««Աշխարհացույցը» մեծ հնարավորություններ է բացում մեր առջև»․ զրույց աշակերտների հետ
Uncategorized

««Աշխարհացույցը» մեծ հնարավորություններ է բացում մեր առջև»․ զրույց աշակերտների հետ

Հայկազ Բեջանյանը սովորում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Երազանքն ու նպատակը բժիշկ դառնալն է․ ուզում է օգնել մարդկանց։ Լավ մասնագետ դառնալուց առաջ, վստահ է, պետք է լինել լավ մարդ և քաղաքացի, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու համար պետք է նախ սեփական պատմությունը լավ իմանալ։ Այս գործում նրա օգնականն «Աշխարհացույց» կրթական հարթակն է։

«Առաջինն այն սկսել ենք կիրառել Հայոց պատմության դասերին՝ 9-րդ դասարանում։ Սկզբում կարծեցի, թե այս հարթակն արտասահմանյան ինչ-որ կայքի հայերեն թարգմանություն է,- Հայկազը պատմում է առաջին տպավորության մասին։- Հետո, երբ հասկացա՝ հայկական է, զարմացա, բայց շատ ուրախացա, որ այստեղ ևս նման առաջադեմ ծրագրեր կարող են ստեղծվել»։

«Աշխարհացույց»-ի հետ դասերն ավելի հետաքրքիր են, պատկերավոր և հիշվող։ Բացի այդ՝ Հայկազը նկատում է՝ հարթակում միայն ճշգրտված տեղեկություններ են․ հավելյալ ստուգման կարիք այլևս չկա։ Գործիքների բազմազանությունն աշակերտներին հնարավորություն է տալիս բավարարելու իրենց հետաքրքրասիրությունը և յուրացնելու ցանկացած տեղեկություն` անկախ բարդությունից։

«Ինձ համար ամենահետաքրքիրը ժամանակի սանդղակն է (ժամանակացույց՝ խմբ․)։ Այն կարելի է աջուձախ տանել ու տեսնել տարածքային փոփոխությունները ժամանակի մեջ։ Օրինակ՝ երբ ասում են գրավեցինք այս տարածքը, կորցրեցինք մյուսը, սիրում եմ, երբ այդ ամենը տեսանելի է քարտեզի վրա։ Ժամանակի սանդղակի տեղաշարժմամբ հստակ տեսնում ենք այդ տեղաշարժերը․ այդպես դասն ավելի է տպավորվում ու հասկանալի դառնում»։ Հայկազն իր սիրած գործիքներից առանձնացնում է նաև քանոնը․ այն հստակ պատկերացում է տալիս երկրների կամ տարածքների միջև եղած իրական հեռավորության մասին։ Կպչուն թերթիկ գործիքը ևս ֆավորիտների ցանկում է։

«Երբ աշխատում ենք քարտեզի վրա և ուզում ենք նշումներ անել, այլևս կարիք չկա տետրում գրելու, միանգամից քարտեզի վրա ենք անում նշումը։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք վերադառնալ դրանց։ Այդպես առավել հարմար է»։

Տավուշից հարավ՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում Անի Թորոսյանն է սովորում։ Իրարից անկախ Անին և Հայկազը նույնն են պնդում՝ «Աշխարհացույց»-ն առաջին հերթին գրավում է իր պատկերայնությամբ, տեղեկության և գործիքների բազմազանությամբ։ «Այս հարթակի հետ միշտ մեկ քայլ առաջ ես»,- նկատում է Անին, որն «Աշխարհացույց»-ին ծանոթ է 8-րդ դասարանից։

««Աշխարհացույց»-ով ավելի շատ բան ենք իմանում՝ ավելին, քան դասագրքում է։ Թեման նաև նկարներով ենք ուսումնասիրում, տեսանյութեր դիտում, կան խաղեր, որոնց միջոցով ամրապնդում ենք մեր անցածը։ Առանց «Աշխարհացույց»-ի դասերը, կարծես, միապաղաղ են, իսկ «Աշխարհացույց»-ով նույնիսկ այն երեխաները, որոնք այդքան էլ հետաքրքրված չեն դասերով, իրենք էլ են մասնակցում»,- անկեղծանում է Անի Թորոսյանը։

«Աշխարհացույց»-ի գործիքներն ու հնարավորություններն Անին լավ է ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում դասընկերներին էլ է օգնում օգտվել հարթակից։ Ասում է՝ դասարանում չկա աշակերտ, որ գոնե մեկ կամ երկու գործիք լավ չիմանա։ «Աշխարհացույց»-ն սկսել են կիրառել են աշխարհագրության դասերին, հենց աշխարհագրության ուսուցչի հետ էլ արել են նախագծային աշխատանքը, որի շնորհիվ դպրոցի համար շահել են այդքան բաղձալի սմարթ-էկրանը։

«Դա մեծ հաղթանակ էր մեզ համար, ուրախ էինք և հպարտ։ Հասկացանք, որ եթե մեր առջև դնում ենք նպատակ, անպայման հասնում ենք մեր ուզածին։ Գիտակցեցինք, որ աշխատասիրությունն ու միասնականությունը կարևոր են հաղթանակի համար։ «Աշխարհացույցը» և սմարթ-էկրանը մեծ հնարավորություններ են ընձեռում։ Նոր տեխնոլոգիաների մուտքը դպրոց կարևոր է մեր ապագայի համար»,- ասում է Անին։

Այսօր, թվային միջավայրում, լավ կողմնորոշվելն անհրաժեշտություն է։ Ի դեմս աշակերտական համայնքի՝ Անին և Հայկազը վստահեցնում են, որ «Աշխարհացույց»-ի դերն այդ գործում անփոխարինելի է։ Միայն մեկ նկատառում՝ Հայկազի կողմից․ ապագա բժշկի ցանկությունն է «Աշխարհացույց» հարթակում տեսնել նաև Քիմիա և Կենսաբանություն առարկաները։