
33 ուսուցիչ համալրեց Աշխարհացույցի մենթորական համայնքը
Մարտի 28-ին «Վիզուալ Հայաստան» հիմնադրամում կայացավ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024» ուսուցչի կարողությունների հզորացման կրթաթոշակային ծրագրի ավարտական միջոցառումը․ ՀՀ տարբեր բնակավայրերից 33 ուսուցիչ համալրեց Աշխարհացույցի մենթորների ստվարացող համայնքը։
Շրջանավարտին բնորոշ տոնական տրամադրությամբ ու հուզմունքով լցված մեր մենթորների կողքին էին նաև հարգելի հյուրեր ԿԶՆԱԿ, ՀԲԸՄ, Հ. Հովնանյան ընտանեկան, «Հայաստանի մանուկներ» բարեգործական (ՔՈԱՖ), «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամներից, Ամերիաբանկ ընկերությունից, ինչպես նաև մեր գաղափարակից գործընկերներ, լրագրողներ, կրթական ոլորտի նվիրյալներ։
Ներկաներին իր խոսքով դիմեց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ Նա մասնավորապես կարևորեց առաջնորդ ուսուցիչների համայնքի ձևավորման անհրաժեշտությունը, քանի որ հենց նրանք են գտնվում կրթությունը վերափոխելու առաջնագծում։ Ծրագրի 2023-2024 թթ․ 53 շրջանավարտներն արդեն իսկ հասցրել են սովորածը հասանելի դարձնել ավելի քան 2000 ուսուցչի իրենց դպրոցներում, համայնքներում և դրանց սահմաններից դուրս։
Հովհաննես Ղազարյանն իր երախտիքի խոսքը հայտնեց հիմնադրամի հիմնական հովանավոր, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնին, որը ոչ միայն սրտացավորեն և անմիջականորեն մասնակցում է Հիմնադրամի գործունեությանը, այլև իր ներդրումն է բերում կոնկրետ ծրագրերի մտահղացման և մշակման գործում․ փաստացիորեն մենթորական կրթաթոշակ ծրագիրը նրա առաջարկով է մշակվել։
Անդրադառնալով ազգային կրթության խնդիրների ծավալներին և բարդությանը՝ Հիմնադրամի ղեկավարն ընդգծեց գործընկերության և ջանքերի համատեղման անհրաժեշտությունը դրանք հնարավորինս արագ և արդյունավետ հաղթահարելու համար՝ կարևորելով նրանց ներկայությունը ավարտական այս միջոցառմանը։
«Առանց նման կառույցների, նրանց բերած թարմ օդի՝ հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել ու հաջողություններ գրանցել, այո՛, նման կառույցներն ու նախաձեռնությունները կարող են և օրակարգ թելադրել պետությանը։ Ես ուրախ եմ, որ եղել եմ այս ծրագրի գաղափարական աջակիցն ու այսօր տեսնում եմ, թե ուր է հասել այս թիմը՝ Հովհաննես Ղազարյանի ղեկավարությամբ» — իր խոսքում շեշտադրեց ԿԶՆԱԿ հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Մկրտչյանը։
Տեսաուղերձով իր ողջույնի և երախտիքի խոսքը հայտնեց նաև Գերմանիայում բնակվող, բայց հայրենիքի կրթության զարգացման գործում ակտիվ ներգրավված, կրթության միջազգային փորձագետ և «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի դասընթացավար Սեդա Քոչարյանը: Նա իր խոսքում Աշխարհացույցը համեմատեց պատմամշակութային այնպիսի կարևոր ու շրջադարձային գործիչների արած գործի հետ, ինչպիսիք էին Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը, Խաչատուր Աբովյանն ու այլք․ «Մեծ պատասխանատվություն է դրված ձեր ուսերին, սիրելի մենթորներ, բայց ես համոզված եմ, որ դուք հաջողելու եք, դա է վկայում ձեր տքնաջան աշխատանքն ու նվիրումը։ Ես վստահ եմ՝ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի միջոցով մենք բերելու ենք այն բաղձալի փոփոխությունը, որի մասին բոլորս երազում ենք։ Շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամին ու նրա ղեկավարներին նման վեհ գործը ստանձնելու և իրականացնելու համար»։
Ողջույնի խոսքերին հաջորդեց հավաստագրերի հանձնման արարողությունը՝ շրջանավարտներին շնորհելով «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ուսուցչի կարողությունների հզորացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու, կրթաթոշակի արժանանալու և «Աշխարհացույց» կրթական ծրագրի մենթոր ուսուցչի որակավորման հավաստագիր։
Օրը հագեցած էր հիշարժան պահերով. Հովհաննես Ղազարյանը մենթորներից մեկին՝ Գավառի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ամալյա Զոլյանին պարգևատրեց Աշխարհացույց կրծքանշանով՝ հարթակի կիրառման, տարածման, ինչպես նաև մանկավարժական բարձր գիտակցմամբ և մշակույթով սերունդներ կրթելու գործում նշանակալի ավանդի համար։
«Ցանկացած լավ գաղափարի հաջողության բանաձևը դրա լավագույն նախագծման և հետևողական իրականացման մեջ է։ Ի՞նչ բնորոշիչներով կամ արտահայտություններով կարող ենք գնահատել «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի դեռևս կարճ, բայց խոստումնալից, արգասաբեր գործունեությունը․ նվիրյալ, նպատակներում՝ հստակ, գործելաոճում՝ ուսուցչակենտրոն և ուսումնակենտրոն, գաղափարախոսությամբ՝ մարդակենտրոն ու ազգակենտրոն․․․ Համոզված եմ՝ հիմնադրամն իր ռազմավարությունը մշակել է՝ հիմնվելով միջազգային հարուստ կենսափորձի վրա։ Մեզ՝ շարքային ուսուցիչներիս, ամեն անգամ զարմացնում են այդ մեծ ռազմավարության ընթացքում կիրառվող փոքր մարտավարությունները, որոնք ուղղված են մեր երկրում կրթական կարիքների վերհանմանը և տեղ գտած խնդիրների լուծմանը», «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»-ի շրջանավարտների անունից հնչեցրած իր ելույթում նշեց տիկին Զոլյանը։
Անակնկալ էր պատրաստել նաև մենթորներից Արփենիկ Ղազարյանի ամուսինը՝ պարուսույց Հարություն Բաղդասարյանը՝ ներկաներին հրավիրելով Կարնո քոչարի պարելու։
Օրվա հանդիսավոր հատվածին հաջորդեց կլոր սեղան-քննարկումը, որն ընթանում էր իր կանոններով՝ երկու րոպեի սահմաններում յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանար պատասխանել այն հարցին, թե ինչ տվեց «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագիրն իրեն և ինչ առաջարկներ ունի այն բարելավելու համար։
Մենթորներից շատերն առանձնացրին, որ ծրագիրն իրենց մի քանի անգամ հզորացրեց, տվեց գիտելիքների, նոր հմտությունների, կարողությունների մեծ զինանոց, որ իրենց ավելի արհեստավարժ ու ինքնավստահ են զգում, ստացել են նոր տարակարգեր, աշխատանքային նոր հնարավորություններ, իսկ նրանցից ոմանք դասընթացը համեմատեցին համալսարանական կրթության հետ։ «Հավաստագիրս համաժեք եմ համարում համալսարանական դիպլոմի հետ», — նշեց Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Լիլիթ Մայիլյանը։ «Աշխարհացույցին տիրապետելը բրենդ է դարձել», — լրացրեց Գյումրու ՇՊՀ ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Անուշ Միքայելյանը։ «Վերջապես մենք հասկացանք, թե ինչ է դասի խնդիրը», — ժպիտով նկատում է Գյումրու համար 28 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Անահիտ Առաքելյանը։ «Հեռավար դասերի ժամանակ Աշխարհացույցը շատ է օգնում, դասավանդում եմ նաև Սյունիքի Ներքին Հանդի սահմանամերձ դպրոցում, որտեղ 4 երեխա է սովորում։ Իմ դասերը շնչում են Աշխարհացույցով՝ պլանավորումից սկսած։ Պատրաստվում եմ դիմել տարակարգի, որի մասը կկազմի նաև Աշխարհացույցը», — իր պլաններով կիսվեց նաև Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Մերի Մարտիրոսյանը։
«Աշխարհացույցի մենթորական կրթաթոշակ» ծրագիրը ուսուցիչների հզորացման ծրագիր է՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական և առաջնորդական կարողութունների շարունակական զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում մրցույթով ընտրված ուսուցիչներն անցնում են 6-ամսյա դասընթաց՝ հիմնված 21-րդ դարի դասավանդման հմտությունների և կարողունակությունների ձևավորման ու կատարելագործման վրա։