Աշխարհացույց կրթական հարթակը ներկայանում է նոր շնչով՝ եռապատկված բովանդակությամբ և հնարավորություններով
Uncategorized

Աշխարհացույց կրթական հարթակը ներկայանում է նոր շնչով՝ եռապատկված բովանդակությամբ և հնարավորություններով

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ուրախությամբ հայտնում է, որ Աշխարհացույց ծրագիրը շարունակաբար զարգանում է․ հարթակում արդեն հասանելի են Հայոց պատմության 6-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններին, Համաշխարհային 6-րդ, 7-րդ դասարաններին վերաբերող նոր թեմաներ։ Աշխատանքներ են տարվում Աշխարհագրություն առարկայի 6-րդ դասարանի թեմաների մշակման ուղղությամբ։

Հարթակ են ներմուծվել հազարից ավելի՝ հատուկ հարթակի համար մշակված գիտահանրամատչելի հոդվածներ, թվային ու դինամիկ փոփոխվող պատմական քարտեզներ, համալրված տեսադարան՝ նոր, քիչ շրջանառվող պատմական նկարներ, տեսա և աուդիո նյութեր։ Նոր ֆունկցիաներից առանձնացնենք եռաստիճան ժամանակացույցը, որը ժամանակի և տարածության մեջ ճամփորդությունը կդարձնի ավելի դյուրին՝ հուշելով սահմանային փոփոխությունների, ժամանակի կարևոր դեմքերի,  միջազգային իրադարձությունների և այլնի մասին։ Աշխատանքներում առանցքային տեղ է զբաղեցրել քարտեզագրական համակարգի ներմուծումը, որի շնորհիվ քարտեզագրական տեղեկատվության ցուցադրումն ու կառավարումը դարձել են ավելի դյուրին և արտահայտիչ։

Առաջին անգամ սովորողը հնարավորություն ունի իրեն ծանոթ տեխնոլոգիական միջավայրում տեսնելու Մեծ Հայքի 15 նահանգները և գավառները պատկերող ամբողջական, բարձր ճշգրտությամբ թվային քարտեզ, որը լիովին փոխում է պատմության ընկալողականության մակարդակն ու հնարավորություն տալիս սովորողին առավել պատկերավոր յուրացնել պատմական փաստերը։ Թեմաները և դասերը համալրվել են նյութի ամփոփմանը նպաստող և գիտելիքները ստուգող խաղային առաջադրանքներով։ 

Ուսուցչի ու աշակերտի համար ստեղծված, ոլորտում որակական փոփոխություն բերող, մեր երկրի երկարաժամկետ զարգացմանը ծառայող այս ծավալուն ու բազմավեկտոր ծրագրի շարունակական ու դինամիկ զարգացումը հնարավոր է դարձել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ ի դեմս Հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնի։ Այն նաև հնարավորություն է տվել մեզ Աշխարհացույց ծրագրում ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին՝ բարձրացնելով հարթակի որակն ու ազդեցությունը։

Նախորդ մեկ տարվա փորձարարական փուլը, որի ընթացքում մեզ միացավ ավելի քան 500 ուսուցիչ, բավարար էր հասկանալու, որ Աշխարհացույցը բխում է ուսուցչի և սովորողների կարիքներից. այն նոր շունչ է հաղորդել պատմություն առարկայի դասավանդմանը և նպաստում է Հայ ժողովրդի և համաշխարհային պատմության նկատմամբ սովորողի հետաքրքրության բարձրացմանը, պատմական մտածողության ձևավորմանը ու գիտելիքի հարստացմանը։ 

Իսկ մեր ստեղծագործական թիմը, հավատարիմ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի որդեգրած առաքելությանը, շարունակելու է նորարարական ծրագրերի միջոցով նպաստել հայ աշակերտի՝ 21-րդ դարին հարիր կրթություն ստանալու իրավունքի իրացմանը։

Հիշեցնենք, որ Աշխարհացույց կրթական նորարարական հարթակը (կայքը՝ https://brainograph.com/) ինտերակտիվ քարտեզ է, որն առաջարկում է Պատմություն առարկայի դասավանդման ինտերակտիվություն և բովանդակության վիզուալիզացիա՝ համալրված համապատասխան գործիքակազմով, պատմության հետաքրքիր դրվագներով, ֆիլտրերով, որոնողական համակարգով և այլն: Այն պատմական ցանկացած իրադարձություն կամ անուն կապում է տարածության ու ժամանակի հետ՝ հնարավորություն տալով դասավանդողին իր խոսքն առավել պատկերավոր ու հանրամատչելի մատուցել աշակերտներին։ Գործիքի կիրառումը համահունչ է հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների և առարկաների չափորոշիչների ու օրինակելի ծրագրին։