Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում արձակուրդներից հետո կսկսեն կիրառել «Աշխարհացույց» հարթակը
Uncategorized

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում արձակուրդներից հետո կսկսեն կիրառել «Աշխարհացույց» հարթակը

   

«Հենց տուն հասնեմ, իմ երեխաներին էլ եմ գրանցելու հարթակում»,- այսպես արձագանքեց դասընթացի մասնակիցներից մեկը՝ առաջին անգամ տեսնելով  «Աշխարհացույց»-ի ինտերակտիվ քարտեզը։ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում այսօր աշակերտի դերում ուսուցիչներն էին․ որոշել են գարնանային արձակուրդները ևս ուսումնական նպատակով օգտագործել։ «Աշխարհացույց»-ի մասին շատերն էին լսել, բայց կիրառելու հմտություն չունեին։ Կրթահամալիրի հրավերով՝ «Վիզուալ Հայաստանի»-ի թիմը տեղում իրականացրեց հարթակի ճանաչման և կիրառման դասընթաց։

«Բոլորը շատ արագ գրանցվեցին ու հենց առաջին րոպեից ոգևորությամբ աշխատեցին։ Նրանց արձագանքներից պարզ երևում էր, թե հարթակը որքան գրավիչ և օգտակար է իրենց համար։ Առանց որևէ դժվարության միանգամից սկսեցին կիրառել և կարծիքներ հայտնել։ Կարծում եմ՝ շատերը կմիանան եռամսյա առցանց դասընթացներին, մենք էլ մեր հերթին հետագայում կրկին կայցելենք՝  ուսուցիչների կարիքները հասկանալու համար»,- հանդիպման ավարտին ասաց «Աշխարհացույց»-ի մենթոր, վերապատրաստող ուսուցիչ Նաիրա Երկանյանը։

Եզակի այս կրթահամալիրում սովորում է 115 աշակերտ, 60 տոկոսը՝ մարզերից։ Նրանք այստեղ ոչ միայն սովորում են, այլ նաև ապրում։ Տնօրեն Արմինե Բաբայանն ասում է, որ իրենց մոտ գործում են նույն հանրակրթական պետական չափորոշիչները, նույն դասագրքերն են, բայց կրթահամալիրը նաև առանձնահատուկ է՝ պայմանավորված երեխաների կարիքներով, հետևաբար նորարար և տեսողական տարրերով հարուստ կրթական գործիքների արժեքն այստեղ շատ ավելի է կարևորվում։

       

«Սա չափազանց արժեքավոր ծրագիր է մեզ համար, որովհետև մեր երեխաների մոտ տեսողական ընկալումն ավելի զարգացած է։ Հարթակը նաև աջակցող գործիք կհանդիսանա ուսուցչի համար։ Ակնկալում եմ, որ «Աշխարհացույց»-ի կիրառման արդյունքում կբարձրանա աշակերտների մոտիվացիան, ուսուցիչների աշխատանքը կլինի առավել արդյունավետ ու հեշտ։ Ի վերջո, 21-րդ դարում առանց ՏՀՏ հագեցվածության դասերի անհնար է կրթության որակը բարձրացնել»,-նշեց  Արմինե Բաբայանը։

«Աշխարհացույց»-ի ճանաչման և գործածման սեմինարին մասնակցում էին պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու և գրականություն առարկաներ դասավանդող ուսուցիչներ։ Նրանք նկատեցին, որ ձեռք բերելով հարթակի կիրառման գործիքակազմի մասին բազային գիտելիքներ, «Աշխարհացույց»-ն աստիճանաբար կներառեն դասապրոցեսում։ 

«Տեխնիկապես բավական հագեցած է մեր դպրոցը, ունենք նաև էլեկտրոնային գրատախտակներ։ Այնպես որ, կկարողանանք օգտագործել հարթակի հնարավորությունները։ Ելնելով մեր երեխաների կրթության առանձահատուկ կարիքներից՝ կարող եմ ասել, որ նրանց համար  ուսումնական նյութն այսպես ավելի ընկալելի և հասկանալի կլինի»,— ասաց աշխարհագրություն, հասարակագիտություն առարկաներ դասավանդող Վալենտինա Ադամյանը։

     

Նրա գործընկերը, պատմության ուսուցիչ Կարինե Մարտիրոսյանն էլ հավելեց, որ հարթակը կարող է ոչ միայն ծառայել որպես լրացուցիչ աղբյուր, այլ հենց դասի բուն թեման հնարավոր է ուսումնասիրել «Աշխարհացույց»-ով․«Այն ամենը, ինչ պետք է ցույց տամ, ասեմ, արդեն պատրաստ կա՝ պարզ, հստակ գրված։ Երեխան առանց իմ օգնության կարող է կարդալ, հասկանալ, ես միայն զուգահեռաբար ժեստերի լեզվով կբացատրեմ»։

Կրթահամալիրի ուսուցիչները վստահ են, որ մեկօրյա վերապատրաստումը «Աշխարհացույց»-ի հետ համագործակցության միայն սկիզբն է․ առաջիկայում կմիանան նաև վերապատրաստումների դասընթացներին և կդառնան «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի մյուս նախաձեռնությունների ակտիվ մասնակիցներից։