«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մասնակցեց Համահայկական գիտակրթական 4-րդ աշխատաժողովին
Uncategorized

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը մասնակցեց Համահայկական գիտակրթական 4-րդ աշխատաժողովին

Ս․թ․ հուլիսի 1-4-ը տեղի ունեցավ EduArmenia նախաձեռնության 4-րդ ամենամյա համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որին արդեն երկրորդ անգամ միացավ նաև «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը։ 

Աշխատաժողովն ընթանում էր «Կիրառի՛ր գիտելիքդ և փորձառությունդ հանուն հայրենիքի զարգացման» խորագրի ներքո։ Աշխատաժողովի ընթացքում կրթական ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին նվիրված բանախոսություններով և դասախոսություններով:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը,  ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արտաշես Թորոսյանը, «EduArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, դասախոսներ, ուսուցիչներ, ոլորտի մասնագետներ և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանն իր ելույթում ողջունեց էդուականներին՝ ի դեմս նախաձեռնության համահիմնադիրներ Լիլիթ Մկրտչյանի և Սեդա Քոչարյանի` կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և գործընկերներ գտնելու ու երկարաժամկետ համագործակցություններ սկսելու միջավայր ստեղծելու հնարավորությունը։

Հովհաննես Ղազարյանը և Աշխարհացույց կրթական ծրագրի վերապատրաստող ուսուցիչ Մարիամ Խաչատրյանը աշխատաժողովի Կրթության նորարարություն և կրթության տեխնոլոգիաներ բաժիններում հանդես եկան որպես բանախոսներ՝ ««Աշխարհացույց». կրթական նորարարությունը կիրառման մեջ» թեմայով։ Նրանք ներկայացրեցին Աշխարհացույց կրթական հարթակի ինչպես տեխնոլոգիական, այնպես բովանդակային զարգացումները, հարթակի միջոցով դաս պլանավորելու ու իրականացնելու հնարավորությունները։

Զեկույցին հետևեց ակտիվ քննարկում և հարցուպատասխան ունկնդիր ուսուցիչների և բանախոսների միջև։