«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ու Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը Համագործակցութան հուշագիր ստորագրեցին
Uncategorized

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ու Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանը Համագործակցութան հուշագիր ստորագրեցին

Օգոստոսի 8-ին Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմենուհի Ավետիսյանը Համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Հիմնադրամ-թանգարան ձևաչափով  այս անդրանիկ համագործակցության նպատակը հայ մեծ բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի կյանքի, գործունեության ու թողած ժառանգության վիզուալիզացիան է «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակներում․ կստեղծվի իր տեսակի մեջ բացառիկ ինտերակտիվ, գունեղ ու տպավորիչ կրթաճանաչողական միջավայր, որտեղ կխաչվեն թանգարանային բովանդակությունը, նյութի մատուցման ժամանակակից մոտեցումներն ու առաջադեմ տեխնոլոգիան։ 

Համագործակցության արդյունքում հայ սովորողը հնարավորություն կունենա իրեն հասկանալի, 21-րդ դարի տեխնոլոգիական լեզվով ուսումնասիրելու Ավ․ Իսահակյանի կյանքը, ինչը նրան կուղղորդի դեպի թանգարան՝ տեղում ավելին իմանալու ու տեսնելու ձգտմամբ։ 

«Պատկերացրեք, թե որքան հետաքրքիր է ուսումնասիրել Ավ․ Իսահակյանի կյանքը, երբ Աշխարհացույցի միջոցով հնարավորություն ունես ճամփորդելու Իսահակյանի ուղիներով, կանգնելու Փարիզի այն շենքի դիմաց, որտեղ ապրել ու ստեղծագործել է մեծ բանաստեղծը, եռաչափ ձևաչափով ուսումնասիրելու նրա ընտանեկան իրերը, հագուստը․․․։ Շնորհակալ ենք համագործակցելու մեր առաջարկին արագ արձագանքելու, անշահախնդիր ու խիստ կարևոր գործ կատարելու համար», — իր խոսքում ասաց թանգարանի տնօրենի ժ/պ Ա․ Ավետիսյանը։ 

Բարձր գնահատելով թանգարանների ներկայիս դերը՝ որպես կրթությանը հավելյալ արժեք հաղորդող կենտրոններ՝ հիմնադրամի տնօրեն Հ․ Ղազարյանը նկատեց․ «Պետք է գիտակցենք, որ ժամանակակից աշխարհը նոր պահանջ է ձևավորել կրթական և մշակութային բովանդակության մատուցման առումով։ Մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի հայ երեխան հնարավորություն ունենա իրեն հասկանալի, հասանելի ու ժամանակակից լեզվով ստանալու 21-րդ դարին համահունչ մրցունակ կրթություն»։ 

Կողմերն ընդգծեցին, որ այս համագործակցությամբ ձգտում են միանալ այն առաջադեմ համայնքին, որը Հայաստանի երկարաժամկետ զարգացման հիմքում տեսնում է կրթությունը և նոր լուծումներ է բերում հայկական կրթամշակութային իրականություն:

Հանդիպումն ավարտվեց Ավ․ Իսահակյանի կնոջը՝ Սոֆիա Իսահակյանին նվիրված  փաստավավերագրական ֆիլմի դիտումով։