Ի՞նչ է կատարվում կրթական տեխնոլոգիաների աշխարհում․ հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը մասնակցել է Բեռլինյան հոբելյանական 30-րդ էքսպո-համաժողովին
«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը նոյեմբերի 27-29-ին Գերմանիայի մայրաքաղաքում մասնակցեց «Ձևավորելով ուսումնառության ապագան» խորագրի ներքո տեղի ունեցող Բեռլինյան «Online Educa Berlin 2024» 30-րդ հոբելյանական համաժողով-ցուցահանդեսին։ Այն նվիրված էր կրթական տեխնոլոգիաներին և ողջ աշխարհից համախմբել էր ոլորտի 2500 մասնակիցների։ Համաժողովի երկարամյա նպատակն է որպես գլոբալ հարթակ ծառայել թվային ուսուցման և կրթական տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկումների և ուսումնասիրություների համար։ Այն լայն հնարավորություններ է ստեղծում կրթական տեխնոլոգիաների աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և փորձարկման փուլում գտնվող կամ հաջողությամբ կիրառված տեխնոլոգիական պրոդուկտներին ծանոթանալու և սեփական գաղափարները ներկայացնելու համար։
Միջոցառման մասին իր տպավորություններն ու մտքերն է ներկայացրել Հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը.
«Չափազանց հետաքրքիր և օգտակար էր մի քանի օր ընկղմվել մի միջավայրում, որտեղ ամեն ինչ կրթական նորարարությունների և տեխնոլոգիաների մասին է։ Ավելի քան 70 երկրներից, առավելապես Եվրոպա մայրցամաքը ներկայացնող մասնակիցների ներգրավմամբ այս միջոցառմանը շատ բան կար տեսնելու, սովորելու և վերլուծելու։ Հետաքրքրական էր տեղում շոշափել ու հասկանալ, որ նույնիսկ եվրոպական զարգացած երկրները փնտրտուքի մեջ են. բոլորին է հուզում այն հարցը, թե ինչպես կարող են կրթական համակարգը, սովորելու և սովորեցնելու գործընթացը հարմարվել սրընթաց զարգացող տեխնոլոգիաներին և արդյունավետորեն օգտվել դրանցից, որտեղ է կրթական գործընթացների թվայնացման սահմանը, որքանով են տեխնոլոգիաները հնարավորություն և որքանով՝ սպառնալիք։ Պատասխանները, անշուշտ, դեռևս միանշանակ ու սպառիչ չեն։ Մեծ անելիք կա։ Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն ստացա, որ կրթության պահանջներին համակարգային առումով բավարարող նորարարական տեխնոլոգիական լուծումներ գտնելը և դրանք արդյունավետ ներդնելն այդքան էլ հեշտ լուծվող խնդիրներ չեն։ Հենց դա է պատճառը, որ նույնիսկ շատ ու շատ զարգացած երկրների համար թիրախային լուծումների փնտրտուքը շարունակական գործընթաց է, որը դեռևս չի հասել իր հանգրվանին։ Եվ աշխարհի երկրների՝ հանրակրության ոլորտում արդյունավետ թվային լուծումների փնտրտուքի այս մեծ շրջափուլում Հայաստանը կարող է դառնալ հանրակրթության ոլորտում թռիչքային լուծումներ առաջարկող երկիր, որոնց մեջ կարող է լինել նաև Աշխարհացույց հարթակը։
Բնականաբար այս տարի ուշադրության կենտրոնում էր արհեստական բանականությունը։ Հետաքրքիր էր տեսնել, որ հնարավորությունների կողքին շատերը տեսնում են նաև իրական վտանգներ՝ մասնավորապես արհեստական բանականության միջոցով կրթության գերանհատականացումն ու իզոլացումը։
Գլխավոր եզրակացությունս այն է, որ կրթության ոլորտում նորարարությունների մուտքն անխուսափելի է, իսկ դրանց միջոցով թռիչքային զարգացում կատարելն առավել քան իրատեսական։ Դրան հասնելու համար, անշուշտ, մի կողմից կարևոր է ուշադիր հետևել ոլորտում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, հասկանալ դրանց արդյունավետությունը, իսկ մյուս կողմից՝ բնականաբար կարևոր է հասկանալ սեփական խնդիրներն իրենց յուրահատկություններով հանդերձ և ստեղծագործ մոտենալ դրանց համար աշխատող և ամբողջական լուծումներ գտնելու հնարավորություններին»։