Մեդիա

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք Սեդա Քոչարյանին` «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի գլխավոր մենթորին
Uncategorized

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք Սեդա Քոչարյանին` «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի գլխավոր մենթորին

«Հայաստանի կրթական համակարգը դարձնել տարածաշրջանում առաջատարը». «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ» ծրագրի մենթորների թիմի ղեկավար, կրթության միջազգային փորձագետ, պատմաբան-մանկավարժ, մեթոդիստ Սեդա Քոչարյանի երազանքի ճանապարհը սկսվել է դեռևս դպրոցական նստարանից։ 

Երբ ուսուցիչը ներկայացրել է առաջատար երկրների օրինակներ, դեռ աշակերտ Սեդային երկու հարց է հետաքրքրել՝ իսկ ինչո՞ւ Հայաստանն այդ շարքում չէ, և ինքն ի՞նչ կարող է անել դրա համար։

Որոնումները Սեդային հասցրել են ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ գիտնական դառնալու և գիտությամբ պետությանն օգնելու ցանկությամբ։ 2007 թվականին փորձառնության համար որպես ուսուցիչ դասասենյակ մտնելը վճռորոշ է եղել Սեդան ընտրել է մանկավարժությունը, ապա մասնագիտացել նաև կրթության կազմակերպման և կառավարման ոլորտում։

Հայաստան, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, բազմաթիվ միջազգային դպրոցներ ու կրթական հաստատություններ 17-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները Սեդան փոխանցում է հայաստանաբնակ մանկավարժներին։ 

Այդ ճանապարհին էլ կրթության միջազգային փորձագետը 2023-ին պաշտոնապես միացել է «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի թիմին, մինչ այդ էլ մեզ աջակցել է մասնագիտական փորձով և խորհրդատվությամբ։

««Աշխարհացույց»-ի հարթակը մեր երկրի կրթական միջավայրի փոփոխության ուղիներից մեկն է, որի արդյունքները գործնականում շոշափելի են։ Ես միանգամից տեսնում եմ՝ այն ինչպես է փոփոխություն բերում, և ինչքան մեծ են հեռանկարները։ Այս հարթակը կարևոր հանրագիտարան է, որի կարիքը մեր հասարակությունը շատ ուներ։ Այդպիսի հանրագիտարան կարող են ստեղծել միայն զարգացած երկրները»,-ասում է նա։

«Վիզուալ Հայաստան»-ի թիմակիցը վստահ է՝ «Աշխարհացույցն» առաջիկայում ծառայելու է ոչ միայն դպրոցական համակարգի շահառուներին, այլև, հարստացնելով տվյալների շտեմարանը, արդյունավետ գործիք է դառնալու բուհական համակարգի շահառուների համար։

««Աշխարհացույցը» հզորացնում է ուսուցիչներին, վերջիններս փոխում են աշակերտների՝ մտածելու, հաղորդակցվելու, համագործակցելու, խնդիրներ առաջ քաշելու և դրանք լուծելու ունակությունները։ Այդ աշակերտներն արդեն կփոխեն իրենց դպրոցը, ծնողներին, միջավայրն ու մեր հասարակությունը։ Այդ փոփոխված հասարակությունն էլ ավելի դինամիկ զարգացում կունենա»,-ասում է Սեդան։ 

Նա իր փորձով գիտի՝ երազանքի հետևից գնալը հեշտ չէ դրա վրա ազդել է նաև սերունդների վրա տարիների հոգեբանական ճնշումը, թե փոքր երկրում մեծ երազանքները չեն իրականանում։ Սեդան հակառակն է պնդում՝ չպետք է վախենալ փոփոխություններից։ Հենց այս հորդորով է նա անցկացնում ուսուցիչների վերապատրաստումները։

«Ուզում եմ՝ մեր ուսուցիչները ավելի համարձակ լինեն, չվախենան քայլեր ձեռնարկելուց։ Իհարկե, մինչև փոփոխության արդյունքը չենք տեսնում, չենք ընկալում՝ այն դրակա՞ն փոփոխություն էր, թե՞ բացասական։ Ես խորհուրդ եմ տալիս չվախենալ։ Միևնույն է՝ ոլորտի ճահճացած վիճակը ցույց է տալիս, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Ուրեմն՝ չսպասել, որ փոփոխություններն իրենց բացասական ազդեցությունը կունենան, այլ դառնալ դրանք նախաձեռնողն ու կառավարողը»։

Մեր գործընկերն ուրախությամբ է արձանագրում՝ Հայաստանի ուսուցիչների մեծամասնությունը գիտակցում է շարունակական կրթության կարևորությունն ու դրա նշանակությունը պետության զարգացման գործում։ «Նրանք նաև պատրաստակամ են իրենց փորձով ու կարողություններով այլ մասնագետների հետ կիսվելու։ Ես ուրախ եմ, որ Հայաստանի կրթական միջավայրը զարգացնելու երազանքին տեր կանգնելը նրանց համար ևս շատ կարևոր է դարձել»։

***

Հիշեցնում ենք, որ «Աշխարհացույցի մենթորության կրթաթոշակ 2024»-ն արդեն մեկնարկել է։ Շուտով հայտնի կդառնան նաև ընտրված կրթաթոշակառուները։