ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ կրթական հարթակի ճանաչման դասընթացների մասնակից ուսուցիչներն ստացան հավաստագրեր
Մարտի 14-ին Երևանի համար 181 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Աշխարհացույց» կրթական նորարական հարթակի ճանաչման եռամսյա դասընթացների կամավոր մասնակցության համար հավաստագրերի հանձնման արարողությունը: 44 ուսուցիչ Երևանի ու Հայաստանի տարբեր մարզերից ստացան դասընթացներին մասնակցության հավաստագրեր, երեք ուսուցիչ էլ հավաստագիր ստացավ որպես վերապատրաստող:
Միջոցառմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:
Միջոցառման մեկնարկը տրվեց 181 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Արեյանի ողջույնի խոսքով, որը կարևորեց Աշխարհացույց հարթակի ու ծրագրի դերն ու նշանակությունը հանրակրթության բնագավառում՝ նշելով․ «Ուրախ եմ, որ մեր դպրոցն առաջիններից է միացել այս հիանալի ծրագրին, միանգամից ենք հասկացել նրա կարևորությունը, ունենք հաջողված փորձ, հույս ունենք, որ այն կկարողանա ընդլայնվել»։
Այնուհետև դպրոցի երգչախմբի գեղեցիկ կատարումից հետո ներկաներին ողջունեց Հիմնադրամի ղեկավար Հովհաննես Ղազարյանը:
«Մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող Հայաստանի համար կրթված և մրցունակ մարդկային կապիտալն ամենաարժեքավոր ռեսուրսն է։ Դրա ձևավորումը պահանջում է թիրախավորված ու հետևողական ներդրումներ որակյալ կրթության մեջ, որին հասնելու համար առանցքային են արդյունավետ դասավանդման մեթոդները։ Ժամանակակից աշխարհում նորարարությունները մեծ դեր են զբաղեցնում կրթության արդյունավետության բարձրացման գործում։ Այս ամենի գիտակցմամբ նախաձեռնել ենք «Աշխարհացույց» նորարական կրթական հարթակը, որը հայ երեխաների համար կարող է ապահովել մրցունակ և 21-րդ դարին համահունչ դասավանդման պրոցես։
Նորարարությունները վաղուց թափանցել են մեր կյանքի տարբեր ոլորտներ, մրցունակ ու զարգացող կրթական համակարգը չի կարող անմասն մնալ այս պրոցեսից։ Մենք պետք է հզորացնենք մեր ուսուցչին՝ տալով նրան ժամանակակից գործիքակազմ, որ կարողանա ապահովել ինչպես հետաքրքիր դաս, այնպես էլ սովորել ցանկացող ու մոտիվացված աշակերտ»։
Հովհաննես Ղազարյանն իր խոսքում կարևորեց գործընկերների հետ «Աշխարհացույց» հարթակի շրջանակներում ձևավորված համագործակցությունն Էդու Արմենիա կազմակերպության, ԿԶՆԱԿ հիմնադրամի, դպրոցի տնօրենների հետ, գնահատեց ամբողջ թիմի աշխատանքը։ Պարոն Ղազարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի աջակից ու բարեկամ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի թոռնուհի Քրիստին Սիմոնին նշանակալի աջակցության համար։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժնի պետ Սիրինե Կոսյանը։ Նա ԿԶՆԱԿ հիմնադրամի ղեկավար կազմի անունից շնորհավորեց ուսուցիչներին հավաստագրեր ստանալու առիթով, հատուկ շնորհակալություն հայտնեց ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ի անձնակազմին, որոնց շնորհիվ դպրոցներում պատմությունը դարձել է սիրելի առարկա, խիստ կարևորեց նաև այլ առարկաների՝ մասնավորապես աշխարհագրություն առարկայի ներմուծումը հարթակ:
«Ինչպես տեղյակ եք, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի մասնագիտական եզրակացության «Աշխարհացույց» նորարական կրթական հարթակը կարող է որպես ինտերակտիվ գործիք արդյունավետ գործածվել հանրակրթական դպրոցներում առարկան մատուցելու և սովորելու գործընթացում», — նշեց տիկին Կոսյանը։
Հաշվետու ելույթով հանդես եկավ Աշխարհացույց ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը, նա ներկայացրեց 2022 թ․ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, որի արդյունքում վերապատրաստվել է 138 ուսուցիչ Երևանի և Հայաստանի մարզերի 87 դպրոցներից։ Շեշտվեց, որ նախորդ ամիսներին կարողացել են ստեղծել վստահության ու արդյունավետ գործակցության միջավայր Հիմնադրամի ու ուսուցչական համայնքի միջև, և որ պետք է աշխատել այն մեծացնել, զարգացնել ու գնալ որակյալ կրթություն ստանալու, տալու աներկբա ճանապարհով։
Դիմելով հավաստագրեր ստացող ուսուցիչներին որպես Աշխարհացույց ծրագրի առաջամարտիկներ Արևիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ ուսուցիչների նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ այսօր ունեցած արդյունքն անկասկած բազմապատկվելու է։
Այնուհետև Աբովյանի համար 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանն իր դպրոցի օրինակով ներկայացրեց Աշխարհացույցի արդունավետ կիրառման հնարավորությունները՝ նշելով, որ այն նոր որակ ու նոր մշակույթ է ներմուծել դպրոց, որն ավելի է սերտացրել ուսուցիչ-աշակերտ կապը հենց դասապրոցեսի ժամանակ:
Ելույթով հանդես եկան նաև հավաստագիր ստացող ուսուցիչները, որոնք իրենց շնորհակալությունը հայտնեցին նման հարթակ ստեղծելու համար, քանի որ հենց այս հարթակի շնորհիվ է դասապրոցեսը դարձել հաճելի ու արդյունավետ, աշակերտը սիրով է պատրաստվում դասին, հետաքրքրված է, առարկան ու ուսուցիչը՝ կարևորված:
«Ես իմ օրինակով վարակում եմ գործընկերներիս, նրանց պատմում ու ներկայացնում հարթակը», «Հարթակի կարևոր բաղադրիչ է ծրագիրը, այն հետևողականությունը, որ ցուցաբերում են ծրագրի պատասխանատուները», «Սեմինարների ժամանակ մասնագիտական աճ ենք ունենում», «Տեխնոլոգիական գիտելիքներ ենք ձեռք բերում ու հմտանում դրանց կիրառման մեջ», «Ունենք ստեղծագործելու, դասերը պլանավերու մեծ հնարավորություններ», «Հարթակի շնորհիվ կարողանում ենք իրականացնել կրթական նոր չափորոշիչներով սահմանված ութ կարողությունների ձևավորումն ու դրանց ապահովումը», — իրենց խոսքում նշում էին ուսուցիչները։
Հիշեցնենք, որ հավաստագրեր ստանալու համար սահմանված է եղել հետևյալ երեք նախապայմանը․
— մասնակցություն վերապատրաստումներին,
— դասապրոցեսում հարթակի կիրառում,
— փորձի փոխանակում գործընկերների հետ:
Աշխարհացույցի վերապատրաստման ծրագիրն ընթանում է երեք հիմնական փուլերով՝
1) Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գիտելիքների և «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի կիրառումը ուսումնական գործընթացում,
2) Առարկայի դասավանդման մեթոդներ Աշխարհացույց հարթակի միջոցով,
3) Հետազոտական աշխատանքի իրականացում․ անձնական փորձառությունների ներկայացում
Առաջին փուլով մասնակից ուսուցիչներին փոխանցվում են տեխնիկական գիտելիքներ, նրանք գրանցվում են հարթակում, սովորում են հարթակի տեխնիկական հնարավորություններին։
Երկրորդ փուլով համադրվում են դասավանդվող առարկայի մեթոդները Աշխարհացույց հարթակի ընձեռած հնարավորություններին, մշակվում են օրինակելի դասեր։ Ուսուցիչներին շարունակաբար տրամադրվում է տեխնիկական ու բովանդակային աջակցություն։
Երրորդ փուլով սկսվում են ուսուցիչների ինքնուրույն մշակած դասերի ներկայացում, փորձի փոխանակում։