«Աշխարհացույց»-ն օգնում է հանրակրթական պետական նոր չափորոշիչներով առաջնորդվող ուսուցչին
Uncategorized

«Աշխարհացույց»-ն օգնում է հանրակրթական պետական նոր չափորոշիչներով առաջնորդվող ուսուցչին

«Վաղուց էինք խոսում այն մասին, որ դպրոցական առարկաները որքան ինտերակտիվ լինեն, այնքան ընկալելի կդառնան աշակերտի համար։ Եվ սա արդեն իրականություն է․ նորարարական այս հարթակում վիզուալիզացվում են պատմություն և աշխարհագրություն առարկաները»,- հաղորդավարներ Արթուր Գեղամյանը և Դիանա Հարոյանը Շանթ հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրի եթերում այսպես ներկայացրին «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակը՝ հյուրընկալելով ծրագրի ներկայացուցիչներին։

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը ներկայացրեց հարթակի առանձնահատկությունները և ինտերակտիվ դասեր կազմակերպելու հնարավորությունները։ Նա ընդգծեց, որ ծրագրին դպրոցները միանում են կամավոր հիմունքներով։ «Ծրագրի առավելությունն այն է, որ տեքստային և վիզուալ բովանդակության զուգորդման հնարավորության շնորհիվ բարձրանում է դասապրոցեսի կազմակերպման արդյունավետությունը։ Մենք ունենք  հարթակից օգտվող 1000 — ավոր աշակերտներ և վերապատրաստված 100-ավոր ուսուցիչներ։ Թվերը խոսուն են և պարտավորեցնող նաև մեզ համար»,- ասաց Արևիկ Ավետիսյանը։

Երևանի Լ․ Ազգալդյանի անվան հ․ 200 դպրոցի պատմության ուսուցիչ, «Աշխարհացույց»-ի մենթոր-ուսուցիչ Վարդան Քերոբյանի կարծիքով՝  հարթակի հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ գործում է սմարթ կրիչներով հետաքրքրված ժամանակակից աշակերտին հարազատ միջավայրում։ Նա ընդգծեց, որ «Աշխարհացույց»-ը չափազանց օգտակար է նաև հանրակրթական պետական նոր չափորոշիչներով աշխատող ուսուցչին։

«Հարթակը լիարժեքորեն լուծում է կրթական համակարգի առաջ դրված խնդիրները և բավարարում է այն պահանջները, որոնցով մենք պարտավոր ենք աշխատել։ Այնպես որ, «Աշխարհացույց»-ը մեծագույն նվեր է կրթական քաղաքականությանն ու ուսուցչին»,- նշեց նա՝ շեշտելով հատկապես միջառարկայական կապի ապահովման հնարավորությունը։

Անդրադառնալով «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցը 2024» ծրագրին՝ Արևիկ Ավետիսյանն ընդգծեց, որ այն ևս համահունչ է կրթական համակարգի քաղաքականությանը, քանի որ մրցույթի պարտադիր բաղադրիչներից մեկը նախագծային աշխատանք է, իսկ, ինչպես հայտնի է, հանրակրթական դպրոցներում նախագծային ուսուցումն այս տարվանից դրվել է լայն կիրառության մեջ։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Աշխարհացույց»-ի շրջանակում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հարթակի աշխատանքի հետագա ընդլայնման հնարավորություններին։

Մարտի 25-ին եթեր հեռարձակված հաղորդման մյուս մանրամասներին ծանոթացեք այստեղ։