Աշխարհացույցը դասապրոցեսում․ հալոցք
Uncategorized

Աշխարհացույցը դասապրոցեսում․ հալոցք

Վերևում կապույտ-կապույտ երկինքն է, ներքևում՝ զառիթափով դեպի ձորը ձգվում է գետակին պարուրված գողտրիկ գյուղը՝ Գետամեջը։ Կապույտ-կապույտ են նաև մեր զրուցակցի՝ գյուղի միակ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ռայայի աչքերը․ «Ամբողջ գյուղը մասնակցում էր նախագծային մրցույթ-ծրագրին, գիտեին, որ դպրոցի համար կարևոր մի բան են անում։ Շատ-շատ նոր տեղեկություններ իմացանք, գյուղի մասին անհայտ էջեր բացահայտեցինք, շատ մանրամասն էինք աշխատում, վառված էինք սմարթ-էկրան վաստակելու գաղափարով ու հնարավորությամբ», — պատմում է ժպտուն Ռայան։ «Դպրոցը 90 աշակերտ ունի․ եթե ծրագիրը մրցութային չլիներ ու արդար պայմաններում վաստակելու հնարավորություն չլիներ, մեր դպրոցին երևի երբեք էլ հերթ չէր հասնի ունենալ նման սմարթ-էկրան», — նկատում է ուսուցչուհիներից Նազելի Քերոբյանը։

Հիմնադրամի թիմը շարունակում է իր այցելությունները Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներ, որտեղ դասերին գործածում են Աշխարհացույցը, ունկնդրում, տեղում ծանոթանում խնդիրներին ու ձեռքբերումներին։

Մեկ օրվա մեջ դպրոցից դպրոց կարող ես հանդիպել միանգամից երեք եղանակ՝ ձուն-ձմեռ, հալոցք գարուն և կրկնկակոխ ներխուժող ամառ։ Էսպիսի մի «ամառային» դասասենկայում էլ հնարավարություն ունեցանք ունկնդրելու շատ բովանդակային դաս․ «Դասապրոցեսը 180 աստիճանով փոխվել է, ես ապրում եմ Աշխարհացույցով ու այս ծրագրի հնարավորություններով, աշակերտներիս 90 տոկոսը գրանցված են հարթակում, և՛ դասապրոցեսին ենք կիրառում, և՛ տնային առաջադրանքներ ենք անում։ Բոլոր գործիքներն ու ֆունկցիոնալը գործածում ենք, հարթակն օգնում է հանգամանորեն ուսումնասիրել պատմությունը, գտնել պատճառահետևենքային կապերը, այ օրինակ էսօրվա դասին ուսումնասիրեցինք նաև մեր գյուղի՝ Սոլակի հիմնադրման, դրա ժողովրդագրական պատկերի ձևավորման պատմական հիմքերը․ սոլակցիները 1800-ականներին գաղթել են Բայազետից, Մուշից, Ալաշկերտից։ Քարտեզի վրա ուսումնասիրեցինք մեր պապերի անցած ուղին, գծեցինք, չափեցինք, վերլուծեցինք», — անկեղծացավ Սոլակի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Լաուրա Աթանեսյանը։

«Ողջ դասարանը ներգրավված ու հետաքրքրված է դասով, մեր Վարդգեսն էլ, որ ունի առանձնահատկություններ (խմբ․ ԿԱՊԿՈւ աշակերտ), միևնույն է ձգտում է մասնակցել դասին, աշխատում է սմարթ-էկրանով, հարթակի գործիքներով։ Աշխարհացույցն այլ աշխարհ է», — իր խոսքում առանձնացնում է Հրազդանի համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նաիրա Ղարիբյանը։

Իսկ Վարդգեսից լույս է ճառագում․ «Վարդգե՛ս, Վարդգե՛ս, արի միասին նկարվենք, իրենց դասընկերոջը ձեն տվեցին աշակերտները»։

«Դպրոցս հզորացել է, շատ-շատ արդյունավետ է Աշխարհացույցով և սմարթ-էկրանով դասավանդումը, բայց հերթեր են, հատուկ դասացուցակ ենք կազմել, որ բոլորն էլ կարողանան գործածել էկրանը», — պատմեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ. 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը։