«Աշխարհացույց»-ը փրկություն է ուսուցչի համար, ինչպես Նեղոսը՝ Եգիպտոսի․ զրույց  մենթորության կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, ուսուցիչ Հովհաննես Հարությունյանի հետ
Uncategorized

«Աշխարհացույց»-ը փրկություն է ուսուցչի համար, ինչպես Նեղոսը՝ Եգիպտոսի․ զրույց մենթորության կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, ուսուցիչ Հովհաննես Հարությունյանի հետ

Հարուստ լինելու համար դրամից առավել՝ մարդկային ռեսուրսն է կարևոր։ Հենց այս համոզմամբ Հովհաննես Հարությունյանը գնաց իր հարստության ետևից՝ ընտրելով մանկավարժությունը որպես մասնագիտություն։ Հանրային բարիք ստեղծելու համար դպրոցն ամենապարարտ հողն է համարում, որտեղ քո տրամադրության տակ ունես մարդկային մեծ ռեսուրս։ Այսօր Հովհաննեսը հայոց և համաշխարհային պատմություն է դասավանդում Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Առարկայի ընտրությունը ևս գիտակցված է եղել։

«Թումանյանն ասում է՝ պատմությունը լուսատու լապտեր է, որ ամեն ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար: Իրոք, պատմությունը՝ անցյալի իմացությունը, մեր ապագայի լույսն է։ Պատմությունն այն հազվագյուտ առարակներից է, որի միջոցով դու ճանաչում ես քո հայրենիքը, իսկ առանց ճանաչելու չես կարող սիրել այն»,- բացատրում է Հովհաննես Հարությունյանը։

Երիտասարդ մասնագետն իր ուսուցչական կարիերան սկսել է 2016 թվականից։ Ինը տարի ուսուցանում է դպրոցում, բայց զուգահեռ չի դադարում նաև ուսանել։ Մասնակցում է բոլոր այն դասընթացներին և վերապատրաստումներին, որոնք կօգնեն իր դասն ավելի արդյունավետ դարձնել, իսկ աշակերտին պահել կլանված։ Հովհաննեսն անկեղծանում է, ասում է՝ քիչ է պատահում, որ սեմինարների վրա ծախսած ժամանակն ու միջոցներն արդարացված լինեն։ Բայց վերջին վերապատրաստումը գերազանցել է նրա բոլոր սպասելիքները։ Հովհաննես Հարությունյանն այն 53 ուսուցիչներից է, որոնք ավարտել են ուսուցչի կարողությունների հզորացման «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» վեցամսյա ծրագիրը՝ զինվելով տասնյակ մեթոդներով, որի համար ստացել են նաև կրթաթոշակ։ Ուսուցիչը խոստովանում է՝ այս մեկը տարբեր էր թե՛ բովանդակությամբ, թե՛ արդյունավետությամբ։

«Մինչև դասընթացը որոշ մեթոդներ արդեն գիտեի, կիրառում էի։ Բայց սեպտեմբերից այս կողմ՝ ծրագիրն ավարտելուց հետո, իմ հին մեթոդները գրեթե չեմ կիրառել։ Սեդա Քոչարյանը (դասընթացավարը) այնքան լավ, նոր մեթոդներ է սովորեցրել, որ ուղղակի չեմ հասցնում անդրադառնալ հներին։ ԾՄԲԱՍ-ն եմ շատ կիրառում, աշխատանքային թերթիկները, ՆԿՀԱ-ն, խայծը, համագործակցման մեթոդն է հետաքրքիր։ Դրանք փրկություն են ուսուցչի համար։ Երբ զգում ես, որ երեխան հոգնում է մի մեթոդից, անմիջապես անցնում ես մյուսին։ Նրանց մոտ աշխուժություն է սկսվում, ու դու էլ ես վերածնվում»,- ասում է Հովհաննես Հարությունյանը։

Հովհաննեսը չի սիրում հրապարակավ շնորհակալություն հայտնել, բայց «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի վերապատրաստման այս ծրագիրը բացառություն է։ Երախտապարտ է յուրաքանչյուր վայրկյանի համար։ Վեց ամիս շարունակ սովորել է, և ոչ մի օր զուր չի անցել։ Իսկ հիմնադրամի հետ նրա համագործակցությունն սկսվել է դեռ 2021 թվականից։

Մինչև Դիլիջանի կենտրոնական դպրոցում աշխատելը Հովհաննեսը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախում էր։ Ուզում էր ներսից ճանաչել հայրենիքի այդ հատվածը՝ ապրելով և աշխատելով հենց տեղում։ 2020 թվականի պատերազմից հետո, սակայն, ստիպված եղավ վերադառնալ և շարունակել աշխատանքն արդեն Դիլիջանում։ Այդ ժամանակ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամը դեռ նոր էր գործարկում իր «Աշխարհացույց» կրթական հարթակը։ Հովհաննես Հարությունյանն առաջին ուսուցիչներից էր, որ ծանոթացավ ծրագրին դեռ նախատիպային փուլում։ Առաջիններից էր նաև, որ այն կիրառեց դպրոցում։

«2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին էր։ Հարթակի մասին շատ քչերը գիտեին, դեռ մի քանի ուսուցիչներով էինք այն կիրառում։ Այն, ինչի վրա պետք էր տանը ժամանակ ծախսել, սահիկով պատրաստել և դասարանում ցույց տալ աշակերտներին, «Աշխարհացույց»-ում արդեն պատրաստ կար։ Դա խնայում է ուսուցչի ժամանակը,- ասում է Հարությունյանը,- Հաջողության հասնելու համար միայն դասարանում աշխատելը քիչ է, պետք է տանն էլ աշխատել, վիզուալ նյութեր պատրաստել։ «Աշխարհացույց»-ը բազմապատկում է հնարավորությունները։ Մի աղբյուր դու ես վերցնում, մի քանիսն «Աշխարհացույց»-ն է ավելացնում, ընտրությունը մեծանում է»։

Քարտեզների ու աղբյուրագիտական նյութերի բազմազանությունը, նկարների և գույների առատությունը հարթակում պատմության ու ժամանակի մեջ հետաքրքիր ճամփորդության երաշխիքն են, որին աշակերտները հաճույքով են մասնակցում։ Հովհաննեսը պատմում է, որ գործիքներից ամենաշատը քանոնն են սիրում․ պատմական և ներկայիս բնակավայրերի միջև չափում են տարածությունն ու ժամանակը, գծում հնարավոր ճանապարհները։

«Երեխաներն այնքան են սիրում «Աշխարհացույց»-ը, որ ես՝ դեռ դասարան չմտած, իրենք արդեն սմարթ-էկրանը միացնում ու «Աշխարհացույց»-ը բացած ինձ են սպասում։ Լինում է, որ ինձնից առաջ են ընկնում և թեման նախապես ուսումնասիրած են լինում, ասում են՝ ընկեր Հովհաննես, տեսե՞լ եք՝ «Աշխարհացույց»-ում այսպիսի բան կա, տեսե՞լ եք՝ սա այսպես է կամ այնպես։ Լավն այն է, որ նյութերը չեն սպառվում, հարթակն անընդհատ թարմանում է, հարստանում, երեխաները չեն հասցնում ձանձրանալ»,- բացատրում է Հովհաննես Հարությունյանը։

Ուսուցիչը վստահ է՝ այսօրվա աշակերտին որակյալ և բովանդակային կրթություն տալու համար միայն գիրքը բավարար չէ, նրան էկրանն է հետաքրքիր։ Ահա թե ինչու «Աշխարհացույց»-ի մուտքը դպրոց ամենասպասվածներից էր։ Աշակերտը սովորում է՝ դուրս չգալով իր հարմարավետության գոտուց․«Ամեն դեպքում այսօր դժվար է նրանց կտրել էկրանից։ Հետևաբար մենեջմենթի խնդիր է, թե ինչով ես լցնում այդ էկրանը։ Ես փորձում եմ միջամտել և ավելի շատ «Աշխարհացույց»-ը ներառել այնտեղ։ Այդպես դառնում ես թելադրող, որպեսզի իրենց հաճելի միջավայրում տիկտոկյան նյութերի փոխարեն կրթական թեմաներ ուսումնասիրեն։ «Աշխարհացույց»-ը փրկում է ձանձրալի և միանման դասերից։ Այն փրկություն է ուսուցչի համար, ինչպես Նեղոսը՝ Եգիպտոսի համար»։