«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի մենթիների հետ առկա հանդիպում-քննարկում

Օրերս «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամում կայացավ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2025-2026» ծրագրի մենթիների հետ հանդիպում-քննարկում, որը կարևոր միջանկյալ փուլ էր ծրագրի ընթացիկ տարվա իրականացման համար։
Հանդիպման նպատակն էր ստեղծել բաց, համագործակցային միջավայր՝ ծրագրի նպատակների, կառուցվածքի, սպասվող արդյունքների և մասնակիցների դերակատարության շուրջ միասնական պատկերացում ձևավորելու, ինչպես նաև մենթորական ծրագրի շարունակական բարելավման ուղիները համատեղ քննարկելու համար։
Մենթիներին ողջունեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը՝ ներկայացնելով ծրագրի տեսլականը և նշանակությունը Հայաստանի կրթական համակարգի զարգացման համատեքստում։
Այնուհետև ծրագրային ելույթով հանդես եկավ «Աշխարհացույցի» մենթորական ծրագրի ավագ դասընթացավար Սեդա Քոչարյանը՝ պատմական էքսկուրսի միջոցով ապագա առաջնորդ-ուսուցիչներին մեկ անգամ ևս ներկայացնելով իրական առաջնորդության դերն ու ուժը և ակնկալվող մասնագիտական արդյունքները։
Հանդիպման առանցքային նպատակներից էր մենթորական ծրագրի SWOT վերլուծությունը, որը վարեցին Հիմնադրամի դասընթացավար-փորձագետ, ստանդարտի պատասխանատու Հայկանուշ Ղևոնդյանն ու Սեդա Քոչարյանը։ Քննարկման ընթացքում մասնակիցները համատեղ անդրադարձան ծրագրի ուժեղ և թույլ կողմերին, զարգացման հնարավորություններին և ռիսկերին՝ առաջարկելով նաև դրանց արձագանքման կոնկրետ քայլեր։
«Ծրագիրը եզակի է, գնահատման հետադարձ կապի համակարգը մշտարթուն է, ես օր օրի մասնագիտական աճ եմ տեսնում իմ աշխատանքում, Աշխարհացույց հարթակի կիրառումը արդյունավետ է», — նշել էր մենթիներից մեկը։ SWOT-ի արդյունքներին ամփոփ կարող եք ծանոթանալ ստորև․
Քննարկման արդյունքում առանձնացվեցին ծրագրի մի շարք կարևոր առավելություններ․
-
- ուժեղ մասնագիտական համայնքի ձևավորում,
- մենթորական հստակ մոդել և որակյալ հետադարձ կապի համակարգ,
- գործնական ուղղվածություն,
- «Աշխարհացույց» հարթակի բազմաֆունկցիոնալ կիրառում,
- մոդուլային, ճկուն և ժամանակակից կառուցվածք։
Միաժամանակ արձանագրվեցին նաև մարտահրավերներ, որոնց թվում են ժամանակի կառավարման բարդությունները, տեխնիկական ռեսուրսների սահմանափակությունը, նորարար մեթոդների հանդեպ դիմադրությունը և մասնակիցների մոտիվացիայի պահպանումը։
Քննարկումների արդյունքում ձևավորվեցին հստակ գործողությունների ուղղություններ՝
-
- մենթորների աշխատանքի շարունակական աջակցում,
- թիմաստեղծման մեխանիզմների զարգացում,
- փորձի փոխանակման հարթակների ընդլայնում,
- մենթորական մեթոդական ուղեցույցի ստեղծում,
- միջմարզային համագործակցության խթանում։
«Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագիրը նպատակ ունի ձևավորել մենթոր-ուսուցիչների հզոր համայնք, որը կարող է աջակցել գործընկերներին, փոխանցել փորձը, խթանել համագործակցությունը և նպաստել հանրակրթության որակի շարունակական բարձրացմանը Հայաստանում։

































