«Աշխարհացույց»-ը դպրոցի տնօրենի աչքերով․ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյան
«Աշխարհացույց»-ի հետ՝ ամենասկզբից․ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի և Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի համագործակցությունը սկսվել է, երբ «Աշխարհացույց» կրթական ծրագիրը դեռ փորձարարական փուլում էր։
Դպրոցի ուսուցիչների ակտիվ ներգրավվածությունը հիմնադրամի ծրագրում կարճ ժամանակ անց տվել էր շոշափելի արդյունքներ։
Դպրոց էր այցելել նաև հիմնադրամի գլխավոր աջակից և բարեկամ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը։ Վիզուալ Հայաստանի և դպրոցի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր և, կարևորելով կրթական գործընթացներում նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով որակյալ կրթության խթանումն ու հաշվի առնելով դպրոցի կարիքները, Քրիստին Սիմոնի աջակցությամբ հիմնադրամը դպրոցին նվիրաբերել էր սմարթ-էկրան։
Այսօր արդեն՝ համագործակցության մեկնարկից շուրջ երկու տարի անց, քաղում ենք համատեղ արդյունավետ աշխատանքի պտուղները։ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանն արձանագրում է՝ կառույցների միջև համագործակցությունը վաղուց հատել է հուշագրով նախատեսված պայմանավորվածությունները։ Վիզուալ Հայաստանի գործունեության որևէ ոլորտ չկա, որում դպրոցն ու կառույցը սերտ չփոխգործակցեն։
Տաշչյանն ընդգծում է՝ սմարթ-էկրանից առաջ ու հետո դպրոցի կյանքը տեսանելիորեն փոխվել է։ Դասասենյակը, որտեղ տեղադրվել է նորագույն տեխնիկան, դարձել է կրթօջախի մարդաշատ անկյուններից մեկը։ Օրական 10-11 ժամ դասասենյակն զբաղված է, շուրջ 200 աշակերտ ամեն օր օգտվում է սմարթ-էկրանից՝ անցկացնելով ոչ միայն Պատմության և Աշխարհագրության, այլև մյուս բոլոր առարկաների դասերը։ Տաշչյանը սմարթ-էկրանի ստացումից հետո դասապրոցեսի որակական փոփոխությունից զատ կարևորում է այն հավելյալ արժեքը, որը ձևավորել է մեկ ձեռքբերումը։
«Աշակերտները մեծ խնամքով են վերաբերվում տեխնիկային, դասասենյակին։ Սա իրականում շատ բանի մասին է վկայում․ հենց այն է, ինչ փորձում ենք ձևավորել աշակերտի մոտ՝ սեր առ դպրոց, փոքր հայրենիք, ընդհանուր հայրենիք, աշխարհ։ Մեկ սմարթ-էկրանը փոխել է վերաբերմունքը։ Այդ դասասենյակն այժմ եզակիներից է, որտեղից աշակերտները զանգից հետո չեն շտապում դուրս գալ։ Նորագույն տեխնիկան հնարավորություն է տվել մոտիվացնել աշակերտին, նրան բերել կրթական դաշտ և ոչ թե համոզել, պարտադրել սովորել, այլ թողնել, որ ինքն անի դա»,-նշում է Տաշչյանը։
Վերջինս ընդգծում է հիմնադրամի աշխատելաոճը՝ արժևորելու մարդկանց ժամանակը, ռեսուրսները, կազմակերպչական մոտեցումներն ու արդյունավետ աշխատանքը՝ նշելով, թե փորձում են դպրոցում տեղայնացնել նաև այդ սկզբունքները։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական դպրոցի տնօրենն ուսուցիչներին հորդորում է ամեն օր դպրոց մտնել հետևյալ հարցով՝ «ի՞նչն եմ այսօր փոխելու դեպի լավը»․
«Համոզված եմ, որ ուսուցիչները դա կարող են անել։ Պետք է միայն հավատ ու ջանքերի ճիշտ գործադրում։ Աշակերտներին էլ մաղթում եմ, որ միշտ ունենան իրենց կարծիքը, լինեն ազատամիտ, համարձակ, ինքնաճանաչ, տեր լինեն սեփական դպրոցին, քաղաքին, երկրին և անտարբեր չլինեն»,-ասում է Արթուր Տաշչյանը՝ նշելով, թե շարունակելու են հիմնադրամի հետ համագործակցությունը՝ սովորողին ու սովորեցնողին օգնելու ստեղծել աշակերտակենտրոն ու նորարար կրթական միջավայր։