Ավելի քան 60 ուսուցիչ մասնակցեց «Աշխարհացույց»-ի մարզային սեմինարին Արարատում
Uncategorized

Ավելի քան 60 ուսուցիչ մասնակցեց «Աշխարհացույց»-ի մարզային սեմինարին Արարատում

Վիզուալ Հայաստան զարգացման հիմադրամի թիմը շարունակում է մարզերում «Աշխարհացույց» կրթական ծրագրի ճանաչման և գործածման սեմինարները։ Յոթերորդ մարզային սեմինարն անցկացվեց նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցում։ ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համատեղ իրականացվող սեմինարի նպատակն է սովորեցնել ուսուցիչներին ինչպես օգտվել «Աշխարհացույց» հարթակից, ինչպես կիրառել հարթակը դասապրոցեսում և զարգացնել նրանց մեթոդամանկավարժական ու առարկայական հմտությունները։

«Մարզային սեմինարները նպատակ ունեն տեղում ներկայացնելու «Աշխարհացույց» հարթակի հնարավորությունները։ Աշխատանքային անմիջական միջավայրում մեր վերապատրաստողները ներկայացնում են, թե ինչպես կարելի է հարթակի օգնությամբ մեկ դասաժամում դասն ամբողջական և միևնույն ժամանակ հետաքրքիր ձևով մատուցել, աշակերտներին մշտապես ներգրավված պահել և այլն։ Իմ համոզմամբ մեր կրթական նորարարությունը բարձրացնում է դասի արդյունավետությունը՝ թեթևացնելով ուսուցչի առօրյա աշխատանքը։ Անում ենք հնարավորը պատմության դասավանդումը 21-րդ դարի չափանիշներին համապատասխանեցնելու համար», — նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ 

«Մեր մարզային սեմինարների նպատակներից է բարձրացնել Աշխարհացույց կրթական ծրագրի ճանաչելիությունն ու գործածման հմտությունները։ Արարատում ունենք բարձր թվով մասնակցություն։ Յուրաքանչյուր մարզային սեմինարից հետո համոզվում ենք, թե որքան ոգևորված, սովորելու և իրենց մասնագիտական կարողությունները հզորացնելու պատրաստ ուսուցիչներ կան Հայաստանում։ Այս ծրագրում մենք՝ ուսուցիչների հետ, գործընկերներ ենք և ունենք մեկ միասնական նպատակ՝ ունենալ սովորելու ցանկություն ունեցող, գիտելիքներով հարստացած աշակերտ»,— ընդգծեց «Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

«Մեր սեփական փորձով գիտենք, թե որքան կարևոր է այսօր ուսուցչի համար 21-րդ դարի աշակերտների հետ հաղորդակցվել 21-րդ դարի լեզվով։ Բոլոր այն մեթոդները և հմտությունները, որոնցով կիսվում ենք մարզային սեմինարների ժամանակ փորձված են մեր կողմից․ ինքներս կիրառում ենք դասավանդելիս»,- նշեց մարզային սեմինարի վերապատրաստող ուսուցիչ Հայկանուշ Ղևոնդյանը։

Սեմինարի ընթացքում մասնակից ուսուցիչներն ամրապնդեցին տեսական գիտելիքը գործնական առաջադրանքերի միջոցով։ Մարզային սեմինարը ուսուցիչներին ապահովում է ժամանակակից կրթական չափորոշիչներին համահունչ արդյունավետ դասապրոցես կազմակերպելու հմտություններով, ինչպես նաև հմտացնում նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու հարցում։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամը ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի հետ համատեղ 2023 թ․ ապրիլից մեկնարկել է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման մարզային սեմինարիների շարք։ 

«Աշխարհացույց»-ը (հասանելի brainorgaph.com հարթակում) նորարար կրթական ծրագիր է, որն իրականացվում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցական առարկաների ուսուցումը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։

Սեմինարի մասնակիցները կստանան «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և ծրագրի մասնակցության, ինչպես նաև կիրառման հավաստագրեր հետևյալ նախապայմաններն ապահովելու պարագայում․

  • Մասնակցել սեմինարին՝ ըստ նախապես կազմված օրակարգի
  • Հաջորդ մեկ ամսվա ընթացքում կիրառել հարթակը դասերին, ուղարկել լուսանկարներ և տեսանյութ info@visualarmenia.org էլ․ հասցեին կամ գրել FB աշխարհացույց փակ խմբին https://www.facebook.com/groups/ashkharatsuyts 
  • Շաբաթական առցանց հանդիպումներին ներկայացնել Աշխարհացույց հարթակի հնարավորությունների կիրառմամբ դասապլան։