Հայրավանքի միջնակարգ դպրոցի հետ համագործակցության հուշագրի ստորագրում և ինտերակտիվ դիսփլեյի նվիրատվություն
Uncategorized

Հայրավանքի միջնակարգ դպրոցի հետ համագործակցության հուշագրի ստորագրում և ինտերակտիվ դիսփլեյի նվիրատվություն

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Հիմնադրամի աջակից ու բարեկամ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չենբերջյանն ապրիլի 27-ին այցելեցին Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի միջնակարգ դպրոց։ Այցի ընթացքում դպրոցին նվիրաբերվեց բազմաֆունկցիոնալ, նոր սերնդի ինտերակտիվ դիսփլեյ՝ հաշվի առնելով «Աշխարհացույց» ծրագրում դպրոցի ակտիվ ներգրավվածությունը և համապատասխան տեխնիկայի կարիքը։ 

Հայրավանքի հիմնական դպրոցը շուրջ մեկ տարի է ներգրավված է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի Աշխարհացույց ծրագրում. ուսուցչական անձնակազմը մասնակցում է վերապատրաստումներին, հարթակով իրականացնում են դասեր։ Դպրոցը՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համատեղ իրականացվող Պատմաբանի օրվա շրջանակներում իրականացրել է նաև նախագծային աշխատանք՝ «Իմ բնակավայրը՝ Հայրավանք» թեմայով։

Այցի ընթացքում դպրոցի աշակերտները՝ պատմության ուսուցիչ Հասմիկ Բարսեղյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին իրենց կողմից իրականացրած նախագծային աշխատանքը։ Աշակերտներն իրենց բնակավայրը բացահայտել էին նորովի՝ հարցազրույցներ էին վարել գյուղի տարեցների հետ, իրականացրել էին ուսումնահետազոտական արշավներ, կատարել փաստահավաք աշխատանք, և այդ ամենը խմբային աշխատանքի շնորհիվ դարձրել հետազոտական աշխատանք՝ համեմված նկարներով, տեսանյութերով, աուդիոնյութերով, եռաչափ պատկերներով և այլն։ Հետաքրքրական է, որ նման նախագծային աշխատանք կատարելու գաղափարը աշակերտների մոտ ծագել էր Աշխարհացույց հարթակի քարտեզի վրա Հայրավանքի մասին տեղեկատվություն չգտնելու արդյունքում։

Բաց դասի ավարտից  հետո «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ողջունեց աշակերտներին, շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար և վստահեցրեց, որ հենց նման աշխատանքների շնորհիվ է աշակերտը հասկանում կրթության ուժն ու կարևորությունը․«Հիմնադրամի նպատակն է մարդկային կապիտալի զարգացման միջոցով նպաստել մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Շատ կարևոր է հասկանալ ու գիտակցել, թե ինչ սերունդ ենք ցանկանում մեծացնել, ինչ որակի կրթություն ենք տալիս։ Միայն որակյալ կրթությամբ ու մրցունակ սերունդ կրթելով կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերներին ու առաջ շարժվել։ Այլընտրանք չկա։ Որքան ուժեղ է դպրոցն ու ուսուցիչը, այնքան հզոր  է նոր  սերունդը»։

 

Այցի ժամանակ հիմնադրամի աջակից ու բարեկամ Քրիստին Սիմոնը շրջեց դպրոցում, ծանոթացավ աշակերտների հետ և աշակերտների ուշադրությունը հրավիրեց բոլոր ժամանակներում լավ կրթություն ստանալու կարևորության վրա։

«Այսօր դուք ցույց տվեցիք ու ապացուցեցիք,  թե որքան կարևոր է իմանալ սեփական պատմությունը, բացահայտել սեփական երկրի պատմությունը, երկրի մշակույթը,  ինքնությունը։ Այդ ամենը հնարավոր է դառնում հենց պատմություն առարկայի շնորհիվ։ Այսօր դուք ցույց տվեցիք այս ծրագրի ներուժի ամբողջական հնարավորությունը․ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ճամփորդելով ժամանակի ու տարածության մեջ՝ կապ հաստատեցիք ձեր ինքնության հետ, ձեր բնակավայրի հետ։ Օրինակ՝ աշակերտներից մեկն իր պապի մասին բացահայտում կատարեց։ Դուք բացահայտեցիք ձեր տարածքին բնորոշ ուտեստները, մշակութային կոթողները և այս փոքրիկ օրինակով ցույց տվեցինք, թե ինչ ազդեցություն կարող է  ունենալ Աշխարհացույց հարթակն ու ծրագիրը։ Այո, մենք շատ անելիքներ ունենք, բայց դուք ձեր աշխատանքով ցույց տվեցիք, թե որքան հիանալի գործ կարելի է անել և պետք է սկսել փոքր քայլերից», — նշեց Քրիստին Սիմոնը։

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չենբերջյանն էլ, որի ջանքերով դիսփլեյը հասավ Հայրավանքի դպրոցի սաներին, հավելեց․ 

«Դպրոցից է սկսվում ամեն բան, սիրելի աշակերտներ, հորդորս է լինել աշխատասեր, լավ սովորել՝ մասնավորապես լավ ուսումնասիրել սեփական երկրի պատմությունը և միայն այդ ժամանակ է հնարավոր հասնել մեծագույն հաջողությունների»:

Հայրավանքի միջնակարգ դպրոցի տնօրինությունն  ու ուսուցչական կազմն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեցին հիմնադրամին, հիմնադրամի աջակիցներին՝ օգնելու և քաջալերելու համար, դպրոցի ու ուսուցչի կողքին կանգնելու համար, նման հարթակ ստեղծելու և պատմություն առարկան առավել կարևոր դարձնելու համար:

Այնուհետև տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման  արարողություն «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի և Հայրավանքի միջնակարգ դպրոցի միջև: Հուշագրի ստորագրման նպատակն է կրթական գործընթացներում  նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ապահովել որակյալ կրթություն: 

Հիշեցնենք, որ «Աշխարհացույց» կրթական հարթակն իրենից առաջին հերթին ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որն առաջարկում է Հայոց պատմություն առարկայի դասավանդման ինտերակտիվություն և բովանդակության վիզուալիզացիա՝ համալրված համապատասխան գործիքակազմով, պատմության հետաքրքիր դրվագներով, ֆիլտրերով, որոնողական համակարգով և այլն: