Մարզային սեմինարների հաջորդ կանգառը Գեղարքունիք
Uncategorized

Մարզային սեմինարների հաջորդ կանգառը Գեղարքունիք

«Պետք է մինչև նոր ուսումնական տարին կետ առ կետ անցնենք այսօրվա մեր լսածով ու տեսածով, շատ ուսուցողական սեմինար էր»

Հունիսի 24-ի՝ վաղ առավոտից, Գավառի ավագ դպրոցում մեկնարկեց Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման մարզային հերթական սեմինարը։ Նախապես օնլայն եղանակով գրանցված պատմության ավելի քան հիսուն ուսուցիչ ներկա էր Աշխարհացույցի կամավոր վերապատրաստմանը։

«Եկել ենք, քանի որ գործընկերներից տեղեկացված ենք ծրագրից, ծանոթ՝ Աշխարհացույց կրթական հարթակին»,- գրանցաթղթում իրենց անունը փնտրելով՝ ասում էին մասնակից ուսուցիչները։

Սեմինարի ծրագիրը հագեցած էր։ «Ինտենսիվ դասընթաց ենք մշակել, ներկայացանում ենք ինչպես գործածել Աշխարհացույց հարթակը դասի պլանավորման, գործնական ու խմբային աշխատանք կազմակերպելու մեջ», — նշեց Աշխարհացույց կրթական ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանը։

Սեմինարը մեկնարկեց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամի գործադիր տնօրեն, Աշխարհացույց կրթական ծրագրի հեղինակ Հովհաննես Ղազարյանի հարցադրումով․ «Եկեք հասկանանք ի՞նչ է մեզ պակասում պատմության դասերին, ի՞նչ հիմնական խնդիրների հետ եք դուք բախվում»։

Մասնակիցների ակտիվ մասնակցությամբ վեր հանվեցին արդյունավետ ու առավել աշակերտակենտրոն դաս ունենալու հիմնական խոչընդոտները։ Պարոն Ղազարյանի հարցերն կոնկրետ նպատակ էին հետապնդում․ սեմինարի վերջում պետք է բոլորով ամփոփեին ու սահմանեին՝ արդյո՞ք Աշխարհացույց կրթական հարթակը կարող է ուսուցչին օգնել հասնել իր գլխավոր նպատակին՝ դասի ավարտին ունենալ հետաքրքրված ու ներգրավված սովորող։

Ներկաներին ողջունեց ու ծրագրի կարևորության մասին խոսեց Գավառի ավագ դպրոցի տնօրեն Նինա Ղուլոյանը․ «Մեր դպրոցն ակտիվ ներգրավված է, մենք միշտ պատրաստ ենք փորձարկել նորարարական մոտեցումներ առավել հետաքրքիր, 21-րդ դարին համահունչ դասապրոցես ունենալու համար։ Ես հավատում եմ մեր երեխաների կարողություններին, նրանք շատ աշխատասեր ու ընդունակ են, պարտավոր ենք շատ ջանք թափել, աշխատել մեր կարողությունների զարգացման վրա, որ կարողանանք տալ նրանց լավագույնը»։

Սեմինարին ներկա էր նաև Աշխարհացույց ծրագրի հավաստագիր ստացած, Հայրավանքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Հասմիկ Բարսեղյանը, որը ներկաների հետ կիսվեց իր անձնական փորձառությամբ․ տիկին Բարսեղյանն այն ուսուցիչներից է, որը սեփական նախաձեռնությամբ, դժվարություններ հաղթահարելով՝  տնից դպրոց ու դպրոցից դպրոց տեխնիկա տանելով՝ իր աշակերտներին հասանելի էր դարձրել Աշխարհացույցը, կազմակերպել Հայրավանքի ուսումնասիրության աշխատանք և արդյունքում իր դպրոցի ու սաների համար վաստակել նոր տեխնիկա՝ ինտերակտիվ դիսփլեյ։

Աշխարհացույց կրթական ծրագրի վերապատրաստող ուսուցիչներ Նաիրա Երկանյանը, Հայկանուշ Ղևոնդյանը և Մարիամ Խաչատրյանը քայլ առ քայլ ներկայացրեցին ու ուսուցիչների հետ փորձարկեցին Աշխարհացույցով ինչպես դասի պլանավորումը, խմբային ու գործնական աշխատանքների կազմակերպումը, այնպես էլ պատմական մտածողության ձևավորումը։

«Պետք է մինչև նոր ուսումնական տարին կետ առ կետ անցնենք այսօրվա մեր լսածով ու տեսածով, շատ ուսուցողական սեմինար էր», — հանդիպման ավարտին նշեց ուսուցիչներից Ամալյա Զոլյանը։

Հիշեցնենք, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմադրամը ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համատեղ ս.թ․ ապրիլից մեկնարկել է Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման մարզային սեմինարիների շարք։ Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլին Տավուշի Թեղուտի միջնակարգ դպրոցում։

Ակնկալվում է, որ Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և գործածման սեմինարի ավարտին ուսուցիչը․


-կունենա բավարար հմտություններ գործածելու «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը,
-ձեռք կբերի հմտություններ կրթական չափորոշիչներին համահունչ արդյունավետ դասապրոցես ապահովելու համար,
-կդառնա շատ ավելի մրցունակ դասապրոցեսում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցում։

Ի դեպ, սեմինարի մասնակիցները կստանան Աշխարհացույց կրթական նորարարական հարթակի ճանաչման և ծրագրի մասնակցության, ինչպես նաև կիրառման հավաստագրեր հետևյալ նախապայմաններն ապահովելու պարագայում․

  • Մասնակցել սեմինարին՝ ըստ նախապես կազմված օրակարգի
  • Հաջորդ մեկ ամսվա ընթացքում կիրառել հարթակը դասերին, ուղարկել լուսանկարներ և տեսանյութ info@visualarmenia.org էլ․ հասցեին կամ գրել FB աշխարհացույց փակ խմբին https://www.facebook.com/groups/ashkharatsuyts 
  • Շաբաթական առցանց հանդիպումներին ներկայացնել Աշխարհացույց հարթակի հնարավորությունների կիրառմամբ դասապլան։v