Ավելի քան 100 ուսուցիչ մասնակցեց մարզային սեմինարներին Շիրակում և Լոռիում
Uncategorized

Ավելի քան 100 ուսուցիչ մասնակցեց մարզային սեմինարներին Շիրակում և Լոռիում

Սեպտեմբերի 29-ին և 30-ին Գյումրի և Վանաձոր քաղաքներում անցկացվեցին «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման մարզային անվճար սեմինարներ։ Սա արդեն թվով երրորդ հանդիպումն է մարզերի ուսուցիչների հետ։ Շիրակի և Լոռու մարզերից ավելի քան 100 ուսուցիչ ներկա էին սեմինարներին։

Մարզային սեմինարների նպատակն է սովորեցնել ուսուցիչներին ինչպես օգտվել «Աշխարհացույց» հարթակից, ինչպես կիրառել հարթակը դասապրոցեսում և զարգացնել նրանց մեթոդամանկավարժական ու առարկայական հմտությունները։

«Մերօրյա այս ծանր ժամանակաշրջանում ուսուցիչներն իրենց մեջ ուժ են գտնում շարունակելու զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները: Մենք ունենք համոզմունք, որ կրթությունը երկրի զարգացման և հզորացման հիմքն է։ Կրթված հասարակությունն է միայն ի վիճակի լուծելու իր առջև ծառացած բարդ խնդիրները, զարգանալ ու դառնալ առաջադեմ»,- նշեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։ 

«Աշխարհացույց» կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանի խոսքով, դասապրոցեսում կիրառելով «Աշխարհացույց» հարթակը՝ ուսուցիչները կկարողանան բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը պատմություն առարկայի նկատմամբ․ «Աշխարհացույց»-ի շնորհիվ ուսուցիչները կկարողանան ոչ միայն ապահովել առարկայի ինտերակտիվ և պատկերավոր դասավանդում, այլև կնպաստեն աշակերտների վերլուծական մտքի զարգացմանը, հետազոտական աշխատանք կատարելու հմտության ձևավորմանը»։

Սեմինարների ավարտին ուսուցիչները ձեռք են բերում բավարար հմտություններ կրթական չափորոշիչներին համահունչ արդյունավետ դասապրոցես ապահովելու, ինչպես նաև դառնում են շատ ավելի մրցունակ դասապրոցեսում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցում։

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամը ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի հետ համատեղ 2023թ-ի ապրիլից մեկնարկել է «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման մարզային սեմինարիների շարք։ 

«Աշխարհացույց»-ը (հասանելի brainorgaph.com հարթակում) նորարար կրթական ծրագիր է, որն իրականացվում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս դպրոցական առարկաների ուսուցումը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։

Սեմինարի մասնակիցները կստանան «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի ճանաչման և ծրագրի մասնակցության, ինչպես նաև կիրառման հավաստագրեր հետևյալ նախապայմաններն ապահովելու պարագայում․

  • Մասնակցել սեմինարին՝ ըստ նախապես կազմված օրակարգի
  • Հաջորդ մեկ ամսվա ընթացքում կիրառել հարթակը դասերին, ուղարկել լուսանկարներ և տեսանյութ info@visualarmenia.org էլ․ հասցեին կամ գրել FB աշխարհացույց փակ խմբին https://www.facebook.com/groups/ashkharatsuyts
  • Շաբաթական առցանց հանդիպումներին ներկայացնել Աշխարհացույց հարթակի հնարավորությունների կիրառմամբ դասապլան։