողջ Ասիա աշխարհամասը։ Ինձ հետաքրքիր էր, թե որքան էր հեռավորությունը Հռոմից մինչև Պարթևստան։ Ուզում էի հասկանալ, թե զորքը որքան է քայլել այնտեղ հասնելու համար,— աշակերտին ոգևորում են նաև ինտերակտիվ քարտեզները, — Կարող ենք, օրինակ՝ մոտեցնել ու տեսնել այս կամ այն ճակատամարտի հստակ վայրը, հասկանալ երկրի սահմանները։ Բոլոր երեխաները, նույնիսկ նրանք, որ լավ չեն սովորում կամ հիշելու խնդիր ունեն, երբ տեսնում են, վիզուալ պատկերացնում են թեման, հեշտ են ընկալում դասն ու հիշում»։

Սամվելը միայն մեկ առաջարկ ունի, որ ստեղծվի «Աշխարհացույց» հավելված, որը ներբեռնելով սմարթֆոն՝ ավելի արագ ու հեշտ մուտք կգործեն հարթակ։