Մեդիա

«Աշխարհացույցն ուսուցչի աչքերով»․ Միսաք Մեծարենցի անվան համար 146 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Ասատրյան
Uncategorized

«Աշխարհացույցն ուսուցչի աչքերով»․ Միսաք Մեծարենցի անվան համար 146 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Ասատրյան

«Դուք չեք էլ պատկերացնում՝ աշակերտներս ինչպես են ոգևորվում, երբ լսում են «Աշխարհացույց»-ի անունը։ Նրանց ծնողներն անընդհատ ինձ ուրախությամբ հարցնում են՝ ի՞նչ եք արել, որ երեխաներն ամբողջ օրը տանը հարթակն են փորփրում», — պատմում է Երևանի Միսաք Մեծարենցի անվան համար 146 հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Կարինե Ասատրյանը։

Ուսուցչուհին «Աշխարհացույց»-ին բազմաթիվ «թելերով» է կապվել․ երեք եռամսյա վերապատրաստում, մարզային սեմինար, Երևանի ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստումներ, աշակերտների հետ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթի մասնակցություն ու հաղթանակ․․․

Կարինե Ասատրյանը ոգևորությամբ է նշում՝ ամեն ինչ անելու է, որ մեր թիմի հետ համագործակցությունը շարունակական լինի։

Այո, թեև Կարինե Ասատրյանը երևանյան դպրոցում է դասավանդում, բայց առիթը բաց չի թողել նաև «Աշխարհացույց»-ի մարզային սեմինարին մասնակցելու։ Երբ տեղեկացել է, որ Վիզուալ Հայաստանի թիմը պատրաստվում է Կոտայքի մարզում ուսուցիչների հետ հանդիպում կազմակերպել, այցելել է մարզաբնակ բարեկամի տուն ու այնտեղից գնացել գործընկերների վերապատրաստմանը։

Մոտ մեկ տարի առաջ է Կարինե Ասատրյանը, շուրջ 10 տարի Ռուսաստանի Դաշնությունում բնակվելուց հետո, Հայաստան տեղափոխվել ու սկսել դասավանդել։ Այնտեղ էլ ուսուցչուհին անգործ չի նստել, մանկավարժության հանդեպ սերն իրենն արել է․ հայրենասիրական խմբակ է բացել, հայ համայնքի երեխաներին հայոց լեզու ու պատմություն սովորեցրել։

«Պատկերացնում եմ՝ եթե «Աշխարհացույց» հարթակն այնտեղ լիներ այդ ընթացքում,  երեխաներն ինչ հիացմունքով կսովորեին պատմությունը»,-ասում է ուսուցչուհին, որն առիթը բաց չի թողնում նաև արտերկրում աշխատող գործընկերներին հարթակի մասին պատմելու։

Այժմ վայելում է ներկայիս աշակերտների ոգևորվածությունը, ինչի շնորհիվ իրենց թիմը վաստակել է սմարթ-էկրան ու գալիք ուսումնական տարվա ընթացքում կկարողանա ավելի հագեցած ու նորարարական դասապրոցես անցկացնել։

«Երբ տեղեկացանք հայտարարված մրցույթի մասին, մտածեցինք՝ հաղթելու դեպքում սմարթ-էկրան կունենանք, չհաղթելու դեպքում՝ փորձ ու կատարված մեծ աշխատանք, գիտելիք, որը աշակերտներին էր մնալու»։

Նախագծային աշխատանքի թիմը մենակ չի եղել․ ողջ ընթացքում աջակցել են դպրոցի մյուս աշակերտներն ու ուսուցիչները։ Արդյունքը սպասեցնել չի տվել։

«Շատ թիմային աշխատանք էր, համագործակցային մթնոլորտ էր տիրում։ Թեև ես ուղղորդում էի աշակերտներին, բայց վերջիններիս մոտ զարգացավ այն գաղափարը, որ եթե միասին աշխատեն, արդյունք կունենան»։

Մեր զրուցակիցը նշում է՝ «Աշխարհացույցը» միանգամից մի քանի ուղղությամբ է աջակցել ուսուցչին՝ բազմակողմանի նյութերով հագեցած հարթակ, դիդակտիկ անսպառ նյութ, գործիքով աշխատելու հմտություններ, վստահելի աղբյուրներ, դասավանդման բազմաթիվ նոր ու հետաքրքիր մեթոդներ, միջառարկայական կապերի ստեղծման հնարավորություններ․․․

«Ես հույս ունեմ՝ շուտով ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի հայ ուսուցիչներն ու աշակերտները հնարավորություն կունենան վերապատրաստվելու և աշխատելու հարթակով», — նշում է Կարինե Ասատրյանը։