«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը DigiTec 2025-ում
Uncategorized

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը DigiTec 2025-ում

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը ս․թ․ հոկտեմբերի 10-12-ը կմասնակցի DigiTec 2025 հոբելյանական 20-րդ ցուցահանդեսին։ Այն իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որին վերջերս անդամակցել է նաև հիմնադրամը։

DigiTec 2025-ում «Վիզուալ Հայաստանը» առաջին անգամ կներկայացնի իր բոլոր հեղինակային ծրագրերը, ինչպես նաև «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակը՝ որպես կրթության ժամանակակից տեխնոլոգիական լուծում։ «Առաջին անգամ հենց «DigiTec»-ում ենք իր ամբողջության մեջ ներկայացնելու Հիմնադրամի գործունեությունը՝ «Աշխարհացույց» նորարարական կրթական ծրագրի բոլոր բաղադրիչներից սկսած մինչև «Brainograph» կրթական տեխնոլոգիա։ Արել ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր տաղավար այցելողները պատշաճ պատկերացում կազմեն հիմնադրամի գործունեության համակարգային բնույթի, մասշտաբների, ազդեցության և հեռանկարների մասին։ «DigiTec»-ը դիտարկում ենք նաև որպես կարևոր հարթակ համագործակցութան նոր հնարավորություններ գտնելու և մեր գործունեության ազդեցությունը գործընկերությունների միջոցով էլ ավելի խորացնելու համար։ Ցուցահանդեսի միջազգային բնույթը հաշվի առնելով՝ մեր մասնակցությունը դիտարկում ենք նաև լավ հնարավորություն Հայաստանը որպես կրթական նորարարական լուծումներ ստեղծող երկիր ներկայացնելու համար», — նշում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը։

Տաղավարում կարող եք ծանոթանալ․

  • «Աշխարհացույց» կրթական ծրագրի նորություններին,
  • «Աշխարհացույց» հարթակի նորություններին՝ մասնավորապես «Brainograph EdTech»-ի արհեստական բանականության հնարավորություններին,
  • Հիմնադրամի 2021-24 թթ․ գործունեությանը նվիրված հաշվետվությանը:

Հավատացած ենք, որ «Վիզուալ Հայաստանի» տաղավարը կապահովի կրթության և տեխնոլոգիաների շուրջ ուղիղ շփման միջավայր՝ հնարավորություն տալով ուրվագծելու կրթության նոր ուղեծրեր։ Հրավիրում ենք կրթության ոլորտի առաջնորդներին, ուսուցիչներին, սովորողներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են կրթության ռազմավարական նշանակությանը։

Միջոցառման մանրամասներ․
📅 Օրերը՝ հոկտեմբերի 10-12
🕘 Ժամերը՝ 09:00-19:00
📍 Վայրը՝ Մերիդիան էքսպո կենտրոն, Ոսկերիչների 1, ք․ Երևան