Մեդիա

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք Նվարդ Երկանյանին` «Աշխարհացույց» հարթակի և վիզուալ ինքնության դիզայներին
Uncategorized

Ո՞վ ենք մենք․ բացահայտում ենք Նվարդ Երկանյանին` «Աշխարհացույց» հարթակի և վիզուալ ինքնության դիզայներին

«Աշխարհացույց» հարթակի և վիզուալ ինքնության դիզայնը ստեղծելիս Նվարդ Երկանյանը նպատակ է ունեցել ստանալու այնպիսի պատկերային միջավայր, որտեղ ուսուցման ընթացքը կլինի արդյունավետ և ոգեշնչող։ Այս նպատակին տանող հետազոտական ու ստեղծագործական աշխատանքի արդյունքում այսօր ունենք վառ ու տպավորիչ բրենդ, որի յուրաքանչյուր դետալը պատրաստման երկարատև ու բարդ փուլ է անցել։

Հեղինակն էլ իր կատարած աշխատանքի նման երկար ճանապարհ է անցել՝ մինչև դիզայնի ոլորտն ընտրելը։ Մինչ այդ Նվարդը սովորել է ճարտարապետություն, արվեստի քննադատություն, համադրություն եւ դոկումենտալ լուսանկարչություն:

Դիզայնի հանդեպ սերն էլ Նվարդին տարիներ առաջ հասցրել է Իտալիա՝ կրթությունն ու աշխատանքը շարունակելու, սակայն Հայաստանի հետ կապը միշտ առաջնահերթ է եղել։

 Նաև այդ կապն ամրացնելու ձգտմամբ է Նվարդը միացել «Վիզուալ Հայաստան»-ի պրոֆեսիոնալ թիմին՝ դառնալով «Աշխարհացույց» հարթակի դիզայնի և վիզուալ ինքնության հեղինակը։ Թվում է՝ նախագիծը ստեղծման օրվանից ճանաչելը հեշտացնում է դրա բրենդի ստեղծման աշխատանքը, սակայն մասնագետն ասում է՝ «տարածք» է պետք։ 

«Ես «Աշխարհացույց»-ի «ներսում» էի, իսկ այդ դեպքում շատ ավելի դժվար է հեռավորություն վերցնելը և պատկերացնելը՝ ինչ է պետք ստանալ։ Ցանկանում էի ստեղծել մի վիզուալ միջավայր ու ինքնություն, որը կմարմնավորեր նորարարական կրթության էությունը և «Աշխարահացույց»-ի առաքելությունը, որն ի սկզբանե ինձ շատ է ոգեշնչել»։

Բրենդի ամբողջ մշակումը եղել է այն գաղափարի շուրջ, որ «Աշխարհացույցը» ոչ միայն նորարարական կրթական հարթակ է, այլև այնպիսի միջավայր, որտեղ հավասար հնարավորություններ կան բոլոր երեխաների համար՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչպիսի ընտանիքներից են և որտեղ են ապրում։

«Ցավում եմ, որ դպրոցները որոշ դեպքերում անհավասար միջավայրեր են, որտեղ ոչ բոլոր երեխաներն են իրենց լավ զգում։ «Աշխարհացույց»-ում բոլորն իրենց միասնական համայնքի մի մասն են զգում: Այն հույս և վստահություն ներշնչող տարածություն է: Աշակերտները, չնայած լինելով չափազանց երիտասարդ, այս միջավայրում գիտակցում են, որ այն իրենց օգնում է կերտել ապագա, հասունանալ և ձևավորվել որպես հասարակության կիրթ և առաջադեմ անդամ»,-ասում է Նվարդը։ 

Բրենդն ունի 3 հիմնական գույն՝ կանաչ, վարդագույն և նարնջագույն: Հեղինակը հոգեբանական տեսանկյունից է դիտարկել գույները․ «Կանաչն ուշադրություն է գրավում իր խորությամբ, վստահություն է ներշնչում և ազդարարում կենտրոնացման կարիք: Վարդագույնն ավելացնում է փափկություն ու բարություն՝ ջերմության զգացում փոխանցելով: Նարնջագույնը էներգիա է ներարկում և ոգեշնչում է կրթության հանդեպ կիրք: Գույների համադրությունը ոգեշնչող է, թարմ և երիտասարդական էներգիա ունի, միևնույն ժամանակ, կրթական միջավայրին հատուկ հանգստություն է փոխանցում»,-մեկնաբանում է Նվարդը:

Պարբերանշանը միավորում է այբուբենի առաջին «Ա» տառը և «Աշխարհը»՝ Երկիր մոլորակը, ինչպես նաև ցույց է տալիս «Աշխարհացույց» անվանման հապավումը:

Նվարդն ակնկալում է, որ առաջիկայում էլ ավելի կընդլայնվի «Վիզուալ Հայաստան»-ի գործունեության շրջանակը, կմեծանան նպատակները։ «Հույս ունեմ՝ «Աշխարհացույց»-ից բացի շատ այլ նախագծեր կլինեն, որոնք կծառայեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում կրթական միջավայրի զարգացմանն ու բոլորի համար կրթության հասանելիության ապահովմանը»։