ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի բարեկամ Քրիստին Սիմոնը դպրոցներում ծանոթացավ «Աշխարհացույց» կրթական հարթակին
Uncategorized

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի բարեկամ Քրիստին Սիմոնը դպրոցներում ծանոթացավ «Աշխարհացույց» կրթական հարթակին

ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարանն ու Հիմնադրամի աջակից ու բարեկամ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի շրջանակներում այցելեցին Երևանի թիվ 181 և Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցներ։

Դասապրոցեսի ժամանակ հնարավորություն եղավ տեսնելու փորձարարական փուլում գտնվող «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի կիրառությունը և ուսուցչին ու աշակերտին տրված հնարավորությունները։

Այցերի ժամանակ Քրիստին Սիմոնը ծանոթացավ աշակերտների հետ, կիսվեց պապի՝ ՀՀ Ազգային հերոս Ալեք Մանուկյանի հաջողության պատմությամբ։ Ներկայացրեց մեծանուն բարերարի կյանքի մանրամասները՝ աշակերտների ուշադրությունը հրավիրելով բոլոր ժամանակներում լավ կրթություն ստանալու կարևորության վրա։

\«Պապիկս ծնվել էր Զմյուռնիայում՝ Օսմանյան կայսրությունում, այժմ՝ Թուրքիայում գտնվող Իզմիր քաղաքը, և թեև համեստ ընտանիքից էր, ստացել էր շատ լավ կրթություն, որը հիմք հանդիսացավ նրա հետագա բոլոր հաջողությունների համար․․․
Կրթությունը բացում է մեր մտահորիզոնը, տալիս է մեզ հնար աշխատելու և արձագանքելու կյանքի այս կամ այն իրավիճակին, և հենց կրթությունը կարող է լինել մեր բոլոր հնարավորությունների հիմքը»,-
նշեց Քրիստին Սիմոնը աշակերտներին ուղղված իր խոսքում։

Այս պահին հարթակը կիրառվում է ՀՀ-ի ավելի քան հիսուն դպրոցներում։

«Աշխարհացույց» կրթական հարթակն իրենից առաջին հերթին ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որն առաջարկում է Հայոց պատմություն առարկայի դասավանդման ինտերակտիվություն և բովանդակության վիզուալիզացիա՝ համալրված համապատասխան գործիքակազմով, պատմության հետաքրքիր դրվագներով, ֆիլտրերով, որոնողական համակարգով և այլն:Այն պատմական ցանկացած իրադարձություն կամ անուն կապում է տարածության ու ժամանակի հետ՝ հնարավորություն տալով դասավանդողին իր խոսքն առավել պատկերավոր ու մատչելի մատուցել աշակերտներին։ 

Հարթակի նպատակն է ուսուցիչների ու աշակերտների համար ստեղծել միջառարկայական կրթական գործիք՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիական լուծումներ և ուսուցման մեթոդներ: