
Գարնանամուտի մեկնարկը տրված է. 123 հավաստագրված ուսուցիչ համալրեց Աշխարհացույցի մեծացող համայնքը
Գարնան առաջին օրը խորհրդանշվեց «Աշխարհացույց»-ի Եռամսյա վերապատրաստումների 5-րդ հոբելյանական շրջափուլի ամփոփիչ միջոցառմամբ։ Ցերեկույթին ներկա էին ՀՀ տարբեր մարզերից մայրաքաղաք ժամանած 75 ուսուցիչ, որոնք մի քանի ամիս շարունակ յուրաքանչյուր ուրբաթ միացել էին դասընթացին, սովորել, կիրառել և կիսվել իրենց փորձառությամբ։ «Եռամսյա դասընթացի ընթացքում հնարավորություն ունեցանք ունկնդրելու Աշխարհացույցով մեր գործընկերների իրականացրած տասնյակ դասեր, վայելել մանկավարժական ջերմ մթնոլորտ, ունենալ փորձի փոխանակում․ իրար ինքնավստահություն հաղորդելու ամենահետաքրքիր ամիսներն էին։ Իսկապես իր տեսակի մեջ եզակի այս դասընթացը գործնական հմտությունները զարգացնելու և մանկավարժությունը նոր մոդելավորմամբ յուրացնելու հարթակ էր», — միջացառմանն իր խոսքում նշեց Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն, գրականության ուսուցիչ Հենրիետա Հովհաննիսյանը։
Իսկ երկար սպասված ցերեկույթը մեկնարկեց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանի ողջույնի խոսքով՝ ուղղված Աշխարհացույց համայնքի ուսուցիչներին և նրանց աշակերտներին, որոնցից ոմանք ներկա էին միջոցառմանը և անձամբ շնորհավորեցին իրենց սիրելի ուսուցիչներին հավաստագիր ստանալու առթիվ։
«Որքան շատ ենք խորանում մեր գործի մեջ, այնքան ավելի ենք համոզվում, որ առանց նորարարությունների, առանց մեծ ջանքի ու քրտնաջան աշխատանքի առաջընթաց չենք ունենա։ Դուք եք այսօրվա ու վաղվա հզոր երկիր ունենալու երաշխիքը։ Մեր ու մեր նման կազմակերպությունների առաքելությունն է կանգնել հայ ուսուցչի կողքին, նրա հետ միասին խորանալ խնդիրների մեջ, կատարելագործել լուծումներն ու զինել նրան ու մեր հանրակրթական համակարգը։ Կրթության բնագավառում ներդրումներ անելը ամենաշահութաբեր կամ ամենատեսանելի գործը չէ․ այո՛, դրա պտուղները հնարավոր չէ շուտ վայելել, բայց մենք վստահ ենք, որ սա է երկարաժամկետ զարգացման ուղին», — նշեց պարոն Ղազարյանը՝ երախտագիտություն հայտնելով ինչպես իր թիմին, այնպես էլ Հիմնադրամի գործունեության հիմնական աջակից «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնին։
Միջոցառմանը ներկա ուսուցիչները կիսվեցին իրենց տպավորություններով ու գնահատականով․ «Աշխարհացույցը ճիշտ ժամանակին հասավ, երբ երկրում կրթական բարեփոխումներ էին․ որոշ դասարաններում դասագրքեր չկային, այն դարձավ փրկություն»,- նշեց Երևանի Ս. Հովսեփյանի անվ. հ. 115 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Աստղիկ Գալստյանը։ «Հիրավի մեծ է «Աշխարհացույցի» դերը հայաստանյան կրթական գործընթացի կազմակերպման հարցում, ինչը, կարծում եմ, բացահայտում չէ ներկաներիս համար, քանի որ «Աշխարհացույցը» կիրառած, թերևս, յուրաքանչյուր ուսուցիչ ասելիքս կընկալի որպես պարզ ճշմարտություն։ Թույլ տվե՛ք համարձակվել այստեղ գտնվող բոլոր ուսուցիչների անունից արձանագրել, որ «Աշխարհացույցն» արդեն դասի պլանավորման համար մեր ուղեցույցն ու օգնականն է։ Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Աշխարհացույցի թիմին՝ կրթության ոլորտում հիմնախնդիրների արմատները փնտրելու, գտնելու և արդիական լուծումներ առաջարկելու համար»,- կարևորեց Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Մերի Սարդարյանը։
«Հարթակը հնարավորություն է տալիս բավարարել ՀՊՉ-ի պահանջները․ այն է համընդհանուր ներառական ուսուցում, տարբերակված ուսուցում, համագործակցային ուսուցում, 21-րդ դարի հմտությունների զարգացում։ Ապահովում է դասապրոցեսի արդյունավետության բարձրացումը, ժամանակի խնայողությունը, թվային գրագիտության բարձրացումը։ Սովորողների մոտ նպաստում է ստեղծագործ մտքի զարգացմանը, համագործակցության ձևավորմանը, վերլուծական մտքի զարգացմանը, ինչպես նաև հայրենաճանաչության զարգացմանը։ Եվ վերջապես՝ հարթակի կիրառությունը բարձրացնում է ուսուցչի դերը և հեղինակությունը»,- գործընկերներին լրացրեց Երևանի Ալ․ Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Տաթև Հայրապետյանը։
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ․ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ալմաստ Գասպարյանը հատուկ նշեց, որ իրենց դպրոցում այլևս բազմափորձ են Աշխարհացույցի կիրառման գործում, ունեն մի քանի վերապատրաստված ուսուցիչ, կարողացել են վաստակել սմարթ-էկրան ու արդեն «մի ուրիշ» դաս անեք․ ««Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը ժամանակակից կրթական միջավայրում կարևոր ներդրում է։ Այն միավորում է տեխնոլոգիան ու կրթությունը՝ նպաստելով ուսուցման որակի բարձրացմանը և հասարակության զարգացմանը, նման հարթակների գործածությունը հույս է ներշնչում, որ ապագա սերունդները կստանան ավելի հասանելի բազմաբովանդակ, բազմատարբերակային և որակյալ կրթություն»։
«Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման 5-րդ Եռամսյա վերապատրաստումներին շրջափուլի արդյունքում 123 ուսուցչի շնորհվեց հավաստագիր։ Հավաստագիր ստացող ուսուցիչներից 19-ին Աշխարհացույցի տիրապետման երկրորդ, իսկ 8-ին՝ երրորդ մակարդակի հավաստագիր։ Վերապատրաստումներին մասնակիցները սովորում են ոչ միայն «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի գործիքակազմը, այլև յուրացնում դասի պլանավորման մեծ քանակի նոր մեթոդներ ու հնարներ, կիրառում գիտելիքը և նոր փորձառությամբ կիսվում դասընթացի յուրաքանչյուր հանդիպմանը մասնակից շուրջ 300 գործընկերների հետ։
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք և շնորհակալ ենք մեր արժեքները կիսելու, ձեր հավատի ու ներգրավման համար։
Ի գործ։