«Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» մրցութային ծրագիր
Uncategorized

«Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» մրցութային ծրագիր

Հայտարարություն

Ժամանակակից տեխնիկա Աշխարհացույց ծրագրի դպրոցներին

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» մրցութային ծրագրի մեկնարկը։ 

Հայաստանի դպրոցներին ժամանակակից շունչ տալուն միտված խիստ կարևոր այս Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հովանավորության շնորհիվ։

ՀՀ կառավարության կողմից բարեգործական ճանաչված այս ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներին վերազինել նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրաններով՝ որպես կրթության հիմնարար իրավունքի իրացման արդյունավետության բարձրացման միջոց։ Ժամանակակից սարքերը հնարավորություն կտան Աշխարհացույց կրթական հարթակի օգտագործմամբ կիրառել դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը, հետևաբար՝ սովորողների կրթության որակը։

«Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» ծրագիրը Հիմնադրամի այլ ծրագրերի նման մշակվել և առաջնահերթություն է ստացել կարիքի հիման վրա արված վերլուծության արդյունքում և լինելու է շարունակական։ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման ու գործածման վերապատրաստումների ընթացքում ուսուցչական համայնքի ներկայացուցիչները բազմիցս բարձրացրել են խնդրո առարկան՝ դպրոցներում ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար տեխնիկական միջոցների բացակայության կամ սղության մասին։ 

Ծրագրին կարող են դիմել Աշխարհացույց հարթակի կիրառման փորձառություն ունեցող Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր այն դպրոցները, որոնք կբավարարեն Ծրագրի համար սահմանված պահանջները։ 

Ծրագիրը կընթանա մրցութային երկու փուլով։ Առաջին փուլը կհաղթահարեն դիմումի բոլոր պահանջները բավարարած դպրոցները։ Երկրորդ փուլում դպրոցներից կպահանջվի իրականացնել «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք՝ Հիմնադրամի կողմից սահմանված չափանիշների համաձայն։ Չափանիշներին համապատասխան լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները կստանան ինտերակտիվ դիսփլեյ։ Ընտրության հարցում հաշվի է առնվելու կարիքի առկայությունը և սարքի նպատակային և լիարժեք շահագործումը։ Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ սեպտեմբերի 15-ն է։ Դիմելու համար հարկավոր է լրացնել հետևյալ հարցաշարը։

Ծրագրին դիմելու ՊԱՐՏԱԴԻՐ փաթեթը 

I փուլ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • տնօրենի՝ ծրագրին դիմելու համապատասխան որոշում,
  • կազմակերպության կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայականի պատճեն,
  • քաղվածք դպրոցի զարգացման ծրագրից տեխնիկական հագեցվածության առնչությամբ:

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • մեկ էջի սահմաններում մոտիվացիոն նամակ՝ «Մեր պատկերացրած նորարարական դասապրոցեսը» վերնագրով,
  • «Աշխարհացույց» հարթակի միջոցով արված դասերի լուսանկարներ, տեսանյութեր, որոնք պետք է ուղարկել smartschools@visualarmenia.org էլ․ հասցեին՝ թեմայում գրելով ծրագրի անվանումը՝ «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում»:

II փուլ

Առաջին փուլով ընտրված դպրոցները կստանան «Իմ բնակավայրը» թեմայով նախագծային աշխատանք իրականացնելու հնարավորություն՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը։ Աշխատանքը պատշաճ իրականացրած դպրոցները մեկ ամսվա ընթացքում կստանան ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։

II փուլի իրականացման կարգ․

  • ստեղծել նախագծային աշխատանք իրականացնողների խումբ (միջառարկայական կապի ապահովումը նախագծի իրականացման գործընթացում կդիտարկվի որպես առավելություն),
  • խմբի կազմում պետք է լինեն ուսուցիչներ և աշակերտներ,
  • խումբը պետք է նշված ժամկետներում (մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ) իրականացնի նախագծային աշխատանք և ամբողջական տեսքով ուղարկի Աշխարհացույց ծրագրին,
  • նախագծային աշխատանքը պետք է արվի հետևյալ ձևաչափով, ներբեռնել։


Այսպիսով, երկու փուլերում դպրոցները կընտրվեն ըստ հետևյալ չափանիշների՝

  • դասերի կազմակերպում Աշխարհացույց կրթական հարթակով,
  • մասնակցությունն Աշխարհացույց ծրագրի վերապատրաստումներին և հավաստագիր ստացած ուսուցչի հանգամանքը կդիտվի որպես առավելություն,
  • մոտիվացիոն նամակ,
  • դպրոցում «Աշխարհացույց» կրթական ծրագրին ներգրավված ուսուցիչների քանակ,
  • դպրոցում ծրագրի շահառու սովորողների քանակ,
  • դպրոցում տեխնիկայի կարիք,
  • դպրոցի՝ համայնքում մենթոր դպրոց լինելու կամ դառնալու հանգամանք,
  • «Իմ բնակավայրը» թեմայով նախագծային աշխատանքի պատշաճ իրականացում,
  • ծրագրում շարունակական ներգրավվածություն։

Ի գիտություն՝ ընտրությունը կատարելու է տարբեր կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։

Ծրագրի փուլերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծրագրի հայեցակարգում։