Աշակերտները՝ Աշխարհացույցի գաղափարակիցներ և առաջամարտիկներ
Տարեվերջին՝ դեկտեմբերի 16-ին, Վիզուալ Հայաստանի թիմը շատ ջերմ և ոգեշնչող հանդիպում ունեցավ Աշխարհացույցը կիրառող աշակերտների հետ։ Առաջին առցանց հանդիպմանը ներկա էին շուրջ 80 սովորողներ ՀՀ տարբեր մարզերի և Երևանի բազմաթիվ դպրոցներից։ Հանդիպման նախաձեռնողները հենց իրենք էին՝ 5-12-րդ դասարանների աշակերտները, որոնք պարբերաբար նամակներ են գրում Հիմնադրամին՝ հանդիպումներ կազմակերպելու և իրենց հետ էլ ուղիղ աշխատելու ակնկալիքով։
Չնայած հանդիպումը հեռավար էր, այն շուրջ երկու ժամ տևեց՝ ընթանալով ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ Աշակերտները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու Հիմնադրամի թիմին, այդ թվում «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանին, ինչպես նաև ներկայացնելու իրենց առաջարկները հարթակի տարածման ու զարգացման վերաբերյալ։ Հիմնադրամի թիմն էլ հենց աշակերտներից լսեց, թե ինչպես են ծանոթացել Աշխարհացույցի հետ, ինչ է այն փոխել նրանց կյանքում ու ինչպես են պատկերացնում Հիմնադրամի հետ համագործակցությունը։
Իրենց հատուկ անկեղծությամբ երեխաները կիսվեցին Աշխարհացույցի հետ իրենց ծանոթությամբ։ Սևքարի միջնակարգ դպրոցի սան Հայկազ Բեջանյանը պատմեց․ «Աշխարհացույցն ինձ համար բացահայտում էր։ Սկզբում մտածում էի, որ այն արտասահմանյան կայք է՝ թարգմանված հայերեն։ Հետո, երբ իմացա, որ այն հայկական ստեղծագործություն է, ուրախությանս չափ չկար։ Իսկ սմարթ-էկրան շահելը մեծ նվաճում էր մեզ համար, քանի որ այն առաջինն էր դպրոցում, ու կոնկրետ ես միայն հեռախոսով էի տեսել, թե ինչպես են տարբեր դպրոցներ այն օգտագործում, ու շատ հաճելի կլիներ անձամբ օգտագործել։ Հիմա հարթակի միջոցով ես օգտագործում եմ տարբեր գործիքներ ու քարտեզներ։ Օրինակ՝ նախկինում միայն գիտեի արքաների կատարած նվաճումների մասին, բայց հիմա դրանք նաև տեսնում եմ ու շոշափում»:
«Ես հենց սկզբից մեծ ակնկալիքներ եմ ունեցել հարթակից․ «Աշխարհացույց» բառն ինձ հուշել է, որ մենք կարող ենք բացահայտել և տեսնել աշխարհը քարտեզների միջոցով», — հավելեց Միսաք Մեծարենցի անվան համար 146 հիմնական դպրոցի աշակերտուհի Գայանե Թադևոսյանը:
Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցի սան Էրիկ Բադալյանն էլ անկեղծացավ․ ««Աշխարհացույց» հարթակի շնորհիվ տնային առաջադրանքներ կատարելն էլ է դարձել հետաքրքիր»։
Ոգևորված Աշխարհացույցով՝ աշակերտները հստակ ներկայացրին իրենց պատկերացումներն առաջիկա անելիքների մասին՝ ևս մեկ սեմինար-հանդիպում գործիքակազմին լավագույն տիրապետելու համար, իրազեկման արշավների կազմակերպում իրենց դպրոցների տարրական դասարանցիների համար, իսկ այլ դպրոցներում՝ աշակերտների և ուսուցիչների համար, չելենջներ սոցցանցերում, միջդպրոցական միջոցառումներ և այլն։ Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հարութը նշեց, որ իրենք արդեն իսկ տեսանյութերի շարք են մշակել, որոնց միջոցով պատմում են Աշխարհացույցի իրենց սիրելի գործիքների մասին՝ նշելով, որ Հիմնադրամի կողմից գործիքակազմի ներկայացումը շատ կօգնի շարքը շարունակելուն։
Աշակերտների ցանկությունը պարզ էր՝ շատ լավ տիրապետել հարթակին, որ կարողանան համայնքային դպրոցներում հանդիպումներ անցկացնել ու իրենց համայնքներում դրական փոփոխությունների սկիզբ դառնալ, իսկ նրանցից մեկն էլ բարձրաձայնեց իր «երազանքը»՝ «Աշխարհացույց» հայկական հարթակը ներկայացնել տարբեր երկրների աշակերտներին։
Սովորողներից շատերին հետաքրքիր էր հարթակի ստեղծման գաղափարը։ Պարոն Ղազարյանը պատմեց, որ Աշխարհացույցի գաղափարը ծագել է 2020 թ․ աշնանը, երբ իր 6-րդ դասարանցի դստեր՝ Նարեի հետ պատմության դասեր անելիս երկար ժամանակ ու ջանք էր դնում գրքային սեղմ շարադրանքը բացատրելու, տեսական նյութը քարտեզներով ու պատկերներով հարստացնելու համար․ «Նյութը պատկերավոր և բազմակողմանի մատուցելու համար մանկավարժի դեր ստանձնած՝ փորձում էի համադրել նոր ու ավանդական տեխնոլոգիաները՝ համացանց, հանրագիտարան, դասագիրք և քարտեզներ, ու այդպես ծնվեց նորարարական հարթակ ստեղծելու գաղափարը, որը կմեկտեղեր դասագրքային բովանդակությունը, վիզուալիզացիայի տեխնոլոգիաներն ու այն գործիքակազմը, որը թույլ կտար ինտերակտիվ աշխատել նյութի հետ։ Բացի այդ, Արցախյան պատերազմից հետո ծանր մտորումների շրջան էր, որը տանում էր դեպի կրթություն՝ նեղ և լայն իմաստներով։ Ահա այսպես, այդպիսի ոչ սովորական միջավայրում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ծնվեց նորարական կրթական հարթակի գաղափարը, ստեղծվեց Վիզուալ Հայաստան հիմնադրամը, հետո կյանք առավ Աշխարհացույցը»։
Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոֆի Կիրակոսյանի այն հարցին, թե ինչ դժվարություններ են եղել «Աշխարհացույց» կրթական հարթակի ստեղծման ժամանակ, պարոն Ղազարյանը պատասխանեց․ «Դժվարություններ միշտ էլ կան, հատկապես, երբ նոր բան ես ստեղծում։ Բայց իմ թիմն ու ես դժվարություններից չենք վախենում, այլ գտնում ենք դրանք հաղթահարելու ճանապարհները»:
Հանդիպումն ամփոփվեց աշակերտական աշխատանքային խումբ ստեղծելու փոխադարձ համաձայնությամբ, որտեղ Հիմնադրամի վերապատրաստող ուսուցիչ Նաիրա Երկանյանի մենթորությամբ աշակերտների հետ երկխոսությունը կշարունակվի, գաղափարները հստակ ձև ու բովանդակություն կստանան ու կվերածվեն մի ծրագրի, որի միջոցով աշակերտներն իրենց ձայնը լսելի կդարձնեն Աշխարհացույցին ու իրենց ներդրումը կբերեն ծրագրի զարգացմանն ու տարածմանը։