Աշխարհացույցը՝ որպես կրթական գործիք, հավասարը չունի Հայաստանում․ զրույց Նեղոցի հիմնական դպրոցի տնօրենի հետ
«Մեր ուսուցիչները դառնում են ոչ թե պատրաստի նյութ օգտագործողներ, այլ ստեղծողներ»

Լոռու մարզում՝ Հայաստան-Վրաստան սահմանին մոտ, կա մի փոքրիկ համայնք, համայնքում՝ փոքրիկ դպրոց, որն ունի մեծ երազանքներ։ Նեղոցի հիմնական դպրոցում կրթական նորարարությունները ոգևորությամբ են ընդունում ու մասնակցում բոլոր հնարավոր մրցույթներին ու ծրագրերին։ Դրանցից դպրոցի տնօրենն առանձնացնում է մեկը, որի մասին առանձնակի հպարտությամբ է խոսում՝ «Սմարթ-էկրաններ՝ «Աշխարհացույց»-ի դպրոցներին»։
«Սկզբում չէինք էլ պատկերացնում, պատկերավոր ասած, ինչի մեջ ենք թաթախվում։ Մրցույթին որոշեցինք մասնակցել այն ուսուցիչների և աշակերտների հետ, ովքեր դեռ չէին աշխատել «Աշխարհացույց»-ով ու ծանոթ չէին գործիքակազմին»,- մրցույթից գրեթե մեկ տարի անց միևնույն խանդավառությամբ պատմում է դպրոցի տնօրեն Արևիկ Սոսինյանը։ Աչքերը փայլում են, երբ հիշում է՝ ինչպես մարտահրավեր նետեցին իրենք իրենց (նույնիսկ ընտրած թեման էր անծանոթ) ու ոտքով-գլխով սուզվեցին նախագծի մեջ։ Ամեն օր ավելի ու ավելի էին բացահայտում «Աշխարհացույց»-ը, «երևակում» Յուսուֆ Քարշի կյանքն ու քարտեզագրում նրա անցած ճանապարհը։ Փոքր դպրոցի համար սա մեծ իրադարձություն էր։ Հաղթանակը՝ բաղձալի արդյունք։
«Այս մրցույթն ու սմարթ-էկրանը բոլորի համար էլ կարևոր են, բայց մարզային դպրոցի համար՝ հատկապես, առավել ևս՝ փոքր դպրոցի․ սա նման է կարծրատիպեր կոտրելուն։ Սա նշանակում է, որ դպրոցի չափը կարևոր չէ, հեռավորությունը մայրաքաղաքից՝ նույնպես։ Սա նշանակում է, որ դու ոտք ես մեկնում բոլորի հետ հավասար, քեզ հասանելի են ժամանակակից կրթության բոլոր ռեսուրսները»,- ասում է դպրոցի տնօրենը։
Արևիկ Սոսինյանը Նեղոցի դպրոցը ղեկավարում է 2013 թվականից, դրանից շատ առաջ եղել է նույն դպրոցի աշակերտ, հետո՝ աշխարհագրության ուսուցչուհի։ Լավ է ճանաչում դպրոցն իր հնարավորություններով ու առավելություններով։ Ակնհայտ է, որ սմարթ-էկրանը խթանում է առաջադիմությունը․ «Վերջին քննական նախագծերը բոլորն անխտիր հարթակով էին պատրաստել։ Ես նայում էի ու հասկանում՝ եթե չլիներ այդ էկրանը, աշակերտները չէին կարողանա այդ որակի աշխատանք անել ու այդպես ներկայացնել»։
Տնօրեն Սոսինյանը կարևորում է համագործակցությունը «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի հետ թե՛ որպես ուսուցիչ, թե՛ որպես տնօրեն։ Նա առաջիններից է եղել դպրոցում, որ կիրառել է «Աշխարհացույց»-ը։ Հիմա արդեն ուսուցչական կազմի կեսից ավելին կիրառում է հարթակն ու անցել է հիմնադրամի այս կամ այն վերապատրաստումը։
««Վիզուալ Հայաստան»-ի հետ համագործակցությունը կարևոր է, որովհետև այն մեկանգամյա չէ, շարունակական ու մասնագիտական շատ հնարավորություններ է տալիս մեզ։ Իսկ հարթակն անընդհատ զարգանում է ու արդիականացվում։ Գրավիչ են հատկապես դրա պարզությունն ու բովանդակային խորությունը, այն, որ ամեն ինչ կարելի է վիզուալացնել։ Աշակերտը ոչ միայն կարդում է դասը կամ լսում ուսուցչին, այլ կարողանում է տեսնել, ուսումնասիրել, համեմատել, կապեր գտնել տարբեր դեպքերի ու իրադարձությունների միջև,— հարթակի առավելություններն է թվարկում Սոսինյանը։- Շատ եմ կարևորում աշակերտների բարձր ներգրավվածությունը։ Դասն «Աշխարհացույց»-ի հետ դառնում է աշակերտակենտրոն։ Նրանց հետաքրքրությունն ակնհայտորեն շատ բարձր է, մոտիվացիան ու դասին ներգրավվածությունը՝ նույնպես»։
Արևիկ Սոսինյանը ևս մեկ կարևոր ձեռքբերում է առանձնացնում՝ «Աշխարհացույց»-ի հետ ուսուցիչներն ավելի պատրաստակամությամբ են սովորում և զարգանում։ Ասում է՝ կրթական տեխնոլոգիաներն ու գործիքները կարող են շատ լինել դպրոցում, բայց ամենակարևոր ցուցանիշը դրանց արդյունավետ կիրառումն է․ «Շատ կարևոր է՝ ինչպես է տվյալ տեխնոլոգիան փոխում ուսուցման որակը։ «Աշխարհացույց»-ն ու «Վիզուալ Հայաստանի»-ի վերապատրաստումները բազմաթիվ նոր հնարավորություններ ու գիտելիք են տալիս առաջին հերթին մեր ուսուցիչներին։ Նրանք դառնում են ոչ թե պատրաստի նյութ օգտագործողներ, այլ ստեղծողներ։ «Աշխարհացույց»-ը՝ որպես կրթական գործիք, այս պահին հավասարը չունի Հայաստանում թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների ու թե՛ ընդհանրապես դասի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից»,- նկատում է Արևիկ Սոսինյանը։







